Ընդհանուր նկարագրություն
Մետֆորմինը բերանային (օրալ) դեղամիջոց է, որը հաճախ նշանակվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման մեջ:
Մետֆորմինը նվազեցնում է արյան շաքարի (գլյուկոզի) մակարդակը` բարելավելով հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ: Մասնավորապես, Մետֆորմինը բարձրացնում է լյարդի, մկանների, ճարպերի և այլ հյուսվածքների զգայունությունը ինսուլին վերցնելու և ինսուլինի ազդեցությունների նկատմամբ:
Մետֆորմինը չի առաջացնում մարմնի քաշի բարձրացում, այլ հակառակը, կարող է օգնել քա՛շի նվազեցմանը, ուստի այն սովորաբար նշանակվում է 2-րդ տիպի դիաբետ և մարմնի ավելորդ քաշ ունեցող մարդկանց:
Չափահասների մոտ Մետֆորմինը կարող է օգտագործվել առանձին կամ դիաբետի այլ դեղերի, այդ թվում՝ ինսուլինի հետ զուգակցված:
Մետֆորմինը նվազեցնում է արյան գլյուկոզի մակարդակը երկու ճանապարհով՝
- կրճատում է լյարդից գլյուկոզի ազատումը (որտեղ վերջինս պահեստավորվում է)
- օգնում է օրգանիզմի բջիջներին, որ արյան հունից «վերցնեն» գլյուկոզի ավելի մեծ քանակներ:
Մետֆորմինը նաև՝
- չի առաջացնում մարմնի քաշի ավելացում
- նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը
- միայն շատ փոքր հավանականությամբ կարող է պատճառել արյան շաքարի մակարդակի կտրուկ անկում (հիպոգլիկեմիա):
Ի տարբերություն գլյուկոզը նվազեցնող սուլֆոնիլուրեային դասի դեղամիջոցների (օրինակ՝ Գլիբուրիդ կամ Գլիպիզիդ), Մետֆորմինը չի բարձրացնում արյան մեջ ինսուլինի մակարդակը, ուստի, միայնակ օգտագործելիս չի առաջացնում արյան գլյուկոզի մակարդակի չափից դուրս անկում: Գիտական հետազոտությունները վկայում են, որ Մետֆորմինը նվազեցնում է շաքարային դիաբետի այնպիսի բարդությունների ռիսկը, ինչպիսիք են սրտային հիվանդությունը, կուրությունը և երիկամային հիվանդությունը:
Ամերիկյան FDA կազմակերպությունը հաստատել է Մետֆորմինը 1994թ. դեկտեմներին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Glucophage, Glucophage XR, Glumetza, Fortamet, Riomet
Ցուցումներ
- Մետֆորմինը նշանակվում է 2-րդ տիպի դիաբետով մարդկանց արյան գլյուկոզի մակարդակը հսկելու համար: Այն կարող է նշանակվել չափահաս մարդկանց և 10 տարեկանից բարձր երեխաներին: Այս նպատակի համար Մետֆորմինը կարող է նշանակվել միայնակ կամ մեկ այլ դիաբետի դեղի հետ համակցված:
- Մետֆորմինը նաև կարող է նշանակվել բարձր ռիսկի մարդկանց որպես դիաբետի զարգացումը կանխարգելող դեղամիջոց (նախադիաբետ):
- Մետֆորմինը կարող է նշանակվել պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի բուժման մեջ:
- Մետֆորմինը կարող է օգնել փսիխոզների բուժման մեջ օգտագործվող դեղերից քաշի ավելացման բուժմանը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Մետֆորմինի տարածված կողմնակի ազդեցություններից են՝
- սրտխառնոց
- փսխում
- գազեր
- աղիների փքվածություն (մետեորիզմ)
- փորլուծություն
- ախորժակի անկում:
Յուրաքանչյուր անձ դեղին տալիս է առանձնահատուկ պատասխան: Ուստի, պարտադիր չէ, որ ձեզ մոտ ի հայտ գան թվարկված բոլոր անցանկալի երևույթները:
Այս ախտանիշներն ի հայտ են գալիս յուրաքանչյուր 3 պացիենտից մեկի մոտ: Սակայն, դրանք կարող են լինել այնչափ արտահայտված, որ բժիշկը ստիպված լինի դադարեցնել բուժումը (յուրաքանչյուր 20 պացիենտից մեկի մոտ): Նման իրավիճակը կախված է դեղի դոզավորումից և կարող է մեղմանալ, երբ դեղաչափը նվազեցվում է:
Մետֆորմին ընդունելիս դուք նաև կարիք ունեք ուշադիր հսկելու ձեր դիաբետի ընթացքը: Հատկապես ուշադիր է պետք լինել, որ հնարավորինս վաղ հայտնաբերեք արյան բարձր (հիպերգլիկեմիա) կամ ցածր (հիպոգլիկեմիա) գլյուկոզի նշանների առաջացումը:
Եթե Մետֆորմինի նշանակումը խնդրահարույց է, բժիշկը կարող է ձեզ առաջարկել դիաբետի բուժման որևէ այլ դեղ:
Մետֆորմինը նաև կարող է առաջացնել՝
- ընդհանուր թուլություն կամ հոգնածության զգացում
- շնչուղիների վարակներ
- վիտամին B12-ի ցածր մակարդակ
- ցածր արյան գլյուկոզ (հիպոգլիկեմիա)
- փորկապություն
- ստամոքսի խանգարում (դիսպեպսիա), մկանային ցավեր
- այրոցք
- դող և սարսուռ:
Մետֆորմինի ծանր, սակայն հազվադեպ հանդիպող ազդեցությունից էլակտատային (կաթնաթթվային) ացիդոզը, որը հանդիպում է 30 հազար պացիենտից մեկի մոտ և 50% դեպքերում ավարտվում է մահով: Լակտատ-ացիդոզի նշաններից են՝
- ծայրաստիճան թուլություն
- շնչառության դժվարացում
- սրտի ռիթմի խանգարումներ
- անսովոր մկանացավեր
- ստամոքսի դիսկոմֆորտ
- գլխապտույտ
- մրսելու զգացում:
Այս վիճակն ավելի հավանական է, որ կզարգանա հետևյալ դեպքերում՝
- երիկամային կամ լյարդային անբավարարություն
- կանգային սրտային անբավարարություն
- ծանր սուր հիվանդություն
- ջրազրկում:
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ ի հայտ են եկել կյանքին սպառնացող կողմնակի ազդեցություններ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Փոխազդեցություններ
- Ցիմետիդինը կրճատում է Մետֆորմինի հեռացման արագությունը և կարող է արյան մեջ դեղի խտությունը բարձրացնել շուրջ 40%-ով: Սա կարող է բարձրացնել Մետֆորմինի կողմնակի ազդեցությունների հաճախականությունը:
- Լովերսոլը և մյուս յոդացված կոնտրաստային նյութերը կարող են նվազեցնել երիկամների գործունեությունը, որի պատճառով դանդաղում է Մետֆորմինի հեռացումն օրգանիզմից և աճում է արյան մեջ դեղի խտությունը: Այս պատճառով Մետֆորմինի ընդունումը պետք է դադարեցվի յոդացված կոնտրաստանյութ օգտագործելուց առաջ և հետո առնվազն 48 ժամվա ընթացքում:
- Թիազիդային միզամուղները, ստերոիդները, էստորգենները և բերանային (օրալ) հակաբեղմնավորիչները կարող են բարձրացնել արյան գլյուկոզը և իջեցնել Մետֆորմինի արդյունավետությունը: Երբ նշված դեղերի ընդունումը դադարեցվում է, պացիենտները պետք է ուշադիր զննվեն և հետազոտվեն՝ հայտնաբերելու ցածր արյան գլյուկոզի (հիպոգլիկեմիա) նշանները:
- Ալկոհոլի օգտագործումը բարձրացնում է Մետֆորմինի լակտատ առաջացնելու ազդեցությունը՝ բարձրացնելով կաթնաթթվային ացիդոզի ռիսկը:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղի կանանց կողմից Մետֆորմինի օգտագործման վերաբերյալ համարժեք տվյալներ չկան: Բազմաթիվ փորձագետներ համաձայն են, որ դիաբետով հղի կանանց համար լավագույն բուժման տարբերակն Ինսուլինն է:
- Մետֆորմինն արտազատվում է կրծքի կաթի մեջ և կարող է կաթով անցնել նորածնին: Ոսւտի կրծքով կերակրող մայրերը պետք է զերծ մնան Մետֆորմին օգտագործելուց:
- Սովորաբար Մետֆորմին չի նշանակվում լյարդի կամ երիկամների ծանր ախտահարումների ժամանակ:
Դեղաչափեր
- Չափահասների մոտ 2-րդ տիպի դիաբետի բուժման համար Մետֆորմինով (անհապաղ ազդող) բուժումը սովորաբար սկսվում է 500 մգ օրը երկու անգամ կամ 850 մգ օրը մեկ անգամ դեղաչափով: Դեղաչափն աստիճանաբար բարձրացվում է շաբաթական 500 մգ-ով կամ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ 850 մգ-ով՝ կախված անձի կողմից դեղի տանելիությունից և արյան գլյուկոզի պատասխան մակարդակներից: Առավելագույն օրական դեղաչափը 2550 մգ է, որը պետք է տրվի երեք մասի բաժանելով: Մետֆորմինը պետք է օգտագործվի սննդի հետ:
- Եթե օգտագործվում են երկար ազդող հաբեր, մեկնարկային օրական դեղաչափը 500 մգ կամ 1000 մգ է, որը տրվում է երեկոյան ընթրիքի հետ: Դեղաչափը կարող է բարձրացվել շաբաթական 500 մգ-ով մինչև առավելագույն օրական 2000 մգ:
- 10-16 տարեկան երեխաների համար մեկնարկային դեղաչափը 500 մգ-ից օրական 2 անգամ է: Այս դեղաչափը կարող է բարձրացվել շաբաթական 500 մգ-ով՝ մինչև առավելագույն օրական 2000 մգ՝ որը պետք է տրվի երկու մասի բաժանելով:
- 17 տարեկանից մեծ երեխաները կարող են ստանալ 500 մգ երկար ազդող հաբեր՝ մինչև առավելագույն օրական 2000 մգ: Մինչև 17 տարեկան երեխաների համար երկար ազդող հաբեր օգտագործել խորհուրդ չի տրվում:
- Մետֆորմին պարունակող պատրաստուկները պետք է զգուշորեն օգտագործել թույլից մինչև չափավոր երիկամային ախտահարման ժամանակ: Երիկամային գործունեությունը պետք է գնահատվի մինչև բուժումը սկսելը և դրանից հետո՝ տարեկան առնվազն մեկ անգամ:
- Մետֆորմին չի կարելի նշանակել այն մարդկանց, ում կծիկային զտման արագությունը (eGFR) 30 մլ/րոպե/1,73 մ2 է և խորհուրդ չի տրվում սկսել Մետֆորմինի ընդունումը, եթե նույն ցուցանիշը կազմում է 30-45 մլ/րոպե/1,73 մ2:
- Մետֆորմինի օգտագործումը պետք է դադարեցվի յոդային կոնտրաստային նյութ ներմուծելուց առաջ կամ այդ ընթացքում, եթե պացիենտի eGFR կազմում է 30-60 մլ/րոպե/1.73 մ2 և նա նշում է լյարդային հիվանդություն, քրոնիկ ալկոհոլիզմ կամ սրտային անբավարարություն կամ այն դեպքում, երբ նրան ներմուծվելու է ներզարկերակային յոդային կոնտրաստ: Երիկամների գործունեությունը պետք է գնահատվի կոնտրաստը ստանալուց 48 ժամ անց և Մետֆորմինով բուժումը կարող է շարունակվել, եթե երիկամների գործունեությունը կայուն է:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 500 մգ, 850 մգ և 1000 մգ:
- Երկար ազդող հաբեր՝ 500 մգ, 750 մգ և 1000 մգ:
- Բերանային (օրալ) լուծույթ՝ 100 մգ/մլ:
Պահպանում
- Մետֆորմինը պետք է պահպանել 20°C-ից 25°C սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Պետք է նկատի ունենալ, որ Մետֆորմինը մատչելի է տարբեր՝
- բրենդային անվանումներով
- տուփերով
- դեղաձևերով՝ հաբեր, երկարատև ազատվող հաբեր կամ դիաբետի այլ դեղերի հետ նույն հաբում առկա զուգակցումներ (պատրաստուկներ)
- ուժգնությամբ (դեղաչափ, դոզա):
Ամփոփում
Մետֆորմինը դեղամիջոց է, որը նշանակվում է 2-րդ տիպի դիաբետը բուժելու և 2-րդ տիպի դիաբետի նկատմամբ ռիսկային մարդկանց մոտ դիաբետը կանխարգելելու համար: Կողմնակի ազդեցություններից են ախորժակի անկումը, փքվածությունը, այրոցքը, աղիքային գազերը, սրտխառնոցը և փսխումը:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 02-06-2024