Դեղեր և հավելումներ
Ինդոմեթացին

Ընդհանուր նկարագրություն
Ինդոմեթացինը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղ է, որն օգտագործվում է տարբեր հիվանդությունների ժամանակ առաջացող ցավը, ջերմության բարձրացումն ու բորբոքումը բուժելու համար:
Ինդոմեթացինը պատկանում է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի (ՈՍՀԲԴ) դասին՝ դեղեր, որոնք մեղմացնում են բարձր ջերմությունը, ցավը և բորբոքումը: Որպես ՈՍՀԲԴ Ինդոմեթացինն ազդում է՝ կրճատելով օրգանիզմում պրոստոգլանդինների արտադրությունը: Պրոստոգլանդինները կենսաբանական ակտիվ նյութեր են և անմիջականորեն մասնակցում են ցավի, բորբոքման և մարմնի ջերմաստիճանի բարձրացման գործընթացներին: Նվազեցնելով օրգանիզմում պրոստոգլանդինների քանակը, Ինդոմեթացինը մեղմացնում է ցավը, բորբոքումը և կարգավորում մարմնի բարձրացած ջերմաստիճանը։
Ամերիկյան FDA կազմակերպությունը Ինդոմեթացինը հաստատել է դեռևս 1965թ. հունվարին:
Բրենդային անվանումներ՝ Indocin, Indocin-SR
Օրինակներ
Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերից են նաև՝
- Ասպիրին
- Նապրոքսեն
- Իբուպրոֆեն
- Նաբումետոն
- և այլ տասնյակ դեղեր:
Ցուցումներ
- ռևմատոիդ արթրիտ
- պոդագրային արթրիտ
- այլ հոդաբորբային վիճակներ և հոդացավեր
- բուրսիտ (ձուսպապարկի բորբոքում)
- տենդոնիտ (ջլաբորբ)
- մինչև չափավոր ցավերով ուղեկցվող այլ հոդամկանային վիճակներ
Կողմնակի ազդեցություններ
Ինդոմեթացինի տարածված կողմնակի ազդեցություններից են՝
- սրտխառնոց
- փսխում
- փորլուծություն
- ստամոքսի անհարմարության զգացում (դիսկոմֆորտ)
- այրոցք (изжога)
- մաշկային ցան
- գլխացավ
- գլխապտույտ
- քնկոտություն:
Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝
- հեղուկների պահպանում (այտուցներ)
- արյան մակարդուկներ (թրոմբ)
- սրտամկանի ինֆարկտ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- սրտային անբավարարություն:
Որոշ անձինք ալերգիկ են ՈՍՀԲԴ նկատմամբ և նրանց մոտ կարող է առաջանալ սուր շնչարգելություն, երբ ընդունեն որևէ հակաբորբոքային դեղամիջոց: Որևէ ՈՍՀԲԴ նկատմամբ սուր ալերգիկ ռեակցիա դրսևորած անձինք հավանական է, որ կարող են ունենալ նմանատիպ ռեակցիա մեկ այլ ՈՍՀԲԴ ընդունելիս:
Ինդոմեթացինը կարող է առաջացնել ստամոքսի կամ աղիների խոցոտում, որոնք կարող են արյունահոսել: Երբեմն խոցերը կարող են առաջանալ առանց որովայնի ցավերի, և արյունահոսության դեպքում խոցը դրսևորվի միայն սև ձութանման կղանքով, ընդհանուր թուլությամբ կամ ոտքի կանգնելիս ի հայտ եկող գլխապտույտով (օրթոստատիկ հիպոտենզիա):
ՈՍՀԲԴ նաև թուլացնում են արյան մակարդվելու ունակությունը, ուստի կարող են ուժեղացնել վնասվածքից հետո առաջացող արյունահոսությունը:
ՈՍՀԲԴ նվազեցնում են երիկամների արյունամատակարարումը, որը կարող է թուլացնել երիկամների գործունեությունը: Նման խանգարումն ավելի հավանական է, որ առաջանա երիկամային հիվանդություններով կամ կանգային սրտային անբավարարությամբ անձանց մոտ, ուստի նման դեպքերում հակաբորբոքային դեղերը պետք է նշանակել մեծ զգուշությամբ։
Քթային պոլիպներ ունեցող անձինք կամ նրանք, ովքեր Ասպիրին կամ մեկ այլ ՈՍՀԲԴ նկատմամբ դրսևորում են ալերգիա, պետք է խուսափեն Ինդոմեթացին օգտագործելուց, քանի որ նրանց մոտ բարձրանում է ալերգիկ ռեակցիաների վտանգը:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Խոլեստիրամինը և Կոլեստիպոլը կարող են կրճատել Ինդոմեթացինի ներծծումն աղիներից:
- Ինդոմեթացինը և մյուս ՈՍՀԲԴ կարող են բարձրացնել արյան մեջ Լիթիումի մակարդակը՝ կրճատելով երիկամներով այս միներալի դուրսբերումը, որի պատճառով կարող է բարձրանալ Լիթիումի թունավոր ազդեցությունը:
- Ինդոմեթացինը մյուս ՈՍՀԲԴ-ի նման կարող է թուլացնել բարձր արյան ճնշման բուժման դեղերի հակահիպերտենզիվ (ճնշումը նվազեցնող) ազեդեցությունը: Նման փոխազդեցության մեջ կարող է դեր խաղալ արյան ճնշման կարգավորման մեջ մասնակցող պրոստոգլանդինների քչացումը:
- Ինդոմեթացինը մյուս ՈՍՀԲԴ-ի նման Մեթոտրեքսատի կամ ամինոգլիկոզիդների հետ (օրինակ՝ Գենտամիցին) զուգակցելիս կարող է արյան մեջ բարձրանալ վերջին երկուսի մակարդակները, հավանաբար, օրգանիզմից դրանց հեռացումը դանդաղելու հաշվին: Նման փոխազդեցությամբ կարող են ավելանալ Մեթոտրեքսատի կամ ամինոգլիկոզների հետ կապված կողմնակի ազդեցությունները:
- Ասպիրինի կամ այլ ՈՍՀԲԴ նկատմամբ ասթմայի նոպաների, եղնջացանի կամ մեկ այլ ալերգիկ ռեակցիայի պատմությամբ անձինք պետք է խուսափեն Ինդոմեթացին օգտագործելուց:
- Ինդոմեթացինն Ասպիրինի հետ զուգակցելիս կարող է բարձրանալ մարսողական խոցերի առաջացման վտանգը:
- Նույն կերպ, ստամոքսի խոցի հավանականությունը բարձրանում է, երբ Իբուպրոֆեն կամ այլ ՈՍՀԲԴ ընդունող մարդիկ օգտագործում են ավելի շատ, քան օրական երեք չափաբաժին ալկոհոլային խմիչքներ:
- Ինդոմեթացինն ուժեղացնում է Ցիկլոսպորինի բացասական ազդեցությունը երիկամների գործունեության վրա և պրոստոգլանդինների ընկճման մեխանիզմող թուլացնել Ֆուրոսեմիդի և թիազիդային միզամուղների ազդեցությունը:
- Հակամակարդիչներ, օրինակ՝ Վարֆարին ստացող անձինք պետք է զերծ մնան Ինդոմեթացին օգտագործելուց, քանի որ վերջինս նույնպես «ջրիկացնում է» արյունը, և լրացուցիչ հակամակարդիչ ազդեցությունը կարող է բերել արյունահոսությունների:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիների շրջանում Ինդոմեթացինի անվտանգության մասին համարժեք տվյալներ չկան: Ուստի, հնարավոր է, որ Ինդոմեթացինը պտղի վրա թողնի կողմնակի ազդեցություններ:
- Ինդոմեթացինն արտազատվում է կրծքի կաթի մեջ, ուստի կրծքով կերակրող կանայք պետք է խուսափեն այս դեղն օգտագործելուց:
Դեղաչափեր
- Սովորական ազդող Ինդոմեթացինի խորհուրդ տրվող դեղաչափը չափահասների մոտ բորբոքումների կամ ռևմատոիդ ախտահարումների բուժման համար օրական 50-200 մգ է, որը պետք է բաժանվի 2-3 ընդունման միջև:
- Երկար ազդող Ինդոմեթացինի դեղաչափը 75-150 մգ է, որը պետք է բաժանվի օրական երկու անգամ ընդունվող դեղաչափերի:
- Բուրսիտը (ձուսպապարկի բորբոքում) կամ տենդոնիտը (ջլաբորբ) բուժվում են օրական ընդհանուր 75-150 մգ սովորական ազդող Ինդոմեթացինով, որը պետք է բաժանվի 3-4 ընդունումների միջև կամ 75-150 մգ երկար ազդող Ինդոմեթացինով, որը պետք է բաժանվի 2 ընդունումների միջև:
- Սուր պոդագրային արթրիտը բուժվում է 50 մգ-ից յուրաքանչյուր 8 ժամը մեկ, 3-5 օրվա ընթացքում:
- Ինդոմեթացինը պետք է ընդունվի սննդով և մեկ բաժակ ջրով՝ որովայնային դիսկոմֆորտից խուսափելու համար:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Պատիճներ՝ 25 և 50 մգ:
- Պատիճ, երկար ազդող՝ 75 մգ:
- Կախույթ (սուսպենզիա)՝ 25 մգ/մլ:
- Մոմիկ՝ 50 մգ:
- Ներարկման փոշի՝ 1 մգ:
Պահպանում
- Պատիճները պետք է պահպանել 15-30°C սենյակային ջերմաստիճանային պայմաններում:
- Խմելու (օրալ) սուսպենզիան և մոմիկները պետք է պահպանել 30°C-ից ցածր պայմաններում:
- Խմելու (օրալ) սուսպենզին չի կարելի սառեցնել:
Ամփոփում
Ինդոմեթացինը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղ է (ՈՍՀԲԴ), որը նշանակվում է պոդագրային հոդաբորբի, օստեոարթրիտի, փափուկ հյուսվածքի վնասումների (օրինակ՝ բուրսիտ և տենդինիտ), ռևմատոիդ արթրիտի և անկիլացնող սպոնդիլիտի ժամանակ առաջացող բորբոքումների բուժման մեջ:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2020 վերանայվել է՝ 23-01-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: