Դեղեր և հավելումներ
Մելոքսիկամ

Ընդհանուր նկարագրություն
Մելոքսիկամը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի (ՈՍՀԲԴ) շարքին պատկանող դեղամիջոց է, որն օգտագործվում է որպես ցավազրկող և (կամ) հակաբորբոքային:
Պրոստոգլանդինները քիմիական նյութեր են, որոնք նպաստում են բորբոքային գործընթացներին, մասնավորապես՝ հոդերում: Բորբոքումն է, որը բերում է հոդաբորբերով պայմանավորված ցավը, կարկամվածությունը և այտուցվածությունը:
Մելոքսիկամն արգելակում է պրոստոգլանդինների առաջացմանը մասնակցող ֆերմենտները (ցիկլոօքսիգենազ 1 և 2), և այս մեխանիզմով կրճատում պրոստոգլանդինների մակարդակը: Արդյունքում մեղմանում է բորբոքումը և դրան ուղեկցող ախտանիշները:
Մելոքսիկամն օգտագործման համար հաստատվել է 2000-ի ապրիլին:
Բրենդային անվանումներ՝ Mobic
Օրինակներ
ՈՍՀԲԴ խմբի այլ դեղերից են՝
- Իբուպրոֆեն
- Ինդոմեթացին
- Նաբումետոն
- այլ բազմաթիվ դեղեր:
Ցուցումներ
Մելոքսիկամն օգտագործվում է 2 տարեկան և ավելի բարձր տարիքով անձնաց մոտ օստեոարթրիտով, ռևմատոիդ արթրիտով և յուվենիլ ռևմատոիդ արթրիտով պատճառված հոդերի կարկամվածությունը, այտուցվածությունը և ցավը բուժելիս:
Կողմնակի ազդեցություններ
- ՈՍՀԲԴ-ի նկատմամբ ալերգիկ անձանց մոտ Մելոքսիկամը կարող է առաջացնել շնչարգելություն: Այս դեղերի նկատմամբ սուր ալերգիկ ռեակցիա դրսևորելու առումով ռիսկային են նաև ասթմայով անձինք:
- Մելոքսիկամը կարող է առաջացնել բարձր արյան ճնշում կամ առկա հիպերտենզիայի վատթարացում: Ուստի բուժման ընթացքում հարկավոր է վերահսկել պացիենտի զարկերակային ճնշումը:
- Մելոքսիկամը կարող է առաջացնել օրգանիզմում հեղուկի պահպանում (այտուց): Ուստի, սրտային անբավարարությամբ անձանց այս դեղը պետք է զգուշությամբ նշանակել:
- Մելոքսիկամը կարող է թուլացնել երիկամների գործունեությունը: Ուստի, սուր երիկամային անբավարարությամբ անձանց այս դեղը նույնպես պետք է զգուշությամբ նշանակել: Մելոքսիկամ նշանակելիս պետք է լրացուցիչ զգուշություն ապահովել նաև մեծ տարիքով անձանց, սրտային անբավարարությամբ, լյարդի գործունեության խաթարմամբ, ԱՓՖ արգելակիչներ կամ անգիոտենսզին II-ի պաշարիչներ ստացողների դեպքում:
- Առանց որևէ նախանշանների կարող են ի հայտ գալ մաշկային ռեակցիաներ, օրինակ՝ էքսֆոլիատիվ դերմատիտ, Ստիվեն-Ջոնսոնի համախտանիշ կամ տոքսիկ էպիդերմալ նեկրոզ:
- ՈՍՀԲԴ-ը (բացառությամբ՝ ցածր դեղաչափով Ասպիրինի) կարող են բարձրացնել կյանքին սպառնացող սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի և փոխկապված այլ հիվանդությունների ռիսկը սրտանոթային հիվանդությունների նկատմամբ բարձր ռիսկով կամ ռիսկ չունեցող անձանց շրջանում: Այս բարդությունները կարող են ի հայտ գալ բուժման վաղ փուլերում, նույնիսկ՝ առաջին շաբաթվա ընթացքում, հատկապես սրտանոթային հիվանդությունների նկատմամբ բարձր ռիսկով անձանց շրջանում: Ուստի, ՈՍՀԲԴ-ը որպես ցավամոքիչ միջոց չի կարելի նշանակել սրտի պսակային հիվանդություններով անձանց մոտ կորոնար միջամտություններից հետո:
- Կենտրոնական նյարդային համակարգի վրա դրսևորած ազդեցություններից են՝ քնկոտություն, գլխապտույտ և մթագնած տեսողություն այն պացիենտների մոտ, ովքեր ստանում են մեկ այլ ՈՍՀԲԴ:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Մելոքսիկամը կարող է բարձրացնել արյան մեջ Լիթիումի մակարդակը՝ կրճատելով երիկամներով այս նյութի արտազատումը, ուստի կարող է հանգեցնել Լիթիումի թունավոր ազդեցության սաստկացման:
- Մելոքսիկամը կարող է թուլացնել բարձր արյան ճնշման դեմ նշանակված դեղերի բուժական ազդեցությունը: Այս մեխանիզմը կապված է արյան ճնշման կարգավորման մեջ պրոստոգլանդինների դերի հետ:
- Մեթոտրեքսատի կամ ամինոգլիկոզիդների (օրինակ՝ Գենտամիցին) հետ Մելոքսիկամ նշանակելիս առաջին երկուսի մակարդակներն արյան մեջ կարող է բարձրանալ (ամենայն հավանականությամբ՝ օրգանիզմից հեռացման արագության թուլացման մեխանիզմով): Ուստի նման փոխազդեցության պատճառով կարող է բարձրանալ Մեթոտրեքսատի կամ ամինոգլիկոզիդների թունավոր կամ կողմնակի ազդեցությունները:
- Մելոքսիկամը կարող է բարձրացնել երիկամների գործունեության վրա Ցիկլոսպորինի բացասական ազդեցությունը և նվազեցնել Ֆուրոսեմիդի և թիազիդային միզամուղների ազդեցությունը (կրկին՝ պրոստոգլանդինների կրճատման միջոցով):
- Վարֆարին ընդունող անձինք պետք է խուսափեն Մելոքսիկամ ստանալուց (արյան մակարդելիության անկառավարելի նվազեցման վտանգ):
- Անցյալում ասթմայի նոպա, եղնջացան կամ որևէ այլ սուր ալերգիկ ռեակցիա (այդ թվում՝ մեկ այլ ՈՍՀԲԴ-ից կամ Ասպիրինից) նշող անձինք պետք է հրաժարվեն Մելոքսիկամից:
- Ալկոհոլային խմիչքներ չարաշահող անձանց մոտ Մելոքսիկամը կամ այլ ՈՍՀԲԴ-ը կարող են բարձրացնել ստամոքսի խոցի զարգացման ռիսկը:
- Խոլեստիրամին, Կոլեստիպոլ և Կոլեսեվելամ ընդունող անձանց մոտ Մելոքսիկամի ազդեցությունը կարող է նվազել (վերջինիս աղինեով ներծծման թուլացում):
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղի կանանց շրջանում Մելոքսիկամի օգտագործման անվտանգության վերաբերյալ հետազոտություններ չկան, ուստի այս դեղից պետք է խուսափել հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում: Մելոքսիկամը հղիության երրորդ եռամսյակում կարող է առաջացնել այսպես կոչված ductus arteriosus (սրտի և թոքերի հիմնական արյունատար անոթների վաղ փակում), ուստի այս դեղից պետք է խուսափել նաև հղիության ուշ փուլերում:
- Կրծքի կաթով Մելոքսիկամի արտազատման վերաբերյալ որևէ հետազոտություն չկա:
Դեղաչափեր
- Յուրաքանչյուր առանձին պացիենտի համար պետք է ընտրել նվազագույն արդյունավետ դեղաչափը:
- Մելոքսիկամով բուժումը սովորաբար սկսվում է օրական 7,5 մգ դեղաչափով: Որոշ պացիենտների համար կարող է կարիք առաջանալ շարունակելու 15 մգ օրական դեղաչափով, բայց այս ավելի բարձր դեղաչափով բուժումը պահանջում է բժշկի մշտական հսկողություն:
- Յուվենիլ ռևմատոիդ արթրիտը բուժվում է սկսած օրական 0,125 մգ/կգ-ից մինչև 7,5 մգ/օր:
- Մելոքսիկամը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց դրա:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 7,5 մգ և 15 մգ դեղաչափերով:
- Խմելու (օրալ) սուսպենզիա՝ 7,5 մգ/մլ դեղաչափեր:
Պահպանում
- Մելոքսիկամը պետք է պահպանել չոր և սենյակային ջերմաստիճանային պայմաններում (15-30 C):
Ամփոփում
Մելոքսիկամը ՈՍՀԲԴ է, որը նշանակվում է օստեոարթրիտով, ռևմատոիդ արթրիտով և մանկական տարիքի արթրիտով երկու տարեկան և ավելի բարձր անձանց մոտ հոդերի բորբոքմամբ պայմանավորված այտուցը, կարկամությունը և ցավը բուժելիս:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-07-2020 վերանայվել է՝ 23-01-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: