Ընդհանուր նկարագրություն
Կաթնափուշը (расторопша) բույս է, որը կոչվում է իր մեծ փշոտ տերևների վրա սպիտակ ջղերի պատճառով:
Կաթնափշի ակտիվ բաղադրիչներից մեկը, որը կոչվում է սիլիմարին, ստացվում է բույսի սերմերից: Համարվում է, որ սիլիմարինն օժտված է հակաօքսիդանտային հատկություններով:
Կաթնափուշը վաճառվում է որպես բերանային (օրալ) պարկուճ (կապսուլա), դեղահատ և հեղուկ արտամզվածք: Մարդիկ այս հավելումը գլխավորապես օգտագործում են լյարդային հիվանդությունները բուժելու համար:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Որոշակի վիճակների համար կաթնափշի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:
- Շաքարային դիաբետ. կաթնափուշը կարող է նվազեցնել արյան շաքարը 2-րդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց մոտ, սակայն դրա օգուտները հաստատելու համար անհրաժեշտ են ավելի շատ ուսումնասիրություններ:
- Մարսողության խանգարում (դիսպեպսիա). կաթնափուշը, այլ հավելումների հետ զուգակցելիս, կարող է բարելավել մարսողության կամ ստամոքսի խանգարման ախտանիշները:
- Լյարդային հիվանդություն. լյարդային հիվանդության, օրինակ՝ ցիռոզի և հեպատիտ C-ի վրա կաթնափուշի ազդեցության վերաբերյալ տվյալները հակասական են:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Համարժեք դեղաչափերով ընդունելիս կաթնափուշը համարվում է անվտանգ հավելում:
Կաթնափուշը կարող է առաջացնել՝
- ստամոքսաղիքային խնդիրներ, օրինակ՝ փորլուծություն, փորկապություն, սրտխառնոց, փսխում և որովայնի փքվածություն
- քոր
- գլխացավ:
Եթե ունեք շաքարային դիաբետ, զգուշությամբ օգտագործեք կաթնափուշ, քանի որ այս հավելումը կարող է իջեցնել արյան շաքարը: Նաև մտահոգություն կա, որ կաթնափուշը կարող է ազդել էստրոգենի մակարդակի վրա: Եթե ունեք կրծքագեղձի քաղցկեղ, արգանդի քաղցկեղ, ձվարանների քաղցկեղ, էնդոմետրիոզ կամ արգանդի ֆիբրոիդներ, մտածեք կաթնափուշից խուսափելու մասին:
Կաթնափուշը նաև կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, այդ թվում՝ ծանր, կյանքին սպառնացող անաֆիլաքսիա: Ալերգիկ ռեակցիան ավելի տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ալերգիկ են բարդածաղկավորների (Asteraceae) ընտանիքի այլ բույսերի նկատմամբ, ինչպիսիք են ամբրոզիան, երիցուկը, նարգիզը և քրիզանթեմը:
Փոխազդեցություններ
Հնարավոր փոխազդեցությունները ներառում են հետևյալը
- Ցիտոքրոմ P450 2C9 (CYP2C9) սուբստրատներ. կաթնափշի օգտագործումը կարող է փոփոխել այս ֆերմենտը (էնզիմի) և որոշ դեղամիջոցների կողմից նույն ֆերմենտի վրա դրսևորած ազդեցությունները, ինչպիսիք են Դիազեպամը (Վալիում), Վարֆարինը (Յանտովեն) և այլն: Սա նշանակում է, որ կաթնափուշը կարող է ազդել ձեր օրգանիզմում նշված դեղամիջոցների մակարդակների, հետևաբար՝ արդյունավետության վրա:
- Դիաբետի դեղամիջոցներ. կաթնափուշը կարող է նվազեցնել արյան շաքարը 2-րդ տիպի դիաբետով մարդկանց մոտ: Ուշադիր վերահսկեք ձեր արյան շաքարի մակարդակները և զրուցեք ձեր բժշկի հետ նախքան կաթնափշի հավելումներ օգտագործելը, եթե ընդունում եք դիաբետի դեղամիջոցներ:
- Ռալօքսիֆեն (Էիվստա). կաթնափուշը կարող է ազդել լյարդում օստեոպորոզի բուժման այս դեղամիջոցի նյութափոխանակության վրա՝ հանգեցնելով ձեր արյան հունում վերջինիս ավելի բարձր մակարդակների: Զրուցեք ձեր բժշկի հետ նախքան կաթնափուշ օգտագործելը, եթե ընդունում եք Ռալօքսիֆեն:
- Սիմեպրեվիր. կաթնափշի օգտագործումը հեպատիտ C-ի այս դեղամիջոցի հետ կարող է բարձրացնել վերջինիս մակարդակն արյան շիճուկում: Ուստի, խուսափեք կաթնափշի և Սիմեպրեվիրի համատեղ օգտագործումից:
- Սիրոլիմուս (Ռապամուն). կաթնափշի օգտագործումն այս իմունոսուրպեսորի հետ կարող է փոփոխել օրգանիզմում դեղամիջոցի նյութափոխանակությունը:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Ամփոփում
Կաթնափուշը կարող է դեր խաղալ որոշակի լյարդային ախտահարումների բուժման մեջ:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-01-2024
Վերջին վերանայում՝ 24-01-2024