Skip to main content

Սիմվաստատին - Ստատիններ

Ընդհանուր նկարագրություն

Սիմվաստատինը ստատինների խմբին պատկանող դեղամիջոց է, որը նվազեցնում է արյան խոլեստերինի մակարդակը:

Մյուս ստատինների նման, Սիմվաստատինը կրճատում է լյարդում խոլեստերինի արտադրությունը՝ արգելափակելով HMG-CoA ռեդուկտազը՝ ֆերմենտ, որն իրականացնում է խոլեստերինի սինթեզը:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Zocor

Օրինակներ

Ստատինների խմբին են պատկանում նաև հետևյալ դեղամիջոցները՝

  • Ատորվաստատին (Մևեկոր)
  • Լովաստատին (Մեվեկոր)
  • Ֆլուվաստատի (Լեսկոլ)
  • Պրավաստատի (Լիվալով, Զիպիտամգ)
  • Ռոսուվաստատին (Կրեստոր):

Ցուցումներ

  • Սիմվաստատինը նշանակվում է ընդհանուր խոլեստերինը, ՑԽԼ խոլեստերինը և տրիգլիցերիդները նվազեցնելու և բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) խոլեստերինը բարձրացնելու համար:
  • Սրտի իշեմիկ հիվանդությամբ, դիաբետով, ծայրամասային անոթային հիվանդությամբ կամ ինսուլտի կամ այլ ուղեղանոթային հիվանդության պատմությամբ անձանց մոտ Սիմվաստատինը նշանակվում է սրտի իշեմիկ հիվանդությունից մահացությունը կրճատելու, ոչ մահացու սրտամկանի ինֆարկտը և ինսուլտը կանխարգելելու և սրտային և ոչ սրտային ռեվասկուլյարիզացիայի միջամտությունների կարիքը նվազեցնելու համար:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Սիմվաստատինի ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝

  • գլխացավեր
  • սրտխառոց
  • փսխում
  • փորլուծություն
  • որովայնային ցավեր
  • մկանային ցավեր
  • լյարդային ֆերմենտների ակտիվացում
  • գերզգայունության ռեակցիաներ:

Այլ կողմնակի ազդեցություններից են՝

  • hիշողության կորուստ
  • մոռացկոտություն
  • ամնեզիա
  • շշմածություն կամ շփոթվածություն
  • հիշողության խանգարում:

Սիմվաստատինի ավելի լուրջ կողմնակի ազդեցություններ

  • Ամենածանր հնարավոր կողմնակի ազդեցությունը լյարդի վնասումն է և մկանների բորբոքումը կամ քայքայումը, որը հատուկ է բոլոր ստատիններին:
  • Ավելի հաճախ, ստատիններն առաջացնում են լյարդի ֆերմենտների գերակտիվացում, որը սովորաբար վերակագնվում է նույնիսկ եթե դրանց ընդունումը շարունակվում է: Սակայն ստատինների ընդունումը պետք է դադարեցնել, եթե լյարդային ֆերմենտների ակտիվությունը (մակարդակը) նորման գերազանցում է 3 անգամ և ավելի շատ: Լյարդի գործունեությունը պետք է ստուգվի մինչև մինչև ստատիններ ընդունելը և այն դեպքում, երբ կասկածվում է դրա ախտահարումը:
  • Ստատիններով պատճառված մկանային բորբոքումը կարող է բերել մկանաբջիջների ծանր քայքայման, որը կոչվում է ռաբդոմիոլիզ: Այս հիվանդությունն ընթանում է արյան մեջ մկանային սպիտակուցի՝ միոգլոբինի հայտնվելով, որը կարող է դառնալ երիկամային անբավարարության և անգամ մահվան պատճառ: Նման բարդությունից խուսափելու համար Ատորվաստատին ստացող անձանց պետք է ներկայացնել, որ անբացատրելի մկանային ցավերի կամ թուլության դեպքում անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բժշկի հետ:
  • Ստատինների օգտագործումը կապված է նաև դիաբետով մարդկանց մոտ արյան գլյուկոզի և գլիկոհեմոգլոբինի (HbA1c) մակարդակների բարձրացման հետ:

Փոխազդեցություններ

Սիմվաստատինի հեռացման դանդաղեցումը կարող է բարձրացնել այս դեղի մակարդակն օրգանիզմում՝ ավելացնելով մկանային թունավորման ռիսկը: Օրգանիզմից Սիմվաստատինի հեռացումն արգելակող դեղերից են՝

  • Էրիթրոմիցին (Է-միցին)
  • Կետոկոնազոլ (Նիզորալ)
  • Իտրակոնազոլ (Սպորանոքս)
  • Կլարիթրոմիցին (Բիաքսին)
  • Տելիթրոմիցին (Կետեկ)
  • Ցիկլոսպորին (Սանդիմմուն)
  • Նեֆազոդոն (Սերզոն)
  • Բեկեպրեվիր (Վիկտրելիս)
  • Տելեպրեվիր (Ինկիվեկ)
  • Վորիկոնազոլ (Վֆենդ)
  • Պոզակքնազոլ (Նոքսաֆիլ)
  • ՄԻԱՎ պրոտեազի պաշարիչեր, օրինակ՝ Ինդինավիր (Կրիքսիվան) և Ռիտոնավիր (Նորվիր)։

Այս դեղերը չպետք է զուգակցվեն Սիմվաստատինի հետ:

Գրեյպֆրուտի հյութի մեծ քանակները (օրական > 1,2 լիտր) նույնպես կարող են բարձրացնել արյան մեջ Սիմվաստատինի մակարդակը, ուստի պետք է այս հյութից կամ մրգից նույնպես խուսափել:

Հետևյալ դեղերը նույնպես կարող են բարձրացնել մկանային տոքսիկության ռիսկը՝<

  • Ամիոդարոն (Կորդարոն)
  • Վերապամիլ (Կալա, Վերելան, Իզոպտին)
  • Դիլթիազեմ
  • Ամլոդիպին (Նորվազք)
  • Դանազոլ (Դանոկրին)
  • Ռանոլազին (Ռեեքսա)
  • Նիացին (Նիակոր, Նիասպան, Սլո-Նիացին)
  • Գեմֆիբրոզիլ (Լոպիդ)
  • Ֆենոֆիբրատ (Տրիկոր):

Ամիոդարոն, Ամլոդիպին կամ Ռանդոլազին ընդունող անձինք չպետք է գերազանցեն Սիմվաստատինի 20 մգ/օր, իսկ Վերապամիլ կամ Դիլթիազեմ ընդունողները՝ 10 մգ/օր դեղաչափերը: Գեմֆիբրոզիլ կամ Դանազոլ ընդունող մարդիկ չպետք է ընդունեն Սիմվաստատին:

Սիմվաստատինն ուժեղացնում է Վարֆարինի (Կումադին) ազդեցությունը և արյան մեջ Դիգօքսինի (Լանօքսի) մակարդակը: Ուստի, Սիմվաստատին և Վարֆարին կամ Դիգօքսին ստացող անձինք պետք է գտնվեն մշտական հսկողության ներքո:

Խոլեստիրամինը (Քվեստրան) կրճատում է Սիմվաստատինի ներծծումը, ուստի վերջինս պետք է տրվի Խոլեստիրամին ընդունելուց առնվազն 2 ժամ առաջ կամ առնվազն 4 ժամ հետո:

Այն չինացիները, ովքեր ≥ 1 գ/օր Նիացինը զուգակցում են 40 մգ/օր Սիմվաստատինի հետ, նույնպես ենթարկվում են մկանների հետ կապված կողմնակի ազդեցությունների բարձրացած ռիսկի: Ուստի այս մարդիկ չպետք է Սիմվաստատինի դեղաչափը բարձրացնեն մինչև 80 մգ/օր-ի: Ընդհանուր առմամբ, ≥ 1 գ/օր Նիացին ստացող մարդկանց խորհուրդ է տրվում Սիմվաստատինի մինչև 20 մգ/օր դեղաչափ:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Սիմվաստատինը չի կարելի ընդունել հղիության ընթացքում, քանի որ զարգացող պտուղն ունի խոլեստերինի կարիք, մինչդեռ Սիմվաստատինը կրճատում է դրա արտադրություը: Այն պետք է նշանակել միայն վերարտադրողական տարիքի այն կանանց, ովքեր չեն պատրաստվում հղիանալ:
  • Զարգացող նորածնի մոտ կողմնակի ազդեցությունների ռիսկի պատճառով կրծքով կերակրող մայրերը պետք է չօգտագործեն Սիմվաստատին:

Դեղաչափեր

  • Սիմվաստատինի խորհուրդ տրվող դեղաչափը 10 մգ-ից մինչև 40 մգ է, որը պետք է ընդունել օրական մեկ անգամ, երեկոյան ժամերին, սննդի հետ կամ առանց դրա: Բուժումը սովորաբար մեկնարկվում է օրական 10 կամ 20 մգ-ից, սակայն սրտային հիվանդության բարձր ռիսկով անձանց կարելի է սկսել 40 մգ/օր դեղաչափից:
  • Սիմվաստատինի 80 մգ/օր դեղաչափը սահմանափակվում է այն անձանց համար, ովքեր շարունակաբար (օրինակ՝ 12 ամիս և ավելի) ստացել են 80 մգ/օր առանց մկանային տոքսիկության նշանների (այսպիսի բարձր դեղաչափը կապված է մկանային տոքսիկության, ներառյալ՝ ռաբդոմիոլիզի բարձր ռիսկի հետ):
  • Սիմվաստատինի 40 մգ/օր-ից ավելի բարձր դեղաչափի կարիք ունեցող անձինք պետք է անցնեն այլընտրանքային դեղամիջոցի:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 5, 10, 20, 40 և 80 մգ:
  • Բերանային (oրալ) տարալուծվող հաբեր՝ 10, 20, 40 և 80 մգ:

Պահպանում

  • Հաբերը պետք է պահպանել 5-30°C ջերմաստիճանային պայմաններում:
  • Բերանային տարալուծվող հաբերը պետք է պահպանել 20-25°C ջերմաստիճանային պայմաններում:

Ամփոփում

Սիմվաստատինը պատկանում է ստատինների դասին և նշանակվում է արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակները նվազեցնելու համար:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024