Դեղեր և հավելումներ
Կետոկոնազոլ

Ընդհանուր նկարագրություն
Կետոկոնազոլն ազոլային հակասնկիկային դեղամիջոց է, որն օգտագործվում է որոշ լուրջ սնկիկային վարակների բուժման մեջ:
Կետոկոնազոլը կանխարգելում է սնկիկերի որոշ տեսակների աճը՝ խոչընդոտելով դրանց բջիջները շրջապատող թաղանթների արտադրությունը:
Ամերիկյան FDA կազմակերպությունը կետոկոնազոլը հաստատել է 1981թ. հունիսին:
Բրենդային անվանումներ՝ Nizoral, Nizoral A-D, Ketodan, Extina, Xolegel, Kuric
Օրինակներ
Կետոկոնազոլի հետ նույն ընտանիքին պատկանող դեղերից են՝
- Ֆլուկոնազոլ
- Իտրակոնազոլ
- Միկոնազոլ:
Ցուցումներ
Կետոկոնազոլը նշանակվում է հետևյալ սնկային հիվանդությունների բուժման մեջ՝
- կաթնախտ (կանդիդոզ)
- խուզող մկնատամ
- մաշկի սնկիկային վարակներ, ինչպիսիք են աճուկային էպիդերմոֆիտիան և մարզիկի ոտնաթաթը
- թեփ
- գունափոփոխ որքին
- բլաստոմիկոզ
- հիստոպլազմոզ
- կոկցիդիոմիկոզ:
Կողմնակի ազդեցություններ
Կետոկոնազոլն ընդհանուր առմամբ մարդկանց մեծ մասի կողմից լավ տարվող դեղ է: Ամենահաճախ զեկուցվող կողմնակի ազդեցություններից են՝
- ցան
- քոր
- սրտխառնոց
- փսխում
- որովայնային ցավ
- գլխացավ
- գլխապտույտ
- հոգնածություն
- էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա)
- արյան բջիջների քանակների շեղումներ:
Կետոկոնազոլի այլ, թեև հազվադեպ հանդիպող, սակայն կարևոր կողմնակի ազդեցություններից են՝
- սուր ալերգիկ ռեակցիաներ (անաֆիլաքսիա)
- սուր դեպրեսիա
- մազաթափություն
- ծակծկող զգացողություններ:
Զեկուցվել է նաև լյարդի գործունեության խանգարում: Լյարդային խնդրի նշաններից են անսովոր հոգնածությունը, ախորժակի կորուստը, սրտխառնոցը և փսխումը, մաշկի դեղնությունը (դեղնուկ), մեզի մգացումը և կղանքի գունազրկումը: Կետոկոնազոլ ընդունելիս այս նշանների առաջացման դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել բժշկին:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
Կետոկոնազոլը՝
- ծանր փոխազդեցություն է դրսևորում առնվազն 33 տարբեր դեղերի հետ
- լուրջ փոխազդեցություն է դրսևորում առնվազն 202 տարբեր դեղերի հետ
- չափավոր փոխազդեցություն է դրսևորում առնվազն 241 տարբեր դեղերի հետ
- թեթև փոխազդեցություն է դրսևորում առնվազն 105 տարբեր դեղերի հետ:
Այնուամենայնիվ, սա Կետոկոնազոլի հնարավոր փոխազդեցությունների ոչ լրիվ ներկայացումն է: Ուստի, տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ընդունում եք որևէ դեղամիջոց կամ սննդային հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
Կետոկոնազոլի փոքր քանակները կարող են արտազատվել կրծքի կաթի մեջ, ուստի կրծքով կերակրող մայրերը հավանաբար պետք է խուսափեն այս դեղից:
Դեղաչափեր
- Բերանային (օրալ) Կետոկոնազոլը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց դրա: Բերանային դեղաչափը կազմում է օրական 200-400 մգ:
- Կրկնվող թեփատու կամ գունափոփոխ որքինը բուժվում է ամսական 400 մգ-ով:
- Տեղային դեղաձևերը օգտագործվում են օրական մեկ կամ երկու անգամ ախտահարված շրջանն օծելով:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 200 մգ:
- Շամպուն՝ 1% և 2%:
- Նրբաքսուք (կրեմ)՝ 2%:
- Գել՝ 2%:
- Փրփուր՝ 2%:
Պահպանում
- Հաբերը պետք է պահպանել 15-25° C սենյակային ջերմաստիճանային պայմաններում և պաշտպանել խոնավությունից:
- 1% շամպունը պետք է պահպանել 2-30° C պայմաններում և պաշտպանել լույսից ու սառեցումից:
- 2% շամպունը պետք է պահպանել 25° C-ից ցածր պայմաններում և պաշտպանել լույսից:
- Կրեմը և փրփուրը պետք է պահպանել 20-25° C պայմաններում:
- Գելը պետք է պահպանել 15-30° C պայմաններում:
Ամփոփում
Կետոկոնազոլը հակասնկիկային դեղամիջոց է, որը նշանակվում է սնկիկային վարակների բուժման մեջ, օրինակ՝ կաթնախտ, խուզող մկնատամ, աճուկային էպիդերմոֆիտիա, մարզիկի ոտնաթաթ, թեփ, գունափոփոխ որքին, բլաստոմիկոզ, հիստոպլազմոզ և կոկցիդիոմիկոզ:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-05-2020 վերանայվել է՝ 05-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: