Skip to main content

Նիացին - Սննդային հավելումներ

Ընդհանուր նկարագրություն

Նիացինը B վիտամին է, որն արտադրվում և յուրացվում է ձեր օրգանիզմի կողմից՝ սնունդը էներգիայի վերածելու համար:

Այն օգնում է ձեր նյարդային համակարգի, մարսողական համակարգի և մաշկի առողջ վիճակի պահպանմանը:

Նիացինը (վիտամին B3) հաճախ ամենօրյա օգտագործման մուլտիվիտամինի մի մասն է, սակայն մարդկանց մեծամասնությունը բավարար քանակությամբ նիացին կարող է ստանալ սննդով: Նիացինով հարուստ մթերքներից են խմորասնկերը, կաթը, միսը, տորտիլյան և ամբողջահատիկ հացամթերքները:

Մարդիկ օգտագործում են Նիացին դեղամիջոցը (Նիակոռ, Նիասպան)՝ իրենց արյան խոլեստերինի մակարդակի վերահսկումն ավելի արդյունավետ դարձնելու ակնկալիքով:

Չափահաս տղամարդկանց համար նիացինի առաջարկվող դեղաչափը օրական 16 միլիգրամ է (մգ), իսկ չափահաս կանանց համար, ովքեր հղի չեն՝ օրական 14 մգ:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Առանձնահատուկ առողջական վիճակների բուժման համար բերանային նիացինի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:

  • Բարձր խոլեստերին. Նիացինի դեղամիջոցներն օգտագործվում են բարձր խտության լիպոպրոտեինի (ԲԽԼ) խոլեստերինի կամ «լավ» խոլեստերինի բարձրացման համար, որն օգնում է ձեր արյան հոսքից ցածր խտության լիպոպրոտեինի (ՑԽԼ)՝ «վատ» խոլեստերինի հեռացմանը: Չնայած նիացինի՝ ԲԽԼ-ի բարձրացման ունակությանը, առկա տվյալները վկայում են, որ նիացինով բուժումը կապված չէ մահացության, սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի ռիսկերի կրճատման հետ:
  • Նիացինի անբավարարություն (պելագրա). նիացինը և դրա հետ փոխկապված մեկ այլ սննդանյութը՝ նիացինամիդն օգտագործվում են նիացինային դեֆիցիտը բուժելու կամ կանխարգելելու համար: Պելագրան ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում հազվադեպ հանդիպող վիճակ է:

Նիացինի պակասը կապված է բնածին արատների հետ: Մկների վրա կատարված փորձարկումները վկայել են, որ հղիության ընթացքում նիացինային հավելումները կանխարգելել են բնածին արատները: Այնուամենայնիվ, մարդկանց մոտ համանման օգուտը դեռևս ապացուցված չէ:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Ճիշտ քանակներով բերանային (օրալ) նիացինը համարվում է անվտանգ:

Նիացինի բարձր դեղաչափեր հնարավոր է ստանալ այս հավելումը պարունակող դեղամիջոցների անվերահսկելի օգտագործմամբ: Նման դեպքերում նիացինը կարող է առաջացնել՝

  • սուր մաշկային ջերմահորդանք, որն ուղեկցվում է գլխապտույտով
  • արագացած սրտազարկ (տախիկարդիա)
  • քոր
  • սրտխառնոց և փսխում
  • որովայնային ցավեր
  • փորլուծություն
  • պոդագրա
  • լյարդի վնասում
  • դիաբետ:

Լուրջ կամ ծանր կողմնակի ազդեցություններն առավել հավանական են, եթե ընդունում եք օրական 2000-ից մինչև 6000 մգ նիացին: Եթե կարծում եք, որ ձեզ մոտ առկա է նիացինային գերդոզավորում, անմիջապես դիմեք անհետաձգելի բուժօգնության:

Եթե ունեք լյարդային հիվանդություն, պեպտիկ խոցային հիվանդություն կամ ցածր արյան ճնշում (հիպոտենզիա), մի՛ ընդունեք նիացինի մեծ քանակներ: Այս հավելումը կապված է լյարդի վնասման հետ, ինչպես նաև կարող է ավելի ծանրացնել ձեր ցածր ճնշումը և նպաստել պեպտիկ խոցի սրացմանը:

Նիացինի օգտագործումը նաև կարող է վատթարացնել ալերգիաները, լեղապարկի հիվանդությունները և վահանաձև գեղձի որոշակի խանգարումները: Եթե ունեք շաքարային դիաբետ, նիացինը կարող է խանգարել արյան շաքարի վերահսկմանը: Զգույշ օգտագործեք այս հավելումը, եթե ունեք պոդագրային հոդաբորբի բարդացած ձևեր: Նիացինը կարող է առաջացնել արյան միզաթթվի ավելցուկ (հիպերուրիկեմիա)՝ մեծացնելով պոդագրայի ռիսկը:

Փոխազդեցություններ

Հնարավոր փոխազդեցությունների օրինակներից են:

  • Ալկոհոլ. ալկոհոլի հետ նիացինի զուգակցումը կարող է մեծացնել լյարդի վնասման ռիսկը և վատթարացնել նիացինի կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են ջերմահորդանքը և քորը:
  • Ալոպուրինոլ (Զիլոպրիմ). եթե օգտագործում եք նիացին և ունեք պոդագրա, կարող է առաջանալ վերջինիս բուժման համար օգտագործվող դեղամիջոցների դեղաչափի բարձրացման կարիք:
  • Հակամակարդիչ (անտիկոագուլյանտ) և հակաթրոմբոցիտային (անտիագրեգանտ) դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ. այս տեսակի նյութերը թուլացնում են արյան մակարդելիությունը (երկարացնում են արյան մակարդման ժամանակը): Նիացինի հետ դրանց զուգակցումը կարող է բարձրացնել արյունահոսությունների ռիսկը:
  • Արյան ճնշման դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ. նիացինը կարող է ուժեղացնել արյան ճնշումը նվազեցնող նյութերի ազդեցությունը, հետևաբար՝ բարձրացնել անցանկալի ցածր արյան ճնշման ռիսկը (հիպոտենզիա):
  • Քրոմ. նիացինի օգտագործումը քրոմի հետ կարող է նվազեցնել ձեր արյան շաքարի մակարդակը: Եթե ունեք շաքարային դիաբետ և ընդունում եք միաժամանակ նիացին և քրոմ, ավելի ուշադիր վերահսկեք ձեր արյան շաքարի մակարդակը:
  • Դիաբետի դեղամիջոցներ. եթե ունեք դիաբետ, նիացինը կարող է խանգարել ձեր արյան շաքարի վերահսկմանը: Նման իրավիճակներում անհրաժեշտ է պատշաճ կերպով կարգավորել դիաբետի դեղերի դեղաչափերը:
  • Լյարդը վնասող (հեպատոտոքսիկ) դեղամիջոցներ, դեղաբույսեր և հավելումներ. այս միջոցները, ինչպես նիացինը, կարող են առաջացնել լյարդի վնասում:
  • Ստատիններ. հետազոտությունները վկայում են, որ նիացինի օգտագործումը խոլեստերինի դեղորայքի հետ միայն թեթևակի լրացուցիչ օգուտներ է տալիս՝ համեմատած միայն ստատինների օգտագործման հետ, սակայն կարող է բարձրացնել կողմնակի ազդեցությունների ռիսկը:
  • Ցինկ. նիացինի հետ միասին ցինկի ընդունումը կարող է վատթարացնել նիացինի կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են ջերմահորդանքը և քորը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

Եթե հղի եք, բարձր խոլեստերինի համար մի՛ ընդունեք դեղորայքային նիացին: Այնուամենայնիվ, եթե ունեք նիացինի անբավարարություն, այս սննդանյութն, ամենայն հավանականությամբ, անվտանգ է ընդունել հղիության ընթացքում և կրծքով կերակրող կանանց, եթե օգտագործվի առաջարկվող դեղաչափով:

Ամփոփում

Նիացինային դեղամիջոցները կարող են օգնել բարձր խոլեստերին ունեցող մարդկանց, ովքեր չեն կարող ստանալ ստատիններ կամ եթե ստատինները, սննդակարգը և վարժանքները բավարար չափով չեն կարգավորում արյան խոլեստերինի մակարդակը: Մի՛ օգտագործեք նիացինի մեծ քանակներ, եթե հղի եք և ունեք արյան բարձր խոլեստերին:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 22-01-2024
Վերջին վերանայում՝ 23-01-2024