Դեղեր և հավելումներ
Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ)

Ընդհանուր նկարագրություն
Եթե երբևե խմել եք որևէ դեղ, որ մեղմացնեք գլխացավը, ատամի ցավը կամ մեջքի ցավը, ամենայն հավանականությամբ ընդունել եք ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերից մեկնումեկը (ՈՍՀԲԴ):
ՈՍՀԲԴ կարող են օգտագործվել, որպեսզի մեղմացվի ցավը, նվազեցվի կարմրությունը և այտուցվածությունը (բորբոքում) կամ բուժվի ջերմության բարձրացումը: ՈՍՀԲԴ հանրահայտ օրինակներից են՝ Ասպիրին, Նապրոքսեն, Իբուպրոֆեն և Ցելեկոքսիբը:
Օրինակներ
Ամենահայտնի ՈՍՀԲԴ-ից են՝
- Ասպիրին
- Ցելեկոքսիբ
- Դիկլոֆենակ
- Իբուպրրֆեն
- Ինդոմեթացին
- Մելոքսիկամ
- Նապրոքսին:
Ցուցումներ
ՈՍՀԲԴ կարող են օգտագործվել, որպեսզի մեղմացվի ցավը և բազմաթիվ հիվանդությունների ու առողջական վիճակների հետ կապված տարբեր ախտանիշներ, այդ թվում՝
- գլխացավեր
- ատամացավեր
- դաշտանային կծկանքներ (որովայնի ստորին շրջանի սպաստիկ ցավեր)
- մկանային ցավեր և լարվածություն
- հոդացավեր և հոդաբորբեր (արթրիտ)
- մեջքի, այդ թվում՝ գոտկային շրջանի ցավեր
- պարանոցի ցավեր
- ոչ վիրաբուժական բնույթի այլ ցավեր:
Բազմաթիվ երկրներում ՈՍՀԲԴ ցածր դեղաչափերով դեղաձևերը վաճառվում են առանց դեղատոմսի:
Գրեթե բոլոր տների դեղարկղիկներում կան որոշ ՈՍՀԲԴ: Դրանք արտադրվում են որպես հաբեր, պատիճներ, կրեմներ և քսուկներ, հեղուկներ, ներարկման լուծույթներ, սփրեյներ կամ մոմիկներ: Կան բազմաթիվ այլ հակաբորբոքային պատրաստուկներ, որոնց բաղադրության մեջ մտնում է որևէ ՈՍՀԲԴ:
Կողմնակի ազդեցություններ
Մի ընդունեք որևէ ՈՍՀԲԴ, եթե դրա նկատմամբ ունեք ալերգիա կամ գերզգայունություն, հղի եք կամ հավանական է, որ կհղիանաք, ունեք երիկամի կամ լյարդի լուրջ հիվանդություն, ստամոքս-աղիքային խոց կամ արյունահոսություն:
ՈՍՀԲԴ-ի ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝
- սրտխառնոց (նողկանքի զգացում)
- այրոցք (ռուսերեն՝ изжога)
- մարսողության խանգարման այլ նշաններ:
Ավելի լուրջ, սակայն ավելի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են ստամոքսի արյունահոսությունը կամ երիկամային խնդիրները: ՈՍՀԲԴ, այդ թվում՝ առանց դեղատոմսի վաճառող դեղերը քիչ բարձրացնում են նաև ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի ռիսկերը:
Հակաբորբոքային դեղերը (այդ թվում՝ Ասպիրինը) կարող են նաև որոշ մարդկանց մոտ նպաստել ասթմայի նոպայի դրսևորմանը: Ուստի, եթե դուք ունեք ասթմա և կարիք է առաջացել ընդունել որևէ ՈՍՀԲԴ, նախապես զրուցեք ձեր բժշկի հետ:
Մինչև 12-16 տարեկան երեխաներին չի կարելի տալ Ասպիրին, քանի դեռ այդ մասին չի հրահանգել ձեր բժիշկը (հազվադեպ հանդիպող Ռեյի համախտանիշի ռիսկ):
Ովքե՞ր են կողմնակի ազդեցությունների նկատմամբ ռիսկային
Ընդհանուր առմամբ, ՈՍՀԲԴ կողմնակի ազդեցությունները կարելի է նվազեցնել, եթե այդ դեղերն ընդունեք եզակի դեպքերում և ձեր գանգատները մեղմացնող ամենացածր դեղաչափերով:
Կողմնակի ազդեցությունների ռիսկը բարձրանում է, եթե դուք՝
- միաժամանակ ընդունում եք դեղերի որոշ զուգակցումներ, օրինակ՝ հակամակարդիչներ կամ կորտիկոստերոիդներ
- ունեք որոշ հիվանդություններ, օրինակ՝ ռեֆլյուքս հիվանդություն, ստամոքսի խոց, ստամոքսային արյունահոսություն, բարձր արյան ճնշում, դիաբետ, սրտանոթային հիվանդություններ, երիկամների ախտահարում և այլն
- 65 տարեկանից մեծ եք
- արդեն ընդունում եք մեկ այլ դեղ, որը պարունակում է մեկ այլ (կամ նույն) հակաբորբոքիչ դեղը
- խմում եք ալկոհոլ
- ընդունում եք ավելի մեծ դեղաչափ կամ կամ ավելի երկար ժամանակ, քան ձեզ նշանակված է:
Նույնիսկ եթե կողմնակի ազդեցություններ չեն դրսևորվում, կարևոր է, որպեսզի դուք խստորեն հետևեք բժշկի նշանակումներին:
Դադարեցրեք հակաբորբոքային դեղի ընդունումը և տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին, եթե ձեզ մոտ ի հայտ են գալիս ինքնազգացողության վատացում կամ ոչ ցանկալի այլ նշաններ: Ուշադիր եղեք հատկապես ստամոքսային արյունահոսության նկատմամբ և այնպիսի ախտանիշների զարգացմանը, ինչպիսք են՝
- ստամոքսի շրջանի ցավեր
- աղիքային պարունակության մեջ արյան առկայություն
- մուգ սրճագույն բնույթի փսխում:
Ամփոփում
Զրուցեք ձեր բժշկի հետ ոչ ստերոիդների օգուտների և հնարավոր ռիսկերի մասին: Մարդկանց մեծ մասի համար այս դեղերի բուժական ազդեցությունը գերակշռում է հայտնի ռիսկերին, սակայն, բոլոր դեպքերում, չի կարելի թերագնահատել առանձին դեղերի կողմնակի ազդեցությունները:
Հիշեք նաև, որ եթե որևէ հակաբորբոքային դեղամիջոց վաճառվում է առանց դեղատոմսի, դեռ չի նշանակում, որ այն անվնաս է: Անպայման ծանոթացեք դեղերի հետ տրվող թերթիկներին, և, եթե անորոշ հարցեր են մնում, հարցրեք այդ մասին ձեր բժշկին:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 23-01-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: