Skip to main content

Լոզարտան - ԱԸՊ

Ընդհանուր նկարագրություն

Լոզարտանը բերանային (օրալ) դեղամիջոց է, որը պատկանում է անգիոտենզինային ընկալիչների պաշարիչների (ԱԸՊ-ներ) կոչվող դեղերի դասին:

Անգիոտենզինը, որը ձևավորվում է արյան մեջ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) ազդեցությամբ, հզոր քիմիական նյութ է, որը միանում է բազմաթիվ հյուսվածքներում առկա, հիմնականում՝ արյունատար անոթների հարթ մկանային բջիջներում հայտնաբերված անգիոտենզինային ընկալիչներին:

Անգիոտենզինի միացումն ընկալիչներին հանգեցնում է մկանային բջիջների կծկման և արյունատար անոթների նեղացման (վազոկոնստրուկցիա), ինչը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման (հիպերտենզիա): Լոզարտանը (ավելի կոնկրետ՝ այն քիմիական նյութը, որը ձևավորվում է, երբ լյարդը ոչ ակտիվ Լոզարտանը վերածում է իր ակտիվ ձևի) պաշարում է անգիոտենզինային ընկալիչը։ Պաշարելով անգիոտենզինի ազդեցությունը՝ Լոզարտանը թուլացնում է մկանային բջիջները և լայնացնում արյունատար անոթները՝ դրանով իսկ նվազեցնելով արյան ճնշումը:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Cozaar

Օրինակներ

Անգիոտենզինային ընկալիչների պաշարիչների այլ օրինակներից են՝

  • Իրբեսարտան (Ավապրո)
  • Վալսարտան (Դիովան)
  • Կանդեսարտան (Ատականդ)։

Ցուցումներ

Լոզարտանը նշանակվում է հետևյալ վիճակների բուժման համար՝

  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • հիպերտենզիայի և ձախ փորոքի հիպերտրոֆիայով (գերաճած սրտամկանի) հիվանդների մոտ ինսուլտի ռիսկի նվազեցում 
  • 2-րդ տիպի դիաբետով և դիաբետիկ նեֆրոպաթիա (երիկամային հիվանդություն) ունեցող հիպերտոնիկ հիվանդների բուժում:

Լոզարտանը կարող է նշանակվել առանձին կամ այլ դեղամիջոցների հետ համատեղ:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Կողմնակի ազդեցություններից են՝

  • ետկրծոսկրային ցավեր
  • փորլուծություն
  • գլխապտույտ
  • հոգնածություն
  • անքնություն
  • ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա)
  • մկանային ջղաձգումներ
  • քթի փակվածություն
  • միզուղիների վարակներ
  • թուլություն:

Լոզարտանը նաև կարող է առաջացնել՝

  • կայուն հազ
  • արյան կալիումի բարձրացում (հիպերկալեմիա)
  • իմպոտենցիա (էրեկտիլ դիսֆունկցիա):

Լոզարտանը որոշ հիվանդների մոտ կարող է թուլացնել երիկամների գործառույթը և չպետք է օգտագործվի այն անձանց կողմից, ովքեր ունեն երիկամային զարկերակի բիլատերալ ստենոզ (երիկամները սնուցող զույգ զարկերակների նեղացում):

Եզակի դեպքերում զեկուցվել են ռաբդոմիելոզի դեպքեր (մկանային հյուսվածքի քայքայում):

Փոխազդեցություններ

  • Լոզարտանը կարող է բարձրացնել արյան մեջ կալիումի մակարդակը (հիպերկալեմիա), ինչը կարող է հանգեցնել սրտային լուրջ խնդիրների (առիթմիա): Հետևաբար, կալիումը բարձրացնող այլ դեղամիջոցների կամ նյութերի միաժամանակյա օգտագործումը, ինչպիսիք են կալիում խնայող միզամուղները (օրինակ՝ Սպիրոնոլակտոն (Ալդակտոն)), Տրիամտերեն և Ամիլորիդ), կալիումի հավելումներ կամ կալիում պարունակող աղի փոխարինիչներ, կարող են հանգեցնել շիճուկի կալիումի վտանգավոր բարձրացման։
  • Լոզարտանի կամ այլ ԱԸՊ-ների համակցումը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ-ներ) հետ տարեց հիվանդների մոտ, ովքեր ունեն հեղուկի պակաս (ներառյալ միզամուղային բուժում ստացող) կամ երիկամների անբավարար գործառույթ ունեցող հիվանդների մոտ, կարող է հանգեցնել երիկամների գործառույթի կրճատման, այդ թվում՝ երիկամային անբավարարության: Այս ազդեցությունները սովորաբար շրջելի են:
  • Լոզարտանի հակահիպերտոնիկ ազդեցությունը կարող է նվազեցվել Ասպիրինով և այլ ՈՍՀԲԴ-ներով, ինչպիսիք են Իբուպրոֆենը, Նապրոքսեն նատրիումը կամ Ինդոմեթացինը:
  • ԱԸՊ-ների, ԱՓՖ ինհիբիտորների կամ Ալիսկիրենի (Տեկուրնա) համակցումը մեծացնում է հիպոտենզիայի (ցածր արյան ճնշում) և հիպերկալեմիայի ռիսկը, ինչպես նաև նվազեցնում է երիկամների գործառույթը՝ համեմատած առանձին օգտագործվող յուրաքանչյուր դեղամիջոցի հետ: Ընդ որում, նման համացումը չի օգնում երիկամային հիվանդության զարգացմանը կամ մահվան կանխարգելմանը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Երբ օգտագործվում են հղիության երկրորդ կամ երրորդ եռամսյակում, ԱԸՊ-ները կարող են պատճառել պտղի վնասում և նույնիսկ մահ: Լոզարտանը չպետք է օգտագործվի հղիության ընթացքում, իսկ հղիության հայտնաբերումից անմիջապես հետո Լոզարտանի ընդունումը պետք է դադարեցվի:
  • Հայտնի չէ, թե արդյոք Լոզարտանը արտազատվում է կնոջ կրծքի կաթում, սակայն Լոզարտանը և նրա ակտիվ ձևը արտազատվում են առնետի կաթի մեջ: Կերակրող երեխային վնաս պատճառելու հնարավորության պատճառով, հնարավորության դեպքում, կերակրող կանանց կողմից Լոզարտանի օգտագործումը պետք է դադարեցվի:

Դեղաչափեր

  • Չափահասների համար Լոզարտանի մեկնարկային դեղաչափն օրական 25-50 մգ է:
  • Առավելագույն դեղաչափն օրական 100 մգ է: Լոզարտանի ընդհանուր օրական դեղաչափը կարող է բաժանվել և ընդունվել օրական երկու մասով:
  • Լոզարտանի մեկնարկային դեղաչափը 6 տարեկան և ավելի մանկական հիվանդների համար կազմում է 0,7 մգ/կգ՝ մինչև 50 մգ օրական մեկ անգամ: Օրական 1,4 մգ/կգ կամ 100 մգ-ից ավելի դեղաչափերը չեն հետազոտվել:
  • Լոզարտանը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց սննդի և կարող է փորձարկվել մանկահասակ հիվանդների մոտ:

Ամփոփում

Լոզարտանը դեղամիջոց է, որը նախատեսված է բարձրարյան  ճնշման բուժման համար: Այն պատկանում է դեղերի դասին, որոնք կոչվում են անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ: Կողմնակի ազդեցությունները, դեղերի փոխազդեցությունները, նախազգուշացումներն ու նախազգուշական միջոցները, ինչպես նաև հղիության և կրծքով կերակրման անվտանգության մասին տեղեկությունները պետք է գնահատվեն մինչև որևէ դեղամիջոց ընդունելը:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024