Ընդհանուր նկարագրություն
Նիֆեդիպինը կալցիումական անցուղիների պաշարիչների խմբին պատկանող դեղամիջոց է, որը նշանակվում է կրծքահեղձուկի և բարձր արյան ճնշման բուժման մեջ:
Կալցիումը մասնակցում է մկանների կծկմանը, ուստի, պաշարելով կալցիումի մուտքը դեպի մկանաբջիջներ, Նիֆեդիպինը և այս խմբի մյուս դեղերը թուլացնում են զարկերակները շրջապատող մկանաթելերը, որի շնորհիվ այդ անոթները լայնանում են՝ իրենց մեջ տեղավորելով ավելի շատ արյուն: Այսպիսով, Նիֆեդիպինը դառնում է սրտամկանը սնուցող պսակային զարկերակների կծկանքով (սպազմ) պայմանավորված հետկրծոսկային ցավերի՝ կրծքահեղձուկի (ստենոկարդիա) կանխարգելման և բուժման համար արդյունավետ դեղամիջոց:
Մարմնի այլ շրջաններում զարկերակների մկանների թուլացումը բերում է արյան ճնշման նվազեցման, որն իր հերթին սրտի կողմից արյան մղումը դեպի այդ անոթներ դարձնում է ավելի դյուրին և նվազում է թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջը: Նվազեցնելով թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջարկը, Նիֆեդիպինը մեղմացնում կամ կանխարգելում է կրծքահեղձուկը նաև այս մեխանիզմով:
Լայնացնելով զարկերակները՝ Նիֆեդիպինը նաև նվազեցնում է արյան ճնշումը, և այս ազդեցությունը թույլ է տալիս դեղը նշանակել բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս:
Նիֆեդիպինը ամերիկյան FDA կազմակերպության կողմից գրանցվել է 1981 թվականի դեկտեմբերին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Adalat, Procardia, Afeditab, Nifediac
Օրինակներ
Կալցիումական ուղիների արգելակիչների այլ ներկայացուցիչներից են՝
- Ամլոդիպին
- Վերապամիլ
- Դիլթիազեմ:
Ցուցումներ
Նիֆեդիպինը նշանակվում է լարվածության (ֆիզիկական գործ անելիս) կամ պսակային զարկերակային սպազմի հետևանքով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման և կանխարգելման նպատակով: Այն նաև նշանակվում է բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և վերփորոքային հաճախասրտությամբ ուղեկցվող սրտի ռիթմի խանգարումների (օրինակ՝ շողացող առիթմիա, վերփորոքային պարօքսիզմալ տախիկարդիա) կանխարգելման և բուժման մեջ:
Նիֆեդիպինի անոթալայնիչ ազդեցությունը թույլ է տալիս այն նաև նշանակել Ռեյնոյի ֆենոմենով և այլ վիճակներով պատճառված անոթային կծկանքը (սպազմ) հանելիս:
Ամերիկյան FDA-ի կողմից չհաստատված Նիֆեդիպինի օգտագործման այլ ցուցումներից են՝
- հետանցային ճաքեր (տեղային օգտագործում)
- չափահասների մոտ միգրենային գլխացավերի կանխարգելում
- միզածորանային քարեր (որպես երկրորդային բուժում)
- վերքերի լավացում (տեղային օգտագործում):
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Նիֆեդիպինի կողմնակի ազդեցությունն ընդհանուր առմամբ թեթև և դարձելի են: Դրանց մեծ մասն ի հայտ են գալիս որպես զարկերակների լայնացմանն ուղեկցող սպասելի հետևանքներ: Ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝
- գլխացավ
- գլխապտույտ
- ջերմահորդանքներ
- ստորին վերջույթների այտուց:
Ավելի հազվադեպ կարող են ի հայտ գալ՝
- սրտխառնոց
- փորկապություն։
Հազվադեպ, կարող են ի հայտ գալ՝
- մկանային ջղաձգումներ
- շնչառական խզզոցներ
- լնդերի գերաճ
- էրեկտիլ դիսֆունկցիա
- արյան ճնշման հավելյալ անկում (հիպոտենզիա):
Փոխազդեցություններ
- Հազվադեպ, Նիֆեդիպինը կապված է կանգային սրտային անբավարարությանը հետ, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր նախապես ստացել են որևէ բետա-պսշարիչ՝ Պրոպրանոլոլ (Ինդերալ), Մետոպրոլոլ (Լոպրեսսոր) և այլն: Նիֆեդիպինի մեկնարկային ընդունման ժամանակ կարող է գրանցվել արյան ճնշման անցանկալի անկում (հիպոտենզիա), հատկապես այն անձանց մոտ, ովքեր արդեն ընդունում են մեկ այլ ճնշումը նվազեցնող դեղամիջոց:
- Ընդհանուր առմամբ, Նիֆեդիպինը երեխաներին հակացուցված է:
- Նիֆեդիպինի օգտագործումը Դիգօքսինի (Լանօքսին) հետ միասին կարող է բարձրացնել արյան մեջ վերջինիս մակարդակը: Նման դեպքերում սովորաբար արյան մեջ Դիգօքսինի մակարդակը վերահսկվում է, որպեսզի կանխարգելվի գլիկոզիդային թունավորումը:
- Նիֆեդիպինը դանդաղեցնում է լյարդում Տակրոլիմուսի (Պրոգրաֆ) քայքայումը և կարող է բարձրացնել արյան մեջ վերջինիս մակարդակը՝ ավելացնելով դրա թունավոր ազդեցությունը:
- Նիֆեդիպինը կրճատում է արյան մեջ Խինիդինի մակարդակը, հետևաբար՝ արդյունավետությունը: Մյուս կողմից, Խինիդինը կարող է բարձրացնել Նիֆեդիպինի մակարդակն արյան մեջ և առաջացնել վերջինիս կողմնակի ազդեցությունների ուժեղացման:
- Ցիմետիդինը (Տագամետ) ազդում է լյարդում Նիֆեդիպինի քայքայման վրա և բարձրացնում արյան մեջ դեղի մակարդակը: Ուստի, այս երկու դեղերը պետք է զուգակցել զգուշորեն:
- Գրեյպֆրուտի հյութը (200 միլիլիտր) կարող է արգելակել լյարդում Նիֆեդիպինի քայքայումը և բարձրացնել այս դեղի մակարդակն արյան մեջ, ուստի Նիֆեդիպին ընդունելիս պետք է այս հյութից կամ մրգից խուսափել:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղի կանանց կողմից Նիֆեդիպինի օգտագործման վերաբերյալ համարժեք հետազոտություններ չկան, ուստի, ընդհանուր առմամբ, այն հղիության ընթացքում չի նշանակվում:
- Նիֆեդիպինը արտազատվում է կրծքի կաթի մեջ: Ընդհանուր առմամբ, կրծքով կերակրող մայրերին Նիֆեդիպին չի նշանակվում:
Դեղաչափեր
- Կրծքահեղձուկը բուժելիս Նիֆեդիպինի պատիճների սովորական դեղաչափն է՝ 10-20 մգ-ից օրական երեք անգամ: Կարող է պահանջվել 20-30 մգ-ից ամեն 6-8 ժամը մեկ ընդունում: Դեղաչափը չպետք է անցնի օրական 180 մգ-ից: Երկար ազդող հաբերի դեպքում սովորական դեղաչափը 30 կամ 60 մգ է, օրական մեկ անգամ ընդունմամբ, իսկ առավելագույն դեղաչափը՝ 120 մգ/օր:
- Բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս նշանակվում է Նիֆեդիպինի երկար ազդող հաբեր՝ օրական 30-60 մգ, առավելագույն դեղաչափը՝ 90 մգ/օր (Ադալատ) կամ 120 մգ/օր (Պրոկարդիա XL):
- Նիֆեդիպինը կարող է օգտագործվել սննդի հետ կամ առանց դրա:
- Հաբերը և պատիճները պետք է ամբողջապես կուլ տալ: Դրանք չի կարելի փշրել կամ կիսել մասերի:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Պատիճներ (կապսուլաներ) ՝ 10 և 20 մգ:
- Հաբեր՝ 30, 60 և 90 մգ:
Պահպանում
- Հաբերը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում (15-25°C): Դրանք պետք է պահպանել լույսից և խոնավությունից հեռու տեղում:
Ամփոփում
Նիֆեդիպինը կալցիումական անցուղիների պաշարիչ է, որը նշանակվում է կրծքահեղձուկի և բարձր արյան ճնշման բուժման մեջ: Այն դեղամիջոցը երբեմն նշանակվում է նաև Ռեյնոյի ֆենոմենի, հետանցքային ճաքերի բուժման և միգրենային գլխացավերի կանխարգելման համար:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2021
Վերջին վերանայում՝ 28-05-2023