Ընդհանուր նկարագրություն
Լևոթիրոքսինը վահանաձև գեղձի գլխավոր հորմոնի՝ թիրոքսինի (T4) արհեստական (սինթետիկ) տարբերակն է:
Բնական թիրոքսինն արտադրվում և արյան մեջ մուտք է գործում վահանաձև գեղձի կողմից: Վահանաձև գեղձի հորմոնը բարձրացնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների բջիջների նյութափոխանակության արագությունը: Պտղի և նորածնի մոտ վահանաձև գեղձի հորմոնը կարևոր է բոլոր հյուսվածքների, ներառյալ՝ ոսկորների և գլխուղեղի աճի և զարգացման համար: Չափահասների մոտ վահանաձև գեղձի հորմոնը, ի թիվս այլ ազդեցությունների, օգնում է գլխուղեղի գործունեության պահպանմանը, սննդի յուրացմանը և մարմնի ջերմաստիճանի պահպանմանը:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Synthroid, Levoxyl, Levothroid, Unithroid, Tirosint
Ցուցումներ
Լևոթիրոքսինը նշանակվում է թերակտիվ վահանաձև գեղձի՝ հիպոթիրեոզի բուժման համար՝ որպես թերարտադրվող բնական թիրոքսինի (T4) սինթետիկ փոխարինող:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Լևոթիրոքսինով բուժումը սովորաբար լավ հանդուրժվում է: Եթե ախտանշաններ են ի հայտ են գալիս, դրանք հաճախ պայմանավորված են վահանաձև գեղձի հորմոնի թունավոր մակարդակով և հանդիսանում են թիրեոտոքսիկոզի (հիպերթիրեոզի) ախտանիշները:
Առավել հաճախ զեկուցված կողմնակի ազդեցություններից են՝
- կրծքավանդակային ցավեր
- սրտազարկի կամ անոթազարկի (պուլսի) ռիթմի մեծացում
- առատ քրտնարտադրություն
- տաքության անտանելիություն
- նյարդայնություն
- գլխացավեր
- անքնություն
- փորլուծություն
- փսխում
- քաշի կորուստ
- ջերմություն
- կանայք կարող են նաշել անկանոն դաշտանային ցիկլ:
Փոխազդեցություններ
- Դիաբետիկ հիվանդների մոտ Լևոթիրոքսինով բուժման մեկնարկը կամ դադարեցումը կարող է առաջացնել ինսուլինի և/կամ հակադիաբետիկ դեղամիջոցի, օրինակ՝ Գլիբուրիդի (Միկրոնազա) անհրաժեշտ դեղաչափի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն:
- Լևոթիրոքսինը կարող է մեծացնել արյունը նոսրացնողների (ջրիկացնողների)՝ հակամակարդիչների (անտիկոագուլյանտների) ազդեցությունը, ինչպիսին է Վարֆարինը (Կումադին): Հետևաբար, անհրաժեշտ է արյան մակարդելիության վերահսկում, և կարող է անհրաժեշտ լինել Վարֆարինի դեղաչափի կրճատում:
- Էպինեֆրինի ներերակային օգտագործումը սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդների մոտ կարող է հանգեցնել բարդությունների՝ սկսած շնչառության դժվարությունից մինչև սրտամկանի ինֆարկտ: Այս բարդությունները կարող են առավել վտանգավոր դառնալ Լևոթիրոքսին օգտագործող հիվանդների մոտ: Հետևաբար, անհրաժեշտ է մանրակրկիտ հսկողություն, երբ ներերակային էպինեֆրինը տրվում է Լևոթիրոքսին ստացող հիվանդներին, ովքեր ունեն սրտի իշեմիկ հիվանդություն:
- Լևոթիրոքսինով հիպոթիրեոզի (թերակտիվության) վիճակը նորմալ վիճակի (էութիրեոիդ վիճակ) վերածելը կարող է նվազեցնել որոշ բետա-արգելափակող դեղամիջոցների, օրինակ՝ Մետոպրոլոլի (Լոպրեսոր) կամ Պրոպրանոլոլի (Ինդերալ) ազդեցությունները: Հետևաբար, կարող է անհրաժեշտ լինել փոխել բետա-բլոկերի դեղաչափը: Նույն պատճառով, Դիգոքսինի (Լանոքսին) դեղաչափը, որն օգտագործվում է սրտային անբավարարության կամ անկանոն սրտազարկի (օրինակ՝ նախասրտերի ֆիբրիլյացիան) կառավարելու համար, նույնպես կարող է փոփոխության կարիք ունենալ:
- Լևոթիրոքսինով հիպոթիրեոզը էութիրոիդ վիճակի վերածելը կարող է բարձրացնել արյան մեջ Թեոֆիլինի մակարդակը (Սլո-Բիդ), և կարող է անհրաժեշտ լինել փոխել Թեոֆիլինի դեղաչափը:
- Լևոթիրոքսինը կալցիումի կարբոնատի, երկաթի սուլֆատի, Խոլեստիրամինի կամ Կոլեստիպոլի (Կոլեստիդ) հետ միաժամանակ ընդունելը կարող է նվազեցնել Լևոթիրոքսինի ազդեցությունը և հանգեցնել հիպոթիրեոզի: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ Լևոթիրոքսինը կապվում է այս դեղամիջոցների հետ և չի ներծծվում: Անհրաժեշտ է Լևոթիրոքսինն ընդունել այս դեղամիջոցներից մեկ ժամ առաջ կամ չորս ժամ հետո՝ այսպիսի փոխազդեցությունը կանխելու համար:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
Վահանաձև գեղձի հորմոնային թերապիան կերակրող մայրերի մոտ սովորաբար անվտանգ է, բայց պետք է վերահսկվի բժշկի կողմից:
Դեղաչափեր
- Չափահասների հիպոթիրեոզի դեպքում Լևոթիրոքսինը սկսվում է 12,5-125 մկգ/օր՝ բերանային (օրալ) ընդունմամբ: Մեկնարկային դեղաչափերը և դրանց փոփոխությունները կարող են տարբերվել՝ կախված մարդու տարիքից, սրտանոթային հիվանդությունների առկայությունից, տոլերանտությոն (դիմադրողականության) զարգացումից (արդյունավետության նվազում շարունակական օգտագործման դեպքում), դեղամիջոցի կողմնակի ազդեցություններից և արյան մեջ վահանաձև գեղձի հորմոնի մակարդակից:
- Լևոթիրոքսինով բուժումը սկսելուց կամ դեղաչափը փոխելուց հետո կարող է տևել մեկից երեք շաբաթ, մինչև ազդեցությունները նկատվեն: Փոխարինող թերապիայի նպատակը արյան մեջ թիրոքսինի նորմալ մակարդակի պահպանումն է:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 0.025, 0.05, 0.075, 0.088, 0.1, 0.112, 0.125, 0.137, 0.15, 0.175, 0.2 և 0.3 մգ
- Պարկուճներ (կապսուլաներ)՝ 0.013, 0.025, 0.05, 0.075, 0.088, 0.1, 0.125 և 0.15 մգ
- Ներերակային ներարկման փոշի՝ 200 մկգ և 500 մկգ սրվակում
Պահպանում
- Լևոթիրոքսինի հաբերը, պարկուճները և չոր փոշին պետք է պահվեն սենյակային ջերմաստիճանում՝ սենյակային ջերմաստիճանի՝ 15-30° C պայմաններում՝ լուսաանթափանց, ամուր տարայի մեջ:
- Լեվոթիրոքսինի ներերակային փոշին պետք է օգտագործվի անմիջապես հեղուկի հետ խառնելուց հետո:
Ամփոփում
Լևոթիրոքսինը վահանաձև գեղձի գլխավոր հորմոնի՝ թիրոքսինի (T4) սինթետիկ տարբերակն է: Վահանաձև գեղձի հորմոնը մեծացնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների բջիջների նյութափոխանակության արագությունը: Այն նշանակվում է թերակտիվ վահանաձև գեղձը՝ հիպոթիրեոզը բուժելու և վահանաձև գեղձի հորմոնների արտազատումը ճնշելու համար՝ վահանաձև գեղձի քաղցկեղային հանգույցների և խպիպի աճի դեպքում: Կարևոր է տեղյակ լինել դեղամիջոցների փոխազդեցությունների, ինչպես նաև օտարածված կողմնակի ազդեցությունների մասին:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-01-2024
Վերջին վերանայում՝ 30-01-2024