Skip to main content

Մեթիլպրեդնիզոլոն - Կորտիկոստերոիդներ

Ընդհանուր նկարագրություն

Մեթիլպրեդնիզոլոնն արհեստական (սինթետիկ) կորտիկոստերոիդ է, որն օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի և այլ բորբոքային հիվանդությունների բուժման համար:

Կորտիկոստերոիդները բնական քիմիական նյութեր են, որոնք արտադրվում են երիկամների վրա նստած մակերիկամների կողմից: Կորտիկոստերոիդները տարբեր կերպ են ազդում նյութափոխանակության վրա և փոփոխում են իմունային համակարգը: Կորտիկոստերոիդները նաև արգելափակում են բորբոքումը և օգտագործվում են բորբոքային հիվանդությունների լայն շրջանակի համար, որոնք ազդում են բազմաթիվ օրգանների վրա:

Մեթիլպրեդնիզոլոնը նշանակվում է բորբոքումը արագ ճնշելու համար:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Պրեդնիզոլոնը հաստատել է դեռևս 1957թ. հոկտեմբերին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Medrol, Depo-Medrol, Solu-Medrol, A-Methapred

Ցուցումներ

Բորբոքային վիճակների օրինակները, որոնց համար նշանակվում է Մեթիլպրեդնիզոլոնը, ներառում են հետևյալը՝

  • ռևմատոիդ արթրիտ
  • համակարգային կարմիր գայլախտ (լուխուս)
  • սուր հոդատապային (պոդագրային) արթրիտ
  • փսորիատիկ արթրիտ
  • խոցային կոլիտ
  • Կրոնի հիվանդություն:

Սուր ալերգիկ վիճակները, որոնք չի հաջողվում մեղմացնել սովորական հակաալերգիկներով, նույնպես կարող են արձագանքել Մեթիլպրեդնիզոլոնին: Օրինակները ներառում են՝

  • բրոնխիալ ասթմա
  • ալերգիկ ռինիտ
  • դեղորայքային դերմատիտ
  • կոնտակտային և ատոպիկ դերմատիտ (էկզեմա):

Մաշկի քրոնիկ հիվանդությունները, որոնց դեպքում կարող է նշանակվել Մեթիլպրեդնիզոլոն, ներառում են՝

  • հերպեսաձև դերմատիտ
  • բշտախտ (պեմֆիգուս)
  • ծանր փսորիազ
  • ծանր սերբորեային դերմատիտ:

Աչքի ուվեայի, ծիածանաթաղանթի, կոնյուկտիվայի և տեսողական նյարդերի քրոնիկ ալերգիկ և բորբոքային վիճակների դեպքում նույնպես կարող է նշանակվել Մեթիլպրեդնիզոլոն:

Մեթիլպրեդնիզոլոնը նաև օգտագործվում է շոկի և ցրված սկլերոզի բուժման համար, թեև դրանց արդյունավետությունն այս վիճակների դեպքում հակասական է:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Մեթիլպրեդնիզոլոնի կողմնակի ազդեցությունները կախված են դեղաչափից, բուժման տևողությունից և ընդունման հաճախականությունից: Մեթիլպրեդնիզոլոնով բուժման կարճատև կուրսերը սովորաբար լավ են հանդուրժվում՝ թողնելով սակավաթիվ, թեթև կողմնակի ազդեցություններ: Երկարաժամկետ, և բարձր չափաբաժիններով Մեթիլպրեդնիզոլոնը կարող է առաջացնել կանխատեսելի և պոտենցիալ ծանր կողմնակի բարդություններ:

Հնարավորության դեպքում Մեթիլպրեդնիզոլոնի ամենացածր արդյունավետ դեղաչափերը պետք է օգտագործվեն ամենակարճ ժամանակի ընթացքում՝ նվազագույնի հասցնելու կողմնակի ազդեցությունները: Հերթափոխվող օրական դեղաչափը նույնպես կարող է օգնել կողմնակի ազդեցությունների կրճատմանը:

Մեթիլպրեդնիզոլոնի և այլ կորտիկոստերոիդների կողմնակի ազդեցությունները տարբեր են՝ սկսած թեթև անհանգստություններից մինչև ծանր անդառնալի վնասներ: Ավելի հաճախ զեկուցված կողմնակի ազդեցությունները ներառում են հետևյալը՝

  • հեղուկների պահում օրգանիզմում
  • քաշի ավելացում
  • բարձր արյան ճնշում
  • արյան կալիումի կորուստ
  • գլխացավեր
  • մկանային թուլություն
  • դեմքի փքվածություն
  • դեմքի մազակալում
  • մաշկի բարակեցում և հեշտությամբ վնասում
  • գլաուկոմա
  • կատարակտա
  • պեպտիկ խոցոտում
  • շաքարային դիաբետի ընթացքի վատթարացում
  • անկանոն դաշտաններ
  • երեխաների աճի հապաղում
  • ջղաձգումներ
  • հոգեկան շեղումներ:

Կարևոր հոգեկան շեղումները կարող են ներառել հետևյալը՝

  • դեպրեսիա
  • էյֆորիա
  • անքնություն
  • անկայուն տրամադրություն
  • անձնային փոփոխություններ
  • փսիխոտիկ վարկագծեր:

Փոխազդեցություններ

Տեղեկացրեք ձեր բժշկին բոլոր այն դեղամիջոցների մասին, որոնք դուք ներկայումս ընդունում եք, ով կարող է ձեզ խորհուրդ տալ դեղերի ցանկացած հնարավոր փոխազդեցության մասին: Երբեք մի՛ սկսեք ինքնուրույն օգտագործել, հանկարծակի դադարեցնել կամ փոխել որևէ դեղամիջոցի դեղաչափը՝ առանց ձեր բժշկի առաջարկության:

  • Մեթիլպրեդնիզոլոնի հետ սուր փոխազդեցության մեջ մտնում է՝
    • Միֆերպիստոնը
  • Մեթիլպրեդնիզոլոնը լուրջ փոխազդեցություն կարող է դրսևորել առնվազն 75 տարբեր դեղամիջոցների հետ:
  • Մեթիլպրեդնիզոլոնը չափավոր աստիճանի փոխազդեցություն կարող է դրսևորել առնվազն 241 տարբեր դեղամիջոցների հետ:
  • Մեթիլպրեդնիզոլոնը թեթև աստիճանի փոխազդեցություն կարող է դրսևորել առնվազն 128 տարբեր դեղամիջոցների հետ:

Վերոնշյալ փոխազդեցությունները բոլոր հնարավոր փոխազդեցությունները կամ կողմնակի ազդեցությունները չեն:

Կարևոր է միշտ տեղեկացնել ձեր բժշկին, դեղագործին կամ բուժաշխատողին ձեր օգտագործած բոլոր դեղատոմսով և առանց դեղատոմսի դեղամիջոցների, ինչպես նաև յուրաքանչյուրի համար նախատեսված դեղաչափերի մասին և պահել տեղեկատվության ցանկ: Դեղորայքի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում դիմեք ձեր բժշկին կամ բուժաշխատողին:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Մեթիլպրեդնիզոլոնը պատշաճ կերպով չի գնահատվել հղի կանանց մոտ:
  • Մեթիլպրեդնիզոլոնը պատշաճ կերպով չի գնահատվել կերակրող մայրերի մոտ:

Դեղաչափեր

  • Կորտիկոստերոիդների դեղաչափերի պահանջները տարբեր են տարբեր անհատների և բուժվող հիվանդությունների միջև: Ընդհանուր առմամբ, պետք է նշանակվի ամենացածր արդյունավետ դեղաչափը:
  • Բերանային (օրալ) ընդունման դեղաչափն օրական 2-60 մգ է՝ կախված հիվանդությունից:
  • Դեպո-Մեդրոլի դեղաչափերը 10-80 մգ են, որոնք ներարկվում են միջմկանային 1-2 շաբաթը մեկ, իսկ Սոլու-Մեդրոլի դեղաչափերը՝ 10-250 մգ ներերակային կամ ներմկանային ներարկումներ՝ մինչև օրական 6 անգամ:
  • Սկզբնական դեղաչափը պետք է ճշգրտվի՝ ելնելով օրգանիզմի և հիվանդության արձագանքից: Օրվա ընթացքում մի քանի դեղաչափերով տրվող կորտիկոստերոիդներն ավելի արդյունավետ են, բայց նաև՝ ավելի թունավոր, քան օրական մեկ անգամ կամ երկու օրը մեկ տրվող նույն ընդհանուր օրական դեղաչափը:
  • Բերանային (օրալ) Մեթիլպրեդնիզոլոնը պետք է ընդունվի սննդի հետ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 4, 8, 16, 24 և 32 մգ:
  • Ներարկման կախույթ (սուսպենզիա)՝ 20, 40 և 80 մգ/մլ:
  • Ներարկման փոշի՝ 40, 125, 500, 1000 և 2000 մգ:

Պահպանում

  • Մեթիլպրեդնիզոլոնի պատաստուկները պետք է պահպանել 20-25° C սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Պետք է խուսափել սառեցնելուց:

Ամփոփում

Մեթիլպրեդնիզոլոնը սինթետիկ կորտիկոստերոիդային դեղամիջոց է, որը նշանակվում է հիվանդներին՝ ճնշելու մի շարք հիվանդությունների և վիճակների առաջացրած բորբոքումը, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը, սուր հոդատապային արթրիտը, փսորիատիկ արթրիտը, խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը: Մեթիլպրեդնիզոլոնի կողմնակի ազդեցությունները ներառում են օրգանիզմում հեղուկի պահպանում, քաշի ավելացում, բարձր արյան ճնշում, կալիումի կորուստ, գլխացավ, մկանային թուլություն, դեմքի այտուցվածություն, դեմքի մազակալում, մաշկի բարակեցում և հեշտ առաջացող կապտուկներ, գլաուկոմա, կատարակտ, պեպտիկ խոց, շաքարային դիաբետի վատթարացում և այլն:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-01-2024
Վերջին վերանայում՝ 30-01-2024