Դեղեր և հավելումներ
Պենիցիլինային հակաբիոտիկներ

Ընդհանուր նկարագրություն
Պենիցիլինը հակաբիոտիկի տեսակ է, որը գլխիվայր փոխել է բժշկական աշխարհը։
Հայտնաբերվելով 1928-ին և օգտագործվելով որպես հակաբիոտիկ, պենիցիլինը բակտերիալ վարակների դեմ պայքարում փրկել է միլիոնավոր կյանքեր։
Պենիցիլինինն առանձին հակաբիոտիկի անվանումն է, ինչպես նաև պենիցիլինի հիմքի վրա ստեղծված կիսաարհեստական կամ արհեստական հակաբիոտիկների խմբի անվանումը։
Պենիցիլինային հակաբիոտիկներն անմիջականորեն չեն սպանում բակտերիաները, սակայն կարող են կանխարգելել դրանց բազմացումը՝ խոչընդոտելով բջջապատի ձևավորումը: Բջջապատը բակտերիային անհրաժեշտ է, որպեսզի պահի բջջի պարունակությունը և պաշտպանի արտաքին միջավայրի ազդեցություններից: Առանց բջջապատի բակտերիան չի կարող գոյատևել:
Պենիցիլիններն արդյունավետ են բակտերիալ վարակների տարբեր տեսակների ժամանակ, քանի դեռ հարուցիչն այս հակաբիոտիկների նկատմամբ կայուն չէ։ Այս և մյուս հակաբիոտիկները չեն ազդում վիրուսային վարակների վրա (օրինակ՝ ՍՇՎՎ և գրիպ)։
Օրինակներ
Պենիցիլինային խմբի հակաբիոտիկներից են՝
- Պենիցիլին V
- Պենիցիլին G
- Ամոքսիցիլին
- Ամոքսիցիլին/Կլավուլոնատ (Augmentin)
- Ամպիցիլին
- Նաֆցիլին
- Օքսացիլին
- Դիկլօքսացիլին
- Կլոքսացիլին
- Պիպերացիլին
- Բենզիլպենիցիլին
- Տիկարցիլին։
Ցուցումներ
Ներկայում առկա են պենիցիլինի բազմաթիվ ածանցյալներ, որոնք կարող են ընկճել բակտերիաների ավելի շատ տեսակներ, քան սկզբնական կյանք փրկող պենիցիլինը:
Բուն Պենիցիլինն ակտիվ է հետևյալ հարուցիչների նկատմամբ՝
- ստրեպտակոկեր (ներառյալ՝ Streptococcus pneumoniae),
- Listeria
- Neisseria gonorrhoeae
- Clostridium
- Peptococcus
- Peptostreptococcus:
Այնուամենայնիվ, բազմաթիվ ստաֆիլոկոկեր ներկայում Պենիցիլինի նկատմամբ կայուն են:
Պենիցիլինային այլ հակաբիոտիկներն արդյունավետ են հետևյալ հարուցիչների նկատմամբ՝
- H. influenzae
- E. coli
- pneumococci
- Staphylococci-ի որոշ շտամներ
- Salmonella
- Shigella
- Pseudomonas aeruginosa
- բակտերիաների այլ տարբեր տեսակներ:
Պենիցիլինային հակաբիոտիկներն օգտագործվում են տարբեր տեսակի, այդ թվում՝ կասկածելի բակտերիալ վարակների բուժման մեջ: Դրանք օգտագործվում են հետևյալ վարակները բուժելիս՝
- միջին ականջի վարակներ (միջին օտիտ)
- հարքթային խոռոչների վարակներ (սինուսիտ)
- սամոքսի հելիկոբակտերային վարակ (H. pylori)
- աղիքային վարակներ (օրինակ՝ սալմոնելոզ, բակտերիալ դիզենտերիա, աղիքային ցուպիկ և այլն)
- միզապարկի վարակներ (ցիստիտ)
- երիկամների վարակներ (պիելոնեֆրիտ):
Պենիցիլինային հակաբիոտիկներ նշանակվում են նաև հետևյալ վարակային հիվանդությունների բուժման մեջ՝
- թոքաբորբ
- արյան վարակներ (սեպսիս)
- չբարդացած գոնորեա
- մենինգիտ
- բակտերիալ էնդոկարդիտ
- ստրեպտոկոկային վարակներ
- այլ ծանր վարակներ:
Կողմնակի ազդեցություններ
Պենիցիլինի հիմնական կողմնակի ազդեցությունները սովորաբար թույլ բնույթի են։ Պենիցիլինային հակաբիոտիկների կողմնակի ազդեցություններից են՝
- փորլուծություն
- գլխապտույտ
- այրոցք
- անքնություն
- սրտխառնոց
- մաշկի քոր
- փսխում
- շշմածություն
- ստամոքսի շրջանի ցավեր (կծկանքներ, լարվածություն կամ ցավ)
- հեշտությաբ առաջացող արյունազեղումներ
- արյունահոսություն
- մաշկային ցան
- եղնջացան և այլ ալերգիկ ռեակցիաներ
- կանանց մոտ՝ սնկային վարակի կամ բակտերիալ վագինոզի պատճառով առաջացող հեշտոցի շրջանի քոր և արտադրուկ։
Պեենիցիլինի ծանր ընթացքով, սակայն հազվադեպ դրսևորվող կողմնակի ազդեցություններից են՝
- շնչառության դժվարացում
- ցնցումներ
- երիկամային ծանր խնդիրներ
- ծանր ալերգիկ ռեակցիաներ (անաֆիլաքսիա)
- արյան թիթեղիկների կամ կարմիր գնդիկների քանակի կրճատում (թրոմբոցիտոպենիա կամ էրիթրոցիտոպենիա)
- հանկարծամահություն:
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն կամ շտապեք մոտակա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, եթե պենիցիլին ընդունելուց հետո հանկարծակի ի հայտ են եկել ծանր կողմնակի ազդեցություններ (օրինակ՝ անաֆիլաքսիա)։
Այլ հակաբիոտիկների նման պենիցիլինները կարող են փոփոխել հաստ աղու բակտերիալ կազմը և խթանել որոշ բակտերիաների գերբազմացումը, օրինակ՝ Clostridium difficile, որն էլ կարող է առաջացնել հաստ աղու բորբոքում (կեղծթաղանթային կոլիտ): Այն մարդիկ, ովքեր պենիցիլիններով բուժումը սկսելուց հետո նշում են կեղծթաղանթային կոլիտի նշաններ (ջրիկ լուծ, ջերմության բարձրացում, որովայնային ցավեր և, հնարավոր է նաև՝ շոկ), ապա պետք է անհապաղ կապ հաստատեն իրենց բժշկի հետ:
Պենիցիլինից ալերգիա
Որոշ մարդիկ պենիցիլինի նկատմամբ դրսևորում են ալերգիա։ Եթե պենիցիլին ստանալուց հետո ձեզ մոտ առաջանում են մաշկային ցան, եղնջացան կամ շնչառությանն ուղեկցող թույլ խզզոցներ, սա կարող է վկայել պենիցիլինի նկատմամբ ալերգիայի զարգացման մասին։
Այն անձինք, ովքեր ունեն պենիցիլինի հետ կապ ունեցող ցեֆալոսպորինների խմբի հակաբիոտիկների նկատմամբ ալերգիա (օրինակ՝ Ցեֆակլոր, Ցեֆալեքսին և Ցեֆպրոզիլ), կարող են պենիցիլինների նկատմամբ ալերգիա դրսևորել կամ չդրսևորել:
Եթե ձեզ մոտ բուռն սկսվում է շնչառության լուրջ խանգարում (խիստ խզզոցներով ուղեկցվող շնչահեղձություն) կամ ձեր դեմքը սկսում է այտուցվել, ապա ձեզ մոտ հավանաբար զարգացել է գերսուր ալերգիկ ռեակցիա՝ անաֆիլաքսիա։
Պենիցիլինային ալերգիայի վարումը
Տեղեկացրեք ձեր բժշկին, ատամնաբույժին կամ մյուս բոլոր բժշկական օգնություն ցուցաբերողներին, եթե դուք երբևե պենիցիլինից ունեցել եք ալերգիա։
Շուրջ 100 մարդուց 1-ն ունի պենիցիլինից ալերգիա, իսկ 3000-ից մեկի մոտ կարող է զարգանալ կյանքին սպառնացող անաֆիլաքսիա։
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Պրոբենեցիդն առաջացնում է օրգանիզմում պենիցիլինային հակաբիոտիկների մակարդակի բարձրացում:
- Պենիցիլինային հակաբիոտիկների զուգակցումն Ալոպուրինոլի հետ կարող է բարձրացնել դեղով պայմանավորված մաշկային ցանի առաջացման հաճախականությունը:
- Պենիցիլինային հակաբիոտիկները կարող են նվազեցնել BCG և Typhoid կենդանի պատվաստանյութերի ազդեցությունները:
Հղիություն և կրծքով կերակրում
- Պենիցիլինային հակաբիոտիկները համարվում են հղիության ընթացքում անվտանգ դեղամիջոց (եթե չկա այս խմբի նկատմամբ ալերգիա):
- Թեև պենիցիլինների փոքր քանակներ կարող են արտազատվել կրծքի կաթի մեջ, այս խմբի դեղերը համարվում են կրծքով կերակրելիս անվտանգ:
Դեղաձևեր և պահպանում
Պենիցիլինային հակաբիոտիկների դեղաձևեր
- Պատիճներ՝ 250 և 500 մգ:
- Փոշի կախույթի համար (սուսպենզիա)՝ 125 և 250 մգ/5 մլ:
- Փոշի ներարկման համար՝ 250 մգ, 500 մգ, 1 գ և 2 գ:
Պահպանում
- Կապված է դեղամիջոցից:
Ամփոփում
Պենիցիլինային հակաբիոտիկները նշանակվում են տարբեր տեսակի վարակների բուժման համար: Օրինակներից են՝ միջին ականջի և հարքթային ծոցերի վարակներ, միզապարկի, ստամոքսի, աղիների և երիկամների վարակներ, թոքաբորբ, սեպսիս, մենինգիտ, էնդոկարդինտրե և բազմաթիվ այլ ծանր վարակներ:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 08-11-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: