Դեղեր և հավելումներ
Օմեպրազոլ

Ընդհանուր նկարագրություն
Օմեպրազոլը կերակրափողի, ստամոքսի և 12-մատնա աղու որոշ հիվանդությունների բուժման մեջ լայնորեն կիրառվող դեղ է:
Օմեպրազոլը պրոտոնային պոմպի արգելակիչների (ՊՊԱ) խմբին պատկանող դեղ է, որն ընկճում է ստամոքսի կողմից թթվի արտադրությունը:
ՊՊԱ նշանակում են այնպիսի հիվանդությունների բուժման մեջ, որոնք բոլորն էլ պատճառվում են ստամոքսի թթվով՝ խոցային հիվանդություն (ստամոքսի և 12-մատնյա աղու խոցեր), գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ) և Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ:
Այլ ՊՊԱ նման, Օմեպրազոլն արգելակում է այն ֆերմենտը, որի մասնակցությամբ ստամոքսի պատն արտադրում է թթու: Արգելակելով այս ֆերմենտը, Օմեպրազոլն ընկճում է թթվի արտադրությունը, որը թույլ է տալիս ստամոքսին և կերակրափողին, որպեսզի վերականգնվեն այդ թթվի առաջացրած բորբոքումից:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Օմեպրազոլը հաստատել է 1989թ. սեպտեմբերին, որից հետո տարբեր բրենդային անվանումների ներքո ստացել է լայն կիրառում ողջ աշխարհով:
Բրենդային անվանումներ՝ Prilosec, Zegerid, Prilosec OTC, Zegerid OTC
Օրինակներ
ՊՊԱ խմբի այլ դեղերից են՝
- Լանզոպրազոլ
- Ռաբեպրազոլ
- Պանտոպրազոլ
- Էզոմեպրազոլ:
Ցուցումներ
Օմեպրազոլը նշանակվում է հետևյալ դեպքերում
- պեպտիկ խոցերի բուժում (ստամոքսի և 12-մատնյա աղու խոցեր)
- «թթվային» ռեֆլյուքսի բուժում
- էրոզիվ էզոֆագիտի (կերակրափողի էրոզիվ բորբոքում) բուժում
- հելիկոբակտեր պիլորիի (H. pylori) վերացում:
- վերին ստամոքս-աղիքային արյունահոսության կանխարգելում
- այրոցքի բուժում
- Զոլինգեր-էլիսոնի համախտանիշի բուժում:
Առավելագույն արդյունավետության համար Օմեպրազոլի հաբերը պետք է խմել ճաշից առաջ, կուլ տալ ամբողջապես, այլ ոչ թե կոտրատելով, ծամելով կամ պատիճը բացելով:
Կողմնակի ազդեցություններ
Այլ ՊՊԱ նման, Օմեպրազոլը հիվանդների կողմից լավ տարվող դեղ է, սակայն կարող է դրսևորել կողմնակի ազդեցություններ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են՝
Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝
- դյուրագրգռություն
- ոչ նորմալ սրտի ռիթմ (առիթմիա)
- մկանային ցավեր
- ընդհանուր թուլություն
- հազվադեպ՝ ոտքերի ջղաձգումներ և ջրի պահպանում:
ՊՊԱ կարող են նաև բարձրացնել Clostridium difficile վարակի ռիսկը: Բարձր դեղաչափերը և երկարատև օգտագործումը (1 տարի կամ ավելի երկար) կարող է բարձրացնել ազդոսկրի, դաստակի կամ ողնաշարի օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները: Երկարատև օգտագործումը կարող է նաև ընկճել աղիներից Վիտամին B12-ի ներծծումը:
ՊՊԱ երկարատև օգտագործումը կապված է նաև արյան մեջ Մագնեզիումի մակարդակի նվազեցման հետ, որն իր հերթին կարող է բարձրացնել սրտամկանի ինֆարկտի ռիսկը:
Ահա թե ինչու է կարևոր օգտագործել ՊՊԱ դեղերի բուժական ամենացածր դեղաչափերը հնարավոր ամենակարճ ժամանակահատվածի ընթացքում:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Օմեպրազոլը կարող է բարձրացնել արյան մեջ Դիազեպամի, Վարֆարինի և Ֆենիտոինի մակարդակները՝ կրճատելով լյարդի կողմից այս դեղերի քայքայումը:
- Ստամոքսի թթվայնության փոփոխության պատճառով կարող է խախտվել որոշ դեղերի ներծծումը: Օրինակ, Օմեպրազոլը կամ այլ ՊՊԱ կարող են արգելակել Կետոկոնազոլի ներծծումը և նվազեցնել արյան մեջ այս դեղի մակարդակը կամ խթանել Դիգոքսինի ներծծումը և բարձրացնել արյան մեջ նույն դեղի խտությունը: Արդյունքում, Օմեպրազոլը կամ այլ ՊՊԱ դեղերը կարող են նվազեցնել Կետոկոնազոլի արդյունավետությունը կամ բարձրացնել Դիգոքսինի թունավոր ազդեցությունը:
- Դեռևս անհայտ մեխանիզմներով, Օմեպրազոլը կարող է բարձրացնել արյան մեջ Սակրինավիրի մակարդակը և նվազեցնել Նելֆինավիրի և Ատազանավիրի մակարդակները: Նշվածները դեղեր են, որոնք օգտագործվում են ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց բուժման մեջ: Հետևաբար, Սակրինավիրի դեղաչափը պետք նվազեցնել՝ խուսափելու թունավոր ազդեցությունից, իսկ Նելֆինավիրի և Ատազանավիրի դեղաչափերը բարձրացնել՝ պահպանելու բուժական ազդեցությունը:
- Կլոպիդոգրելն իր ակտիվ ձևը ստանում է լյարդում ֆերմենտային փոխանակությունից հետո: Օմեպրազոլը նվազեցնու է այս ֆերմենտների ակտիվությունը և կարող է թուլացնել Կլոպիդոգրելի ակտիվությունը: Այս պատճառով խորհուրդ չի տրվում համատեղել Կլոպիդոգրելը և Օմեպրազոլը:
- Օմեպրազոլը բարձրացնում է արյան մեջ Ցիլոստազոլի մակարդակը, ուստի Օմեպրազոլի հետ միաժամանակ նշանակելիս Ցիլոստազոլի դեղաչափը պետք է կրճատել 100 մգ օրական երկու անգամից մինչև 50 մգ օրական երկու անգամ:
- Օմեպրազոլը կարող է բարձրացնել նաև արյան մեջ Մետոտրեքսատի և Տակրոլիմուսի մակարդակները:
Հղիություն և կրծքով կերակրում
Հղի կանանց կողմից Օմեպրազոլի օգտագործումը բավարար չի գնատահատվել, ուստի հղի կանանց պետք է այս դեղը նշանակել միայն այն դեպքերում, երբ օգուտները գերակշռում են անհայտ ռիսկերին:
Օմեպրազոլը մուտք է գործում կրծքի կաթ և հնարավոր է, որ կարող է կողմնակի ազդեցություններ դրսևորել նորածնի վրա:
Դեղաչափեր
- Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցերի, ԳԷՌՀ-ի, էրոզիվ էզոֆագիտի (կերակրափողի էրոզիվ բորբոքում) բուժման և հելիկոբակտեր պիլորիի (H. pylori) վերացման համար Օմեպրազոլի խորհուրդ տվող դեղաչափը չափահաս մարդկանց համար օրական 20-40 մգ է: Խոցերի լավացումը սովորաբար տեղի է ունենում 4-8 շաբաթվա ընթացքում:
- Հելիկոբակտեր պիլորիի (H. pylori) վարակը բուժվում է 10-28 օրվա ընթացքում:
- Ծանր վիճակում գտնվող մարդկանց մոտ վերին ստամոքս-աղիքային արյունահոսության կանխարգելման համար Օմեպրազոլը սովորաբար տրվում է օրական 40 մգ 14 օրվա ընթացքում:
- Այրոցքի բուժման համար Օմեպրազոլը օգտագործվում է մինչև 2 շաբաթվա ընթացքում, սովորաբար օրական 20 մգ դեղաչափով:
- Զոլինգեր-էլիսոնի համախտանիշի բուժման համար չափահասներին Օմեպրազոլը նշանակվում է օրական 60 մգ սկզբնական դեղաչափով, որից հետո դեղաչափը կարգավորվում է՝ ելնելով ախտանիշների մեղմացման պատասխանից կամ ստամոքսային թթվի արտադրության չափման պատասխանից: Կան հետազոտություններ նաև այն մասին, որ նույն համախտանիշի բուժումը հաջողվել է Օմեպրազոլի 120 մգ օրական 3 անգամյա ընդունմամբ:
Առավելագույն արդյունավետության համար Օմեպրազոլի հաբերը պետք է խմել ճաշից առաջ, կուլ տալ ամբողջապես, այլ ոչ թե կոտրատելով, ծամելով կամ պատիճը բացելով:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Պատիճներ՝ 10, 20 և 40 մգ:
- Հաբեր՝ 20 մգ:
- Խմելու սուսպենզիայի փոշի՝ 20 և 40 մգ:
Պահպանում
Պատիճները պետք է պահպանել 15-30°C, իսկ հաբերը՝ 20-25°C ջերմաստիճանային պայմաններում: Դրանք պետք է պահել խոնավությունից և լույսից հեռու պայմաններում:
Ամփոփում
Օմեպրազոլը պրոտոնային պոմպի արգելակիչների խմբի դեղ է, որը նշանակվում է խոցերի, ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս հիվանդության, Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշի, դուոդենիտների, էրոզիվ էզոֆագիտների, այրոցքի և H. pylori վարակի բուժման մեջ:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 08-11-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: