Դեղեր և հավելումներ
Մոքսիֆլոքսացին

Ընդհանուր նկարագրություն
Մոքսիֆլոքսացինը վերջին տարիներին լայնորեն օգտագործվող հակաբիոտիկ է, որը նշանակվում է բազմաթիվ բակտերիալ վարակային հիվանդությունների բուժման մեջ:
Մոքսիֆլոքսացինը ֆտորխինոլոնային հակաբիոտիկ է: Մոքսիֆլոքսացինը համարվում է լայն սպեկտրի բակտերիցիդ և հակաբակտերիալ ազդեցության հակաբիոտիկ:
Այն իր ազդեցությունը դրսևորում է՝ ընկճելով տոպոիզոմերազա II (ԴՆԹ-գիրազա) и տոպոիզոմերազա IV ֆերմենտները, որոնք անհրաժեշտ են բակտերիալ ԴՆԹ-ի ռեպլիկացիայի, տրանսկրիպցիայի, ռեպարացիայի և ռեկոմբինացիայի համար: Խախտում է բակտերիայի ԴՆԹ-ի սինթեզը և թողնում բակտերիցիդ ազդեցություն:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Մոքսիֆլոքսացինը հաստատել է 1999թ. դեկտեմբերին, որից հետո տարբեր բրենդային անվանումների ներքո ստացել է լայն կիրառում ողջ աշխարհով:
Բրենդային անվանումներ՝ Avelox
Օրինակներ
Ֆտորխինոլոնային դասի այլ հակաբիոտիկներից են՝
- Ցիպրոֆլոքսացին
- Լևոֆլոքսացին
- Օֆլոքսացին
- Գատիֆլոքսացին
- Նորֆլոքսացին
- Տրովաֆլոքսացին:
Ցուցումներ
Մոքսիֆլոքսացինը նշանակվում է գրամ-դրական և գրամ-բացասակայն բակտերիաներով հարուցված բազմաթիվ բակտերիալ վարակներ բուժելու համար:
Մոֆլոքսացինն իր բակտերիցիդ և հակաբակտերիալ ազդեցությունը դրսևորվում է հետևյալ բակտերիաների վրա՝
- Streptococcus anginosus
- Streptococcus constellatus
- Streptococcus pneumonia
- Enterobacter cloacae
- Աղիքային ցուպիկ (Escherichia coli)
- Haemophilus influenza
- Klebsiella pneumonia
- Moraxella catarrhalis
- Clostridium perfringens
- Chlamydophila pneumonia
- Mycoplasma pneumonia
Կողմնակի ազդեցություններ
Մոքսիֆլոքսացինի կողմնակի ազդեցություններից են՝
- սրտխառնոց
- գլխապտույտ
- փորլուծություն
- սրտի ԷՍԳ-ում QT ինտերվալի երկարացում
- ֆոտոզգայունություն (արյան ուղղակի ճառագայթների նկատմամբ մաշկի գերզգայունություն):
Հազվադեպ հանդիպող ալերգիկ ռեակցիաներից են եղնջացանը և անաֆիլաքսիան (շոկ): Վերջինը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն, ուստի անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել ձեր բժշկի հետ կամ զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն, եթե ձեզ մոտ ի հայտ է եկել այս ախտանիշներից մեկնումեկը՝
- սրտանոթային կոլապս (զարկերակային ճնշման կտրուկ անկում)
- դեմքի կամ կոկորդի այտուց
- շնչարգելություն
- եղնջացան
- մաշկային քոր:
Մոքսիֆլոքսացինի այլ անցանկալի ազդեցություններից են՝
- Մոքսիֆլոքսացինը զգուշությամբ պետք է նշանակվի նաև ցնցումային նոպաներով դրսևորվող կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությամբ մարդկանց՝ ելնելով այն հանգամանքից, որ դեղն ինքը կարող է հազվադեպ առաջացնել ցնցումներ
- պետք է զերծ մնալ մինչև 18 տարեկան երեխաներին Մոքսիֆլոքսացին նշանակելուց, քանի որ տարիքային այս խմբում դեղի անվտանգության վերաբերյալ տվյալները բավարար չեն
- Մոքսիֆլոքսացինը, ինչպես նաև ֆտորխինոլոնային խմբի մյուս հակաբիոտիկները կապված են ջլաբորբի (տենդոնիտ) և նույնիսկ ջլային (հատկապես՝ Աքիլեսյան ջլի) պատռվածքի առաջացման հետ. այս ռիսկը բարձրացած է հատկապես 60-ն անց մարդկանց մոտ, ովքեր ստանում են կորտիկոստերոիդներ (օրինակ՝ Պրեդնիզոն):
- Մոքսիֆլոքսացինը բազմաթիվ հակաբիոտիկների նման կարող է փոփոխել հաստ աղու նորմալ միկրոֆլորան և նպաստել աղու բորբոքման զարգացման համար պատասխանատու որոշ բակտերիաների գերբազմացմանը (օրինակ՝ C. difficile կամ կեղծթաղանթային կոլիտ), ուստի, եթե Մոքսիֆլոքսացին օգտագործելուց հետո ձեզ մոտ ի հայտ են գալիս ջրիկ լուծ, ջերմության բարձրացում և որովայնային ցավեր, ապա պետք է անհապաղ կապ հաստատել ձեր բժշկի հետ
- Մոքսիֆլոքսացինը որպես ֆտորխինոլոնային հակաբիոտիկ կարող է արգելակել նյարդամկանային հաղորդականությունը և վատթարացնել «միասթենիա գրավիս» հիվանդությամբ մարդկանց մոտ մկանային թուլությունը
- Մոքսիֆլոքսացինի ընդունումը դիաբետի դեղերից սուլֆոնիլուրեաների հետ միասին (օրինակ՝ Գլիբուրիդ) կարող է բերել հանկարծակի ցածր արյան գլյուկոզի (հիպոգլիկեմիա):
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Մոքսիֆլոքսացինի ընդունումը պետք է առանձնացնել ալյումին կամ մագնեզիում պարունակող անտացիդների, սուկրալֆատի և մուլտիվիտամինների ընդունումից, քանի որ դրանք կարող են նվազեցնել հակաբիոտիկի ներծծումը և արդյունավետությունը: Եթե դուք միաժամանակ ստանում եք այս դեղերից մեկնումեկը և Մոքսիֆլոքսացին, ապա դրանք պետք է խմել Մոքսիֆլոքսացինից չորս ժամ առաջ կամ ութ ժամ հետո:
- Մոքսիֆլոքսացինը կարող է ուժեղացնել Վարֆարինի հակամակարդիչ ազդեցությունը: Ուստի Վարֆարին խմող մարդկանց Մոքսիֆլոքսացին պետք է զգուշությամբ նշանակել, քանի որ մեծանում արյունահոսությունների և արյունազեղումների ռիսկը:
- Մոքսիֆլոքսացինը պետք է զգուշությամբ նշանակվի Սոտալոլի հետ միասին, քանի որ կարող է նպաստել սրտի առիթմիաների ռիսկի բարձրացմանը:
Հղիություն և կրծքով կերակրում
Որևէ ծանրակշիռ տվյալներ չկան այն մասին, թե արդյոք Մոքսիֆլոքսացինը բավարար անվտանգ ու արդյունավետ է հղի կանանց նշանակելիս: Ուստի, հղի կանանց դեղը պետք է նշանակվի հստակ ցուցում լինելիս:
Մոքսիֆլոքսացինը մուտք է գործում կրծքի կաթ: Մայրերը պետք է որոշեն, թե արդյոք արժի հրաժարվել կրծքով կերակրումից՝ Մոքսիֆլոքսացին ընդունելու համար, եթե համարժեք այլընտրանք չկա:
Մինչև 18 տարեկան երեխաներին Մոքսիֆլոքսացին չի նշանակվում, քանի որ տարիքային այս խմբի համար դեղի անվտանգության վերաբերյալ տվյալները բավարար չեն:
Դեղաչափեր
- Սուր բակտերիալ հարքթային ծոցերի վարակ (սինուսիտ)՝ 1 հաբ (400 մգ) խմելու կամ 400 մգ ներարկման ձևով, օրական 1 անգամ, 5-10 օրվա ընթացքում:
- Քրոնիկ բակտերիալ բրոնխիտ՝ 1 հաբ (400 մգ) խմելու կամ 400 մգ ներարկման ձևով, օրական 1 անգամ, 5 օրվա ընթացքում:
- Համայնքային-վարակված թոքաբորբ՝ 1 հաբ (400 մգ) խմելու կամ 400 մգ ներարկման ձևով, օրական 1 անգամ, 7-14 օրվա ընթացքում:
- Մաշկի և մաշկային կառուցվածքների չբարդացած վարակներ՝ 1 հաբ (400 մգ) խմելու կամ 400 մգ ներարկման ձևով, օրական 1 անգամ, 7 օրվա ընթացքում:
- Մաշկի և մաշկային կառուցվածքների բարդացած վարակներ (օրինակ՝ ցելյուլիտ)՝ 1 հաբ (400 մգ) խմելու կամ 400 մգ ներարկման ձևով, օրական 1 անգամ, 7-21 օրվա ընթացքում:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 400 մգ:
- Ներարկման ձև՝ 400 մգ/250 մլ:
Պահպանում
Մոքսիֆլոքսացինի հաբերը պահպանեք 20-25°C ջերմաստիճանային պայմաններում:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 08-11-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: