Skip to main content

L-արգինին - Սննդային հավելումներ

Ընդհանուր նկարագրություն

L-արգինինը ամինաթթու է, որն օգնում է օրգանիզմում սպիտակուցների արտադրությանը:

Ձեր օրգանիզմը սովորաբար արտադրում է իրեն անհրաժեշտ ամբողջ L-արգինինը: L-արգինին նաև հայտնաբերվում է սպիտակուցներով հարուստ մթերքների մեծ մասում, ինչպիսիք են ձուկը, կարմիր (անճարպ) միսը, թռչնամիսը, սոյան, ամբողջահատիկ ձավարեղենը, լոբիները և կաթնամթերքը:

Որպես հավելում, L-արգինինը կարող է օգտագործվել բերանային (օրալ) և տեղային: Այն նաև կարող է ներարկվել ներերակային ճանապարհով:

L-արգինինը գործում է որպես անոթալայնիչ (վազոդիլատատոր)՝ բացելով (լայնացնելով) արյունատար անոթները, ուստի բազմաթիվ մարդիկ օրգագործում են բերանային (օրալ) L-արգինին՝ սրտային հիվանդությունները և էրեկտիլ դիսֆունկցիան բուժելու համար:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Որոշակի առողջական խնդիրների և վիճակների համար L-արգինինի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:

  • Կրծքահեղձուկ (ստենոկարդիա). ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տեսակի կրծքավանդակային ցավի թեթևից մինչև ծանր ձև ունեցող մարդկանց մոտ L-արգինինը կարող է նվազեցնել ախտանիշները և բարելավել կյանքի որակը:
  • Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ բերանային (օրալ) L-արգինինը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը առողջ մարդկանց, արյան ճնշման թեթև բարձրացումով և շաքարային դիաբետով, ինչպես նաև բարձր արյան ճնշում ունեցող մարդկանց մոտ, որն ազդում է թոքերի և սրտի աջ կողմի զարկերակների վրա (թոքային հիպերտենզիա): L-արգինինի ներարկումները նույնպես, ըստ երևույթին, իջեցնում են արյան ճնշումը հիպերտենզիա ունեցող մարդկանց մոտ:
  • Հղիության ընթացքում բարձր արյան ճնշում. որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ L-արգինինի ներարկումները կարող են իջեցնել արյան ճնշումը հղի կանանց մոտ, ովքեր ունեն բարձր արյան ճնշում:
  • Պրեէկլամպսիա. L-արգինինի ներարկումները կարող են հղիության այս բարդությամբ կանանց մոտ իջեցնել արյան ճնշումը: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ L-արգինինի բերանային (օրալ) օգտագործումը կարող է օգնել հղի կանանց մոտ պրեէկլամպսիայի կանխարգելմանը:
  • Էրեկտիլ դիսֆունկցիա. L-արգինինի բերանային (օրալ) օգտագործումը կարող է բարելավել սեռական ֆունկցիան ֆիզիկական պատճառով էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող տղամարդկանց մոտ:
  • Ծայրամասային զարկերակային հիվանդություն (ԾԶՀ, PAD). երբ ընդունվում է բերանային (օրալ) կամ ներարկմամբ կարճ ժամանակով, L-arginine-ը կարող է արյան շրջանառության այս խնդրով մարդկանց մոտ բարելավել ախտանիշները և արյան հոսքը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

L-արգինինի բերանային (օրալ) կամ տեղային օգտագործումն ընդհանուր առմամբ համարվում է անվտանգ:

L-արգինինի բերանային (օրալ) օգտագործումը կարող է առաջացնել՝

  • սրտխառնոց, որովայնային ցավ և փորլուծություն
  • փքվածություն
  • պոդագրա
  • գլխացավ
  • ալերգիկ ռեակցիա
  • շնչուղիների բորբոքում կամ ասթմայի ախտանիշների վատթարացում:

L-արգինինը խորհուրդ չի տրվում այն մարդկանց համար, ովքեր վերջերս սրտամկանի ինֆարկտ են ունեցել, քանի որ այս հավելումը ենթադրաբար կարող է մեծացնել մահվան ռիսկը:

L-արգինինը կարող է վատթարացնել ալերգիան կամ ասթման: Օգտագործեք հավելումը զգուշությամբ, եթե ունեք այս վիճակները:

Զգույշ եղեք L-արգինինի ընդունումից, եթե ունեցել եք հասարակ կամ սեռական հերպես: Ձեր օրգանիզմում չափազանց մեծ քանակությամբ L-արգինինը կարող է ակտիվացնել այդ խնդիրներն առաջացնող վիրուսը:

Փոխազդեցություններ

  • Հակամակարդիչ (անտիկոագուլյանտ) և հակաթրոմբոցիտային (անտիագրեգանտ) դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ․ այս տեսակի դեղամիջոցները, դեղաբույսերը և հավելումները թուլացնում են արյան մակարդումը: Դրանց հետ L-արգինինի զուգակցումը կարող է մեծացնել արյունահոսության վտանգը:
  • Արյան ճնշման դեղեր, դեղաբույսեր և հավելումներ. L-արգինինը կարող է իջեցնել արյան ճնշումը այն մարդկանց մոտ, ովքեր ունեն արյան բարձր ճնշում: L-արգինինի զուգակցումն արյան ճնշման դեղամիջոցի, դեղաբույսի կամ հավելումների հետ կարող է մեծացնել արյան ճնշման չափից դուրս շատ նվազեցման ռիսկը:
  • Դիաբետի բուժման դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ. L-արգինինը կարող է նվազեցնել արյան շաքարի մակարդակը շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ: Եթե օգտագործում եք դիաբետի դեղեր, դեղաբույսեր կամ հավելումներ, հնարավոր է, որ ձեր դեղաչափը վերանայման կարիք ունենա:
  • Իզոպրոտերենոլ (Իզուպրել)․ այս սրտային դեղամիջոցի օգտագործումը L-արգինինի հետ կարող է հանգեցնել ձեր արյան ճնշման չափից դուրս շատ նվազեցման:
  • Նիտրատներ. կրծքավանդակային ցավի (կրծքահեղձուկի) այս դեղամիջոցի օգտագործումը L-արգինինի հետ կարող է հանգեցնել ձեր արյան ճնշման չափից դուրս շատ նվազեցման:
  • Կալիում-խնայող միզամուղներ․ մի՛ զուգակցեք L-արգինինը Ամիլորիդի (Միդամոր), Սպիրոնոլակտոնի (Ալդակտոն, Սարոսպիր) կամ Տրիամտերենի (Դիրենիում) հետ: Այս դեղամիջոցները կարող են բարձրացնել արյան կալիումի մակարդակը (հիպերկալեմիա):
  • Սիլդենաֆիլ (Ռեվատիո, Վիագրա)․ էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ այս դեղամիջոցի զուգակցումը L-արգինինի հետ կարող է հանգեցնել արյան ճնշման չափից դուրս շատ նվազեցման:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Ամփոփում

L-արգինինը համարվում է ընդհանուր առմամբ անվտանգ: Այն կարող է արդյունավետ լինել արյան ճնշումը իջեցնելու, կրծքահեղձուկի և ԾԶՀ-ի ախտանիշները նվազեցնելու և ֆիզիկական պատճառով էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար:

Այնուամենայնիվ, եթե ընդունում եք արյան ճնշման դեղամիջոց, նախքան L-արգինին օգտագործելը խոսեք ձեր բժշկի հետ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 03-12-2023
Վերջին վերանայում՝ 03-12-2023