Skip to main content

Իբուպրոֆեն - Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր

Ընդհանուր նկարագրություն

Իբուպրոֆենը լայն կիրառություն ստացած ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց է (ՈՍՀԲԴ)։

Իբուպրոֆենն ազդում է ցավի քիմիական փոխանցման մեխանիզմներից մեկի վրա։ Այն նվազեցնում է պրոստոգլանդինների արտադրությունը, որոնք կենսաբանական ակտիվ նյութեր են և անմիջականորեն մասնակցում են ցավի, բորբոքման և մարմնի ջերմաստիճանի բարձրացման գործընթացներին: Նվազեցնելով օրգանիզմում պրոստոգլանդինների քանակը, Իբուպրոֆենը մեղմացնում է ցավը, բորբոքումը և նվազեցնում ջերմությունը։

Իբուպրոֆենը լայնորեն օգտագործվող և վաճառվող դեղ է։ Այն դեղատոմս չի պահանջում, որը, սակայն, չի նշանակում, որ լրիվ անվտանգ է։

Ամերիկյան FDA կազմակերպությունը Իբուպրոֆենը հաստատել է 1974թ.:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Advil, Motrin, Medipren, Nuprin, Caldolor

Օրինակներ

Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերից են նաև՝

  • Ասպիրին
  • Ինդոմեթացին
  • Նաբումետոն
  • Նապրոքսեն նատրիում
  • այլ տասնյակ դեղեր:

Ցուցումներ

Իբուպրոֆենն օգտագործվում է թույլից մինչև չափավոր ցավերի բուժման համար, օրինակ՝

  • գերձգումներ (ռուսերեն՝ растяжение)
  • հոդախախտեր
  • կտրվածքներ
  • քերծվածքներ
  • ծակած վերքեր
  • մկանացավեր
  • ատամի ցավ կամ ցավ, որն առաջանում է ատամնաբուժական միջամտություններից հետո
  • մրսածություն և կոկորդի ցավեր
  • թույլ գլխացավեր, այդ թվում՝ միգրեն կամ լարվածության գլխացավ
  • մեջքի կամ գոտկատեղի շրջանի ցավեր
  • որոշ հոդաբորբային վիճակներ
  • հոդացավեր:

Իբուպրոֆենը նաև օգտագործվում է բազմաթիվ տարբեր հիվանդություններով պատճառված բորբոքումը և ջերմությունը բուժելու համար: Այն կարող է օգտագործվել դաշտանային կծկանքների (դիսմենոռեա), օստեոարթրիտի, ռևմատոիդ արթրիտի և մանկական տարիքի արթրիտի ժամանակ:

Ներերակային Իբուպրոֆեն նշանակվում է բաց զարկերակային ծորանը բուժելիս:

Պետք է հաշվի առնել, որ Իբուպրոֆենը կարող է միայն ժամանակավորապես մեղմացնել ձեր գանգատները, այլ ոչ թե բուժել հիվանդությունը։

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Իբուպրոֆենի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

  • մաշկային ցան
  • ականջներում աղմուկ (տինիտուս)
  • գլխացավեր
  • գլխապտույտ
  • քնկոտություն
  • որովայնի շրջանի ցավեր
  • սրտխառնոց
  • փորլուծություն
  • փորկապություն
  • այրոցք (изжога):

ՈՍՀԲԴ-ները թուլացնում են արյան մակարդվելու ունակությունը, ուստի կարող են ուժեղացնել վնասվածքից հետո առաջացող արյունահոսությունը:

Իբուպրոֆենը կարող է առաջացնել ստամոքսի կամ աղիների խոցոտում, որոնք կարող են արյունահոսել: Երբեմն խոցերը կարող են առաջանալ առանց որովայնի ցավերի, և արյունահոսության դեպքում խոցը դրսևորվի միայն սև ձութանման կղանքով, ընդհանուր թուլությամբ կամ ոտքի կանգնելիս ի հայտ եկող գլխապտույտով (օրթոստատիկ հիպոտենզիա):

ՈՍՀԲԴ-ները նվազեցնում են երիկամների արյունամատակարարումը, որը կարող է թուլացնել երիկամների գործունեությունը: Նման խանգարումն ավելի հավանական է, որ առաջանա երիկամային հիվանդություններով կամ կանգային սրտային անբավարարությամբ անձանց մոտ, ուստի նման դեպքերում հակաբորբոքային դեղերը պետք է նշանակել մեծ զգուշությամբ։

Այն անձինք, ովքեր ունեն այլ ՈՍՀԲԴ-ի, այդ թվում՝ Ասպիրինի նկատմամբ ալերգիա, պետք է զերծ մնան Իբուպրոֆեն օգտագործելուց:

Ասթմայով անձանց մոտ ավելի հավանական է, որ ալերգիկ ռեակցիա դրսևորվի Իբուպրոֆենի կամ մեկ այլ ՈՍՀԲԴ-ի նկատմամբ:

ՈՍՀԲԴ-ների այլ լուրջ կողմնակի ազդեցություններից են՝

  • սուր ալերգիկ ռեակցիա (անաֆիլաքսիա)
  • հեղուկների պահպանում (այտուցներ)
  • արյան մակարդուկներ (թրոմբ)
  • սրտամկանի ինֆարկտ
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • սրտային անբավարարություն:

ՈՍՀԲԴ-ները, բացառությամբ ցածր դեղաչափով Ասպիրինի, կարող են բարձրացնել սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի և հարակից վիճակների ռիսկը սրտային հիվանդության կամ դրա նկատմամբ ռիսկի առկայության կամ բացակայության պայմաններում: Սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի ռիսկի բարձրացումը կարող է տեղ գտնել ՈՍՀԲԴ-ներ ընդունելու առաջին շաբաթվա ընթացքում: Ուստի ՈՍՀԲ-ները չի կարելի օգտագործել որպես պսակային ստենտավորումից հետո առաջացող ցավերը մեղմացնող միջոց:

Փոխազդեցություններ

Իբուպրոֆենն ասոցիացվում է մի շարք կասկածելի կամ հնարավոր փոխազդեցությունների հետ, որոնք կարող են ազդել այլ դեղերի վրա:

  • Իբուպրոֆենը կարող է բարձրացնել արյան մեջ Լիթիումի մակարդակը՝ կրճատելով երիկամներով այս միներալի դուրսբերումը, որի պատճառով կարող է բարձրանալ Լիթիումի թունավոր ազդեցությունը:
  • Իբուպրոֆենը կարող է թուլացնել բարձր արյան ճնշման բուժման դեղերի հակահիպերտենզիվ (ճնշումը նվազեցնող) ազեդեցությունը: Նման փոխազդեցության մեջ կարող է դեր խաղալ արյան ճնշման կարգավորման մեջ մասնակցող պրոստոգլանդինների քչացումը:
  • Երբ Իբուպրոֆենը զուգակցվում է Մեթոտրեքսատի կամ ամինոգլիկոզիդների հետ, ինչպիսին է Գենտամիցինը, կարող է արյան մեջ բարձրանալ վերջին երկուսի մակարդակները, հավանաբար, օրգանիզմից դրանց հեռացումը դանդաղեցնելու հաշվին: Նման փոխազդեցությամբ կարող են ավելանալ Մեթոտրեքսատի կամ ամինոգլիկոզների հետ կապված կողմնակի ազդեցությունները:
  • Իբուպրոֆենն ուժեղացնում է Ցիկլոսպորինի բացասական ազդեցությունը երիկամների գործունեության վրա:
  • Հակամակարդիչներ, օրինակ՝ Վարֆարին ստացող անձինք պետք է զերծ մնան Իբուպրոֆեն ընդունելուց, քանի որ վերջինս նույնպես «ջրիկացնում է» արյունը, և լրացուցիչ հակամակարդիչ ազդեցությունը կարող է բերել արյունահոսությունների:
  • Իբուպրոֆենն Ասպիրինի հետ զուգակցելիս բարձրանում է ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցի առաջացման ռիսկը:
  • Նույն կերպ, ստամոքսի խոցի հավանականությունը բարձրանում է, երբ Իբուպրոֆեն կամ այլ ՈՍՀԲԴ ընդունող մարդիկ օգտագործում են ավելի շատ, քան օրական երեք չափաբաժին ալկոհոլային խմիչքներ:
  • Սերոտոնինի ընտրողական հետզավթման արգելակիչները (օրինակ՝ Ֆլուոքսետին, Ցիտալոպրամ, Պարոքսետին) ՈՍՀԲԴ-ի հետ զուգակցելիս կարող է բարձրանալ բարձր ստամոքս-աղիքային արյունահոսության հավանականությունը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղի կանանց մոտ Իբուպրոֆենի անվտանգության վերաբերյալ համարժեք տվյալներ չկան: Ուստի, այս դեղը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում: Հղիները պետք է հնարավորության դեպքում ձեզծ մնան որևէ դեղ ընդունելուց, սակայն, բժշկի խորհրդով, ցուցումների և խիստ անհրաժեշտության Իբուպրոֆենին այլընտրանք կարող է դառնալ Պարացետամոլը։
  • Ուշ հղիության շրջանում ևս պետք է Իբուպրոֆենից հրաժարվել պղտի բնածին արատի՝ զարկերակային ծորանի (ductus arteriosus, նախկինում՝ Բոտալյան ծորան) ռիսկի պատճառով:
  • Իբուպրոֆենի փոքր քանակություն արտազատվում է կրծքի կաթ, սակայն Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան հաստատում է, որ Իբուպրոֆենը համատեղելի է կրծքով կերակրման հետ:

Դեղաչափեր

  • Թույլից մինչև չափավոր ցավերի, դաշտանային կծկանքների և բարձր ջերմության դեպքում չափահասների համար Իբուպրոֆենի դեղաչափն է 200-ից մինչև 400 մգ, յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ:
  • Հոդաբորբերը (արթրիտ) բուժվում են` 300-ից մինչև 800 մգ, օրական 3-4 անգամ:
  • Բժշկի հսկողության պայմաններում Իբուպրոֆենի առավելագույն դեղաչափն օրական 3,2 գրամ է: Այլ դեպքերում, որպես առանց դեղատոմսի գնված դեղ, առավելագույն դեղաչափը կրճատվում է մինչև օրական 1,2 գրամ՝ կախված անձի տարիքից, մարմնի կշռից և առկա հիվանդություններից:
  • Չի կարելի Իբուպրոֆեն օգտագործել ավելի քան 10 օր՝ ցավերը կամ ավելի քան 3 օր՝ բարձր ջերմությունը բուժելու համար, քանի դեռ բժիշկն այլ բան չի հրահանգել:
  • 6 ամսականից մինչև 12 տարեկան երեխաներին որպես ջերմիջեցնող կամ ցավազրկող Իբուպրոֆենը սովորաբար նշանակվում է 5-ից մինչև 10 մգ/կգ դեղաչափով, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ: Առավելագույն դեղաչափն է՝ օրական 40 մգ/կգ:
  • Պատանեկան արթրիտի բուժման համար Իբուպրոֆենը նշանակվում է օրական 20-ից մինչև 40 մգ/կգ դեղաչափով, որը պետք է բաժանել 3-4 անգամյա ընդունման համար:
  • Ստամոքսի խանգարումը կանխարգելելու համար Իբուպրոֆենը պետք է ընդունվի սննդի հետ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 100, 200, 400, 600 և 800 մգ:
  • Ծամվող հաբեր՝ 50 և 100 մգ:
  • Կախույթ (սուսպենզիա)՝ 100 մգ/5 մլ և 40 մգ/մլ:
  • Ներերակային լուծույթ՝ 10 մգ/մլ և 100 մգ/մլ:

Պահպանում

  • Իբուպրոֆենը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (15-30° C):

Նկատի ունեցեք, որ դեղատներում դուք կարող եք հանդիպել այս դեղի տարբեր՝

  • բրենդներ
  • դեղաձևեր, օրինակ՝ հաբեր, պատիճներ (կապսուլա) և հեղուկ ձևեր
  • դեղաչափեր
  • տուփեր կամ տուփի չափսեր։

Այլ համակցված դեղերը կամ պատրաստուկները նույնպես կարող են պարունակել Իբուպրոֆեն։

Ամփոփում

Իբուպրոֆենը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց է, որն օգտագործվում է թեթևից մինչև չափավոր ցավը, բորբոքումը և բարձր ջերմությունը մեղմացնելու համար: Իբուպրոֆենն ազդում է՝ արգելակելով պրոստոգլանդին ստեղծող ֆերմենտը, որն առաջացնում է օրգանիզմում պրոստոգլանդինների մակարդակի նվազեցում: Պրոստոգլանդինների ցածր մակարդակները նվազեցնում են ցավը, բորբոքումը և ջերմությունը: Այս դեղամիջոցը նշանակվում է այն հիվանդությունների և առողջական խնդիրների բուժման մեջ, որոնք ուղեկցվում է թեթևից մինչև չափավոր ցավով, ջերմության բարձրացմամբ և բորբոքումով:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 16-11-2023