Ընդհանուր նկարագրություն
Օֆլոքացինը հակաբիոտիկ է, որը նշանակվում է բակտերիալ վարակների բուժման համար:
Օֆլոքացինը դադարեցնում է բակտերիաների բազմացումը՝ արգելակելով նրանց գենետիկ նյութի (ԴՆԹ) վերարտադրությունն ու վերականգնումը։
Ամերիկյան FDA կազմակերպությունը Օֆլոքացինը հաստատել է 1990թ․ դեկտեմբերին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Օրինակներ
Ֆտորխինոլոնային խմբի այլ հակաբիոտիկներից են՝
- Լևոֆլոքսացին
- Ցիպրոֆլոքսացին
- Գատիֆլոքսացին
- Նորֆլոքսացին
- Մոքսիֆլոքսացին
- Տրովաֆլոքսացին:
Ցուցումներ
Օֆլոքսացինը նշանակվում է բակտերիալ վարակների բուժման համար, որոնք առաջացնում են՝
- բրոնխիտ
- թոքաբորբ (պնևմոնիա)
- քլամիդիա
- գոնորեա
- մաշկային վարակներ
- միզուղիների վարակներ
- շագանակագեղձի վարակներ (բակտերիալ պրոստատիտ):
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Օֆլոքսացինի ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝
- սրտխառնոց
- փսխում
- փորլուծություն
- անքնություն
- գլխացավ
- գլխապտույտ
- քոր
- կանանց մոտ՝ հեշտոցաբորբ (վագինիտ):
Նկարագրվել են նաև ալերգիկ ռեակցիանե, ինչպիսիք են եղնջացանը և անաֆիլաքսիան (շոկ):
Այլ կարևոր կողմնակի ազդեցությունները ներառում են նյարդային համակարգի խթանման ախտանիշները, ինչպիսիք են՝
- անհանգստություն կամ տագնապ
- էյֆորիա
- ցնորքներ (հալյուցիանցիա):
Օֆլոքսացինը կարող է առաջացնել ցածր կամ բարձր արյան շաքար, հատկապես դիաբետով անձանց մոտ, ովքեր ստանում են Ինսուլին կամ բերանային (օրալ) հիպոգլիկեմիկ դեղամիջոցներ:
Օֆլոքսացին ստացող անձանց մոտ կարող է զարգանալ արևի նկատմամբ մաշկի զգայունություն (ֆոտոզգայունություն), ուստի նման դեպքերում պետք է խուսափել արևի տակ մնալուց կամ օգտագործել արևապաշտպան միջոցներ և նրբաքսուքներ:
Օֆլոքսացինը և ֆտորխինոլոնային խմբի մյուս հակաբիոտիկները կապված են ջլաբորբի (տենդոնիտ) և նույնիսկ ջլային (հատկապես՝ Աքիլեսյան ջլի) պատռվածքի առաջացման հետ: Որոշ բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետներ խորհուրդ են տալիս, որ ֆտորխինոլոնային խմբի որևէ հակաբիոտիկ ընդունող մարդիկ դադարեցնեն ծանր ֆիզիկական վարժանքները:
Օֆլոքսացինը պետք է զգուշությամբ օգտագործվի կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով անձանց կողմից, ինչպիսիք են ցնցումները:
Օֆլոքսացին չպետք է նշանակել երեխաներին և 18 տարեկանից ցածր տարիքի դեռահասներին, քանի որ տարիքային այս խմբում դեղամիջոցի անվտանգությունը հաստատված չէ:
Բազմաթիվ հակաբիոտիկներ, ներառյալ Օֆլոքսացինը, կարող են զգալիորեն փոփոխել հաստ աղու միկրոֆլորան և նպաստել աղու բորբոքման զարգացման համար պատասխանատու որոշ բակտերիաների գերբազմացմանը (օրինակ՝ C. difficile, կեղծթաղանթային կոլիտ): Կեղծթաղանքային կոլիտը կարող է առաջացնել ջերմություն, որովայնային ցավեր, փորլուծություն և երբեմն նույնիսկ շոկ:
Մյուս ֆտորխինոլոնների նման, Օֆլոքսացինը չպետք է նշանակվի «միասթենիա գրավիս» հիվանդությամբ մարդկանց, քանի որ կարող է խորացնել մկանային թուլությունը։
Փոխազդեցություններ
- Օֆլոքսացինը կրճատում է Թեոֆիլինի արտազատումը՝ բարձրացնելով արյան մեջ վերջինիս մակարդակը: Թեոֆիլինն օգտագործվում է ասթմայի ժամանակ շնչուղիները «բացելու» համար: Եթե Օֆլոքսացինի և Թեոֆիլինի համադրությունից հնարավոր չէ խուսափել, պետք է հաճախակի ստուգել արյան մեջ Թեոֆիլինի մակարդակը:
- Օֆլոքսացինը կարող է ուժեղացնել Վարֆարինի հակամակարդիչ ազդեցությունը և բարձրացնել արյունահոսության ռիսկը:
- Օֆլոքսացինը կարող է առաջացնել արյան շաքարի մակարդակի անկում կամ բարձրացում, հատկապես դիաբետով անձանց մոտ, ովքեր ստանում են Ինսուլին կամ բերանային (օրալ) հիպոգլիկեմիկ դեղամիջոցներ: Ուստի, նման դեպքերում անհրաժեշտ է արյան շաքարի մակարդակի ուշադիր վերահսկում:
- Սուկրալֆատը (Կարաֆատ), երկաթը, ցինկ պարունակող մուլտիվիտամինները, Դիդանոզինը (Վիդեք), ինչպես նաև կալցիում, մագնեզիում կամ ալյումին պարունակող անտացիդները պետք է օգտագործվեն Օֆլոքսացին ընդունելուց առնվազն երկու ժամ առաջ կամ հետո:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիության ընթացքում պետք է խուսափել Օֆլոքսացինից, քանի որ այն արտազատվում է կրծքի կաթում և կարող է անցանկալի ազդեցություններ առաջացնել նորածնի մոտ:
- Կերակրող մայրերը պետք է խուսափեն Օֆլոքսացինից, քանի որ վերջինիս անվտանգությունը հաստատված չէ:
Դեղաչափեր
- Երիկամների նորմալ գործունեությամբ հիվանդների համար սովորական դեղաչափը 200-ից 400 մգ է՝ յուրաքանչյուր 12 ժամը մեկ:
- Լյարդի կամ երիկամների խիստ ընկճված գործունեությամբ հիվանդների դեպքում դեղաչափերը պահանջում են ճշգրտում:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 200, 300 և 400 մգ:
Պահպանում
- Օֆլոքսացինը պետք է պահպանել փակ դեղատուփում 15-30° C պայմաններում:
Ամփոփում
Օֆլոքասինը հակաբիոտիկային դեղամիջոց է, որը նախատեսված է թոքաբորբի, բրոնխիտի, ստաֆիլոկոկային վարակների, ՍՃՓՀ-ների (գոնորեա, քլամիդիա), միզուղիների վարակների և շագանակագեղձի վարակների բուժման համար, որոնք հարուցվում են աղիքային ցուպիկով (E. coli): Օֆլոքսացինի ամենատարածված կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոց, փսխում, փորլուծություն, անքնություն, գլխացավ, գլխապտույտ, քոր և վագինիտ կանանց մոտ: Մի՛ ընդունեք Օֆլոքսացին, եթե հղի եք կամ կրծքով կերակրող մայր եք:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-11-2023
Վերջին վերանայում՝ 15-11-2023