Skip to main content

Մետրոնիդազոլ - Հակաբիոտիկներ

Ընդհանուր նկարագրություն

Մետրոնիդազոլը հակաբիոտիկ է, որն արդյունավետ է անաերոբ բակտերիաներով և որոշ մակաբույծներով հարուցված վարակային հիվանդությունների բուժման մեջ:

Անաերոբ բակտերիաները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք գոյատևում են այնպիսի միջավայրերում, որտեղ թթվածին չկա կամ քիչ է (անաերոբ միջավայրեր): Անաերոբ բակտերիաները կարող են վարակային ախտահարումներ կամ հիվանդություններ առաջացնել որովայնի խոռոչում (բակտերիալ պերիտոնիտ), լյարդում (լյարդի թարախակույտ) և կոնքի խոռոչում (ձվարանների և ֆալոպյան փողերի թարախակույտ): Լյամբլիան և ամեոբան աղիքային մակաբույծներ են, որոնք վարակված մարդկանց մոտ կարող են առաջացնել որովայնային ցավեր և փորլուծություն: Տրիխոմոնիազը հեշտոցային մակաբույծ է, որն առաջացնում է հեշտոցաբորբ:

Մետրոնիդազոլն ընտրողաբար արգելափակում է բակտերիալ բջիջների և մակաբույծների որոշ գործառույթներ՝ հանգեցնելով դրանց ոչնչացման:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Մետրոնիդազոլը հաստատել է դեռևս 1963 թվականի հուլիսին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Flagyl

Ցուցումներ

  • Մետրոնիդազոլը նշանակվում է մակաբուծային վարակների բուժման մեջ, այդ թվում՝ բարակ աղիների լյամբլիային վարակ, լյարդի ամեոբային թարախակույտ, ամեոբային դիզենտերիա (որն ընթանում է արյունային լուծով), բակտերիալ վագինոզ, տրիխոմոնոզային հեշտոցային վարակներ, տրիխոմոնոզի կրողներ, ովքեր վարակի ախտանիշներ չունեն:
  • Ծանր վարակների ժամանակ Մետրոնիդազոլը նշանակվում է առանձին կամ այլ հակաբիոտիկների հետ զուգակցված՝ լյարդի, կոնքի խոռոչի, որովայնի խոռոչի, ներգանգային թարախակույտեր, որոնք ըստ երևույթին հարուցվել են անաերոբ բակտերիաներով:
  • Մետրոնիդազոլը նշանակվում է աղիքային վարակ հանդիսացող C. difficile բուժման մեջ: Լայն տարածում ստացած բազմաթիվ հակաբիոտիկներ կարող են փոփոխել հաստաղիքային միկրոֆլորան և առաջացնեն անաերոբ C. difficile-ի գերաճ։ Արդյունքում կարող է զարգանալ հաստ աղիքի բորբոքում՝ կեղծթաղանթային կոլիտ, որը դրսևորվում է սուր ջրիկ փորլուծությամբ և որովայնային ցավերով:
  • Մետրոնիդազոլն այլ դեղերի հետ զուգակցմամբ նշանակվում է ստամոքսի կամ աղիքային խոցերի առաջացման մեջ լուրջ դերակատարություն ունեցող Helicobacter pylori (H. pylori) վարակի բուժման մեջ:
  • Մետրոնիդազոլի հեշտոցային գելն օգտագործվում է բակտերիալ վագինոզների բուժման մեջ:
  • Մետրոնիդազոլի գելն օգտագործվում է մաշկի վարակային ախտահարումների ժամանակ, բերանի խոռոչի գելը՝ բերանի խոռոչում տեղակայված վարակները բուժելիս և այլն:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Ընդհանուր առմամբ Մետրոնիդազոլը ճիշտ օգտագործելիս մարդկանց մեծ մասի կողմից տարվում է նորմալ:

Ամենատարածված և թեթև կողմնակի ազդեցություններից են՝

  • սրտխառնոց
  • գլխացավեր
  • ախորժակի կորուստ
  • բերանում մետաղական համ
  • հազվադեպ՝ ցան
  • որովայնային կծկանքներ
  • փսխում
  • փորլուծություն
  • բերանի չորություն
  • մեզի մգացում
  • քաշի կորուստ (անոռեքսիա)
  • գլխապտույտ
  • փորկապություն
  • լեզվի այրոց
  • քթի փակվածություն
  • ջերմահորդանքներ
  • հեշտոցի չորություն:

Անհարմարավետություն առաջացնող, սակայն երբեմն լուրջ բնույթ ստացող կողմնակի ազդեցություններից են՝

  • ուղեղային ախտահարում
  • ջերմություն
  • ստոմատիտ (բերանի խոռոչի բորբոքում) և խոցեր
  • գլոսիտ (լեզվի բորբոքում)
  • միզելիս ցավեր (դիզուրիա)
  • ծակծկոցներ, որոնք կարող են դառնալ կայուն
  • կոնքում ցավեր կամ ճնշման զգացողություն
  • սեռական հակման (լիբիդո) անկում
  • պրոկտիտ (ուղիղ աղու բորբոքում)։

Հազվադեպ հանդիպող, սակայն ծանր կողմնակի ազդեցություններից են (նման դեպքերում Մետրոնիդազոլի ընդունումը պետք է կտրուկ դադարեցնել)`

  • ցնցումներ
  • նյարդերի վնասում, որը դրսևորվում է վերջույթների թմրածությամբ և ծակծկոցներով
  • ծայրամասային նեյրոպաթիա
  • էնցեֆալոպաթիա
  • ասեպտիկ մենինգիտ
  • Կրոնի հիվանդությամբ մարդկանց մոտ՝ հաստ աղու քաղցկեղ:

Փոխազդեցություններ

  • Ալկոհոլը պետք է բացառել, քանի որ Մետրոնիդազոլն ու ալկոհոլը միասին կարող են առաջացնել սուր սրտխառնոց, փսխումներ, մկանային կծկանքներ, ջերմահորդանքներ և գլխացավեր:
  • Մետրոնիդազոլը կարող է ուժեղացնել Վարֆարինի հակամակարդիչ ազդեցությունը և բարձրացնել արյունահոսության վտանգը՝ հավանաբար վերջինիս քայքայումը դանդաղեցնելու միջոցով:
  • Ցիմետիդինտը բարձրացնում է արյան մեջ Մետրոնիդազոլի մակարդակը, մինչդեռ Խոլեստիրամինը նվազեցնում է այն՝ վերջինիս կրճատելով ներծծումը:
  • Մետրոնիդազոլը չպետք է զուգակցվի ՄԻԱՎ վարակի բուժման մեջ նշանակվող Ամպրենավիրի հետ, քանի որ վերջինս պարունակում է պրոպիլեն գլիկոլ:
  • Մետրոնիդազոլն արգելակում է լյարդում պրոպիլեն գլիկոլի քայքայումը՝ բերելով արյան մեջ այս նյութի կուտակման և թունավոր ազդեցությունների դրսևորման, այդ թվում՝ ցնցումներ, հաճախասրտություն և երիկամային անբավարարություն:
  • Մետրոնիդազոլն անհայտ մեխանիզմներով բարձրացնում է արյան մեջ Կարբամազեմինի, Լիթիումի և Ցիկլոսպորինի մակարդակը: Այս դեղերը զուգակցելիս կարող են զարգանալ սուր կամ ծանր ռեակցիաներ:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Մետրոնիդազոլը չի նշանակվում հղիության վաղ փուլերում սաղմի վրա հնարավոր կողմնակի ազդեցության պատճառով:
  • Մետրոնիդազոլն անցում է մայրական կաթի մեջ: Կրծքով կերակրող մայրերը նորածնի մոտ հնարավոր կողմնակի ազդեցության պատճառով պետք է խուսափեն Մետրոնիդազոլ օգտագործելուց:

Դեղաչափեր

  • Մետրոնիդազոլի բերանային (օրալ) հաբերը կարող են օգտագործվել սննդի հետ կամ առանց դրա:
  • Հիվանդանոցում ծանր վարակները բուժելիս Մետրոնիդազոլը կարող է նշանակվել ներերակային ներարկման ճանապարհով:
  • Մետրոնիդազոլը քայքայվում և օրգանիզմից հեռանում է լյարդի միջոցով, ուստի լյարդի հիվանդություններ կամ լյարդի գործունեության խանգարումներ ունեցող անձանց համար Մետրոնիդազոլի դեղաչափերը պետք է պակասեցնել:

Բժիշկներն օգտագործում են Մետրոնիդազոլի տարբեր ռեժիմներ: Ստորև ներկայացվում են որոշ օրինակներ՝

  • ամեոբային դիզենտերիա. 750 մգ բերանային, օրական 3 անգամ, 5-10 օր
  • լյարդի ամեոբային թարախակույտ. 500-750 մգ բերանային, օրական 3 անգամ, 5-10 օր
  • անաերոբ վարակներ. 7,5 մգ/կգ բերանային հաբեր կամ ներարկում յուրաքանչյուր 6 ժամը մեկ, առավելագույնը 4 գ/օր, 7-10 օրվա ընթացքում
  • բակտերիալ վագինոզ. 750 մգ (երկար ազդող բերանային հաբեր) օրական 1 անգամ 7 օր կամ 500 մգ-ից օրական 2 անգամ 7 օր կամ 2 գ եզակի դեղաչափ կամ 0,75%-ոց հեշտոցային գելով լի մեկ ապլիկատոր, օրական 1-2 անգամ, 5 օրվա ընթացքում
  • Clostridium difficile վարակ. 250-500 մգ բերանային, օրական 4 անգամ կամ 500-750 մգ բերանային, օրական 3 անգամ
  • լյամբլիա. 250 մգ բերանային, օրական 3 անգամ, 5 օր
  • Helicobacter pylori. 800-1500 մգ բերանային, մի քանի օր՝ զուգակցված այլ դեղերի հետ
  • փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ). 500 մգ բերանային, օրական 2 անգամ, 14 օր՝ զուկացված այլ դեղերի հետ
  • տրիխոմոնոզ. 2 գ բերանային ընդունման, եզակի դեղաչափ կամ 1 գ օրական 2 անգամ
  • վարդագույն ակնե. տեղային գել 0,75-1%, օրական 1 անգամ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 250 և 500 մգ
  • Երկար ազդող հաբեր՝ 750 մգ
  • Պատիճներ՝ 375 մգ
  • Կրեմ՝ 0,75% և 1%
  • Լոսյոն՝ 0,75%.
  • Գել՝ 0,75% և 1%
  • Ներարկային լուծույթ՝ 5 մգ/մլ

Պահպանում

  • Մետրոնիդազոլը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսից պաշտպանված տեղում:

Ամփոփում

Մետրոնիդազոլը հակաբիոտիկ է, որը նշանակվում է հեշտոցի, սեռական շրջանի, մաշկի, որովայնի խոռոչի, արյան, ոսկրերի, հոդերի, նյարդային համակարգի և սրտի բազմաթիվ մակաբուծային և բակտերիալ վարակների բուժման մեջ: Հանրահայտ օրինակներից են՝ լյամբլիա, բակտերիալ վագինոզ, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ, C. difficile, H. pylori, սեռական ճանախարհով փոխանցվող վարակներ (տրիխոմոնոզ), վարդագույն ակնե, պերիտոնիտ, էնդոմետրիոզ, էնդոմետրիտ, փող-ձվարանային թարախակույտ, բակտերիալ սեպտիցեմիա, մենինգիտ, ուղեղի աբսցես, թոքաբորբ, թոքի աբսցես և էնդոկարդիտ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-02-2021
Վերջին վերանայում՝ 28-05-2023