Ընդհանուր նկարագրություն
Ուղիղաղիքային (ռեկտալ) կամ հետանցքային լուծողականներն օգտագործվում են որպես հոգնաներ կամ մոմիկներ՝ կարճ ժամանակում աղիների գալարակծկանք և կղազատում առաջացնելու համար:
Կան մի քանի տարբեր տեսակի ռեկտալ լուծողականներ, որոնք ազդում են տարբեր ձևերով: Այս դեղամիջոցների օգտագործման ցուցումները տարբերվում են, ուստի կարևոր է իմանալ, թե որն է ձեզ պետք օգտագործել, եթե դրա կարիքը կա:
- Ածխածնի դիոքսիդ ազատողներ. սրանք (օրինակ՝ Կալիումի բիտարտրատ և Նատրիումի բիկարբոնատ) մոմիկներ են, որոնք խթանում են աղիների գալարակծկանքները՝ առաջացնելով ածխաթթու գազ։ Այս գազը հրում է աղիքի պատը՝ առաջացնելով կղանքային զանգվածի երկայնքով աղիքի պատի կծկումներ:
- Գերօսմոտիկ (հիպեօսմոտիկ)․ հիպերօսմոտիկ լուծողականները (օրինակ՝ Գլիցերին, Նատրիումի ֆոսֆատներ) շրջակա հյուսվածքներից ջուր են քաշում աղիքի մեջ: Սա փափկացնում է կղանքային զանգվածը և հեշտացնում աղիքներով դրա տեղաշարժը:
- Քսայուղային (լուբրիկանտ)․ հանքային յուղը աղիները և կղանքային զանգվածը պատում է ջրակայուն թաղանթով: Սա փափկացնում է կղանքային զանգվածը և հեշտացնում աղիքներով դրա տեղափոխումը:
- Խթանիչներ (ստիմուլյանտներ)․ խթանիչ լուծողականները (օրինակ՝ Բիսակոդիլ, Սեննա), որոնք նաև հայտնի են որպես կոնտակտային լուծողականներ, ազդում են աղիքային պատի վրա։ Դրանք խթանում են կղանքային զանգվածի երկայնքով աղիքի պատի մկանային կծկումները:
- Կղանքը փափկացնող միջոցներ (Էմոլիենտներ)․ այս խմբի լուծողականները (օրինակ՝ Դոկուզատ) օժանդակում են կղազատմանը՝ օգնելով կղանքային զանգվածի հետ հեղուկներին խառնվելուն և կանխելով չոր, կոշտ կղանքային զանգվածների առաջացմանը: Լուծողականի այս տեսակը չի առաջացնում աղիների գալարակծկանք, այլ թույլ է տալիս աղիները դատարկել կատարել առանց լարման:
Ռեկտալ լուծողականները հասանելի են որպես՝
- հոգնաներ
- մոմիկներ
- լուծույթներ:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Օրինակներ
- Կալիումի բիտարտրատ և Նատրիումի բիկարբոնատ
- Գլիցերին
- Նատրիումի ֆոսֆատներ
- Հանքային յուղեր
- Բիսակոդիլ
- Սեննա
- Դոկուզատ
Ցուցումներ
Ռեկտալ լուծողականները կարող են հեշտացնել կղազատմանը մի շարք իրավիճակներում, օրինակ՝
- ծննդաբերությունից առաջ
- ծննդաբերությունից հետո` մի քանի օր
- հետազոտության կամ վիրահատության նախապատրաստում
- աղիքների նորմալ գործառույթի զարգացում՝ վատ ուտելու սովորությունների կամ ֆիզիկական վարժանքների բացակայության ժամանակաշրջանից հետո (միայն գլիցերինի մոմիկներ)
- վիրահատությունից հետո, երբ պետք է խուսափել կղազատմանն ուղեկցող լարվածությունից
- այլ դեղամիջոցների հետևանքով առաջացած փորկապություն:
Այս լուծողականներից մի քանիսը պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ, երբ կան հստակ ցուցումներ և բացակայում են հակացուցումները:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Իր անհրաժեշտ ազդեցությունների հետ մեկտեղ դեղամիջոցը կարող է առաջացնել որոշ կողմնակի կամ անցանկալի հետևանքներ: Ստորև նկարագրված ոչ բոլոր կողմնակի ազդեցությունները կարող են ի հայտ գալ, սակայն, եթե դրանք առաջանան, կարող են բժշկական օգնության կարիք ունենալ:
Հնարավորինս շուտ դիմեք ձեր բժշկին, եթե նկատում եք հետևյալ կողմնակի ազդեցություններից որևէ մեկը`
- ուղիղաղիքային (ռեկտալ) արյունահոսություն, բշտիկների առաջացում, այրոց, քոր կամ ցավ (հոգնաների դեպքում):
Որոշ կողմնակի ազդեցություններ սովորաբար բժշկական օգնության կարիք չունեն և կարող են անհետանալ բուժման ընթացքում, երբ ձեր օրգանիզմը հարմարվի դեղամիջոցին: Բացի այդ, ձեր բժիշկը կարող է ձեզ բացատրել այս կողմնակի ազդեցություններից որոշները կանխելու կամ նվազեցնելու ուղիները: Դիմեք ձեր բժշկին, եթե նկատել եք ձեր հետանցքը շրջապատող մաշկի գրգռում, որը շարունակվում է կամ անհանգստացնում է:
Որոշ դեպքերում կամ որոշ մարդկանց մոտ նաև կարող են առաջանալ այլ կողմնակի ազդեցություններ: Եթե նկատում եք որևէ ձեզ անհանգստացնող որևէ նշան, դիմեք ձեր բժշկին:
Մանկահասակ երեխաներ
Չի կարելի լուծողականներ տալ փոքր տարիքի երեխաներին (մինչև 6 տարեկան), եթե դրանք չեն նշանակվել երեխայի բժշկի կողմից: Երեխաները սովորաբար չեն կարողանում լավ նկարագրել իրենց ախտանիշները, ուստի նրանք պետք է ստուգվեն բժշկի կողմից՝ նախքան որևէ լուծողական կամ այլ դեղամիջոց տալը: Երեխան կարող է ունենալ այնպիսի խնդիր, որը կարիք ունենա այլ բուժման: Նման իրավիճակներում լուծողականները չեն կարող օգնել և նույնիսկ կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ կամ վատթարացնել առկա վիճակը:
Մանկահասակ երեխաները նաև ավելի զգայուն են հոգնայի կամ լուծույթների տեսքով տրված ռեկտալ լուծողականների նկատմամբ, քան չափահասները, ուստի մեծանում է թուլության, առատ քրտնարտադրության և ցնցումների առաջացման ռիսկը:
Տարեցներ
Տարեց մարդկանց մոտ առանձնակի մեծ է թուլության, առատ քրտնարտադրության և ցնցումների առաջացման ռիսկը, քանի որ նրանք կարող են ռեկտալ լուծողականների նկատմամբ լինել ավելի զգայուն, քան երիտասարդ չափահասները:
Այլ առողջական խնդիրների առկայություն
Այլ հիվանդությունների և առողջական վիճակների առկայությունը կարող է ազդել ռեկտալ լուծողականների օգտագործման ազդեցությունների վրա: Համոզվեք, որ ձեր բժշկին տեղեկացրել եք ձեր բոլոր առողջական խնդիրների մասին, ինչպիսիք են՝
- ապենդիցիտ (կամ ապենդիցիտի նշանների առկայություն)
- անհայտ ծագման ուղիղաղիքային արյունահոսություն (նման դեպքերում շտապ տեղեկացրեք ձեր բժշկին)
- աղիքային անանցանելիություն (խցանում), որը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
Փոխազդեցություններ
Որոշ դեղամիջոցներ ընդհանրապես չպետք է օգտագործվեն միասին, այլ դեպքերում երկու տարբեր դեղամիջոցներ կարող են զուգակցվել, նույնիսկ եթե փոխազդեցություն առաջանա: Նման իրավիճաներում ձեր բժիշկը կարող է փոփոխել ձեզ դեղաչափը կամ կարող են անհրաժեշտ լինել այլ նախազգուշական միջոցներ:
Երբ դուք օգտագործում եք ռեկտալ լուծողականներից որևէ մեկը, առանձնակի կարևոր է, որ ձեր բժիշկն իմանա, թե արդյոք դուք ընդունում եք ստորև թվարկված դեղամիջոցներից որևէ մեկը՝
- Հիալուրոնիդազա
- Սրոհունդ (зверобой):
Քննարկեք ձեր բժշկի հետ ձեր լուծողական դեղամիջոցի օգտագործումը սննդի, ալկոհոլի կամ ծխախոտի հետ:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Դեղաչափեր
Լուծողական միջոցների անվտանգ և արդյունավետ օգտագործման համար՝
- հետևեք ձեր բժշկի ցուցումներին, եթե լուծողականը նշանակվել է նրա կողմից
- հետևեք արտադրողի փաթեթի ցուցումներին, եթե բուժում եք ինքներդ ձեզ:
Շուկայում առկա են մեծ քանակությամբ լուծողական արտադրանքներ։ Ուստի, հաշվի առեք, որ տարբեր ապրանքների համար լուծողականների դեղաչափերը կարող են տարբեր լինել:
Դեղաձևեր և պահպանում
- Պահեք բոլոր դեղամիջոցները երեխաների համար անհասանելի տեղում:
- Պահպանեք դեղը փակ տարայի մեջ սենյակային ջերմաստիճանում՝ հեռու ջերմությունից, խոնավությունից և լույսի ուղղակի ազդեցությունից: Մի՛ պահեք դրանք սառցարանում:
- Մի' պահեք հնացած կամ այլևս ձեզ համար ոչ պետքական դեղամիջոցները:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-12-2023
Վերջին վերանայում՝ 03-12-2023