Ընդհանուր նկարագրություն
Սրոհունդը (зверобой, St. John's wort, բուսական անվանումը՝ Hypericum perforatum) ծաղկող թուփ է, որն աճում է եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում:
Սրոհունդի ծաղիկներն ու տերևները պարունակում են այնպիսի ակտիվ բաղադրիչներ, ինչպիսին է հիպերֆորինը: Այս դեղաբույսը մատչելի է որպես հավելում թեյերի, հաբերի, հեղուկների և տեղային օգտագործման պատրաստուկների մեջ:
Մարդիկ սրոհունդ օգտագործում են դեպրեսիայի և դաշտանադադարի ախտանիշները բուժելու համար:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Որոշակի վիճակների դեպքում սրոհունդիի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:
- Դեպրեսիա. մի քանի հետազոտություններ հաստատում են սրոհունդի բուժական օգուտը թեթև և չափավոր դեպրեսիայի բուժման համար: Իրականում, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հավելումը նույնքան արդյունավետ է, որքան մի քանի դեղատոմսով նշանակվող հակադեպրեսանտներ: Դեռևս պարզ չէ, թե արդյոք այս հավելումն օգտակար է ծանր դեպրեսիայի բուժման համար: Սրոհունդը փոխազդում է բազմաթիվ դեղամիջոցների հետ, ուստի կարող է չդիտարկվել որպես բուժման մաս, հատկապես այն դեպքերում, երբ ընդունում եք որևէ դեղամիջոց:
- Դաշտանադադարի ախտանիշներ. որոշ տվյալներ վկայում են, որ սրոհունդի օգտագործումը միայնակ կամ սև կոխոշի կամ այլ խոտաբույսերի հետ միասին կարող է նվազեցնել դաշտանադադարի ախտանիշները, ինչպիսիք են տաք բռնկումները (ջերմահորդանքներ):
- Սոմատիկ ախտանիշի խանգարում. որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սրոհունդը կարող է օգտակար լինել այս վիճակի բուժման համար, որն առաջացնում է ծանր անհանգստություն ֆիզիկական ախտանիշների վերաբերյալ, ինչպիսիք են ցավը, թուլությունը կամ շնչահեղձությունը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Բերանային (օրալ) մինչև 12 շաբաթվա ընթացքում և համապատասխան դեղաչափերով ընդունելիս սրոհունդն ընդհանուր առմամբ համարվում է անվտանգ: Այնուամենայնիվ, այս հավելումը կարող է առաջացնել՝
- հոգեշարժական գրգռվածություն (աժիտացիա) և անհանգստություն
- գլխապտույտ
- փորլուծություն, փորկապություն և ստամոքսի անհանգստություն
- բերանի չորություն:
Այլ կողմնակի ազդեցություններից են՝
- հոգնածություն և անքնություն
- գլխացավ
- լույսի նկատմամբ գերզգայունություն (ֆոտոզգայունություն):
Սրոհունդի տեղային օգտագործման անվտանգության վերաբերյալ բավարար տվյալներ չկան։
Փոխազդեցություններ
Ստորև ցանկը ներառում է որոշ հայտնաբերված փոխազդեցություններ: Այնուամենայնիվ, այլ դեղամիջոցներ նույնպես կարող են փոխազդել սրոհունդի հետ: Նախքան սրոհունդի օգտագործումը ցանկացած այլ դեղամիջոցի, հատկապես դեղատոմսով դեղերի հետ միասին, խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Ալպրազոլամ (Քսանաքս). սրոհունդի օգտագործումն այս դեղամիջոցի հետ, որը նշանակվում է տագնապային ախտանիշները թեթևացնելու համար, կարող է նվազեցնել դեղամիջոցի ազդեցությունը:
- Հակադեպրեսանտներ. սրոհունդի ընդունումը հակադեպրեսանտների հետ կարող է մեծացնել ձեր օրգանիզմում սերոտոնինի բարձր մակարդակների կուտակման ռիսկը: Չափից շատ սերոտոնինը կարող է առաջացնել թեթևից մինև ծանր աստիճանի կողմնակի ազդեցություններ: Այս հավելումի և հակադեպրեսանտի միաժամանակյա օգտագործումը պահանջում է բժշկի հսկողություն:
- Բարբիտուրատներ. սրոհունդի ընդունումն այս խմբի քնաբեր դեղամիջոցների հետ, որոնք ընկճում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, կարող է նվազեցնել բարբիտուրատի առաջացած քնի ժամանակը:
- Բուպրոպիոն (Ուելբուտրին SR, Ֆորֆիվո XL). այս հակադեպրեսանտի հետ սրոհունդի ընդունումը կարող է նվազեցնել դեղամիջոցի ազդեցությունը:
- Քիմիոթերապիայի որոշ դեղամիջոցներ. սրոհունդի ընդունումը Իրինոտեկան (Կամպտոսար, Օնիվիդե), Դոկետաքսալ (Տաքսոտերե) կամ Իմատինիբ (Գլեեվեկ) դեղամիջոցների հետ կարող է նվազեցնել այս քիմիաթերոպիայի դեղամիջոցների ազդեցությունը:
- Որոշ իմունոսուպպրեսիվ դեղամիջոցներ. սրոհունդի ընդունումը Տակրոլիմուսի (Պրոգրաֆ, Աստագրաֆ XL և այլն) կամ Ցիկլոսպորինի (Նեորալ, Սանդիմմուն և այլն) հետ կարող է նվազեցնել դեղամիջոցի՝ իմունային համակարգի ակտիվությունը ճնշող ազդեցությունը:
- Որոշ ստատիններ. Սիմվաստատինի (Զոկոր, Ֆլոլիպիդ) հետ սրոհունդի ընդունումը կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը:
- Հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ. սրոհունդի օգտագործումը հակաբեղմնավորիչ դեղամիջոցների հետ կարող է հանգեցնել ճեղքումային արյունահոսության, անկանոն արյունահոսության կամ չպլանավորված հղիության: Կարող է անհրաժեշտ լինել հակաբեղմնավորիչի լրացուցիչ կամ այլընտրանքային դեղաձև:
- Ցիտոքրոմ P450 1A2 (CYP1A2), ցիտոքրոմ P450 2B6 (CYP2B6), ցիտոքրոմ P450 2C19 (CYP2C19), ցիտոքրոմ P450 2C9 (CYP2C9), ցիտոքրոմ P450 2C19 (CYP2C19), ցիտոքրոմ P450 2C9 (CYP2C9), ցիտոքրոմ P3A4 (CYP2C9) և ցիտոքրոմ P3A4 սուբստրատներ․ մի՛ ընդունեք սրոհունդ, եթե օգտագործում եք այս ֆերմենտներով նյութափոխանակվող դեղամիջոցներ:
- Դեքստրոմեթորֆան. այս հազն ընկճող միջոցի հետ սրոհունդի ընդունումը կարող է մեծացնել ձեր օրգանիզմում սերոտոնինի բարձր մակարդակի կուտակման վտանգը:
- Դիգոքսին (Լանոքսին). այս սրտային դեղամիջոցի հետ սրոհունդի ընդունումը կարող է նվազեցնել դեղամիջոցի ազդեցությունը:
- Ֆեքսոֆենադին (Ալեգրա ալերգիա). այս հակահիստամինի հետ սրոհունդի ընդունումը կարող է հանգեցնել ձեր օրգանիզմում դեղամիջոցի չափազանց մեծ քանակի կուտակմանը, ինչը վատթարացնում է սովորական կողմնակի ազդեցությունները:
- Կետամին (Կետալար). սրոհունդի օգտագործումը Կետամինի հետ կարող է նվազեցնել վերջինիս անզգայացնող ազդեցությունը:
- Թմրամիջոցներ. մի՛ ընդունեք սրոհունդ Մեթադոնի հետ (Մեթադոզ): Սրոհունդի օգտագործումը որոշակի թմրամիջոցների հետ կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը: Հավելումը թմրամիջոցների հետ համատեղելը նաև կարող է մեծացնել թմրամիջոցների հետևանքով առաջացած քնի ժամանակը և ցավազրկող ազդեցությունները:
- Ոչ նուկլեոզիդային հակադարձ տրանսկրիպտազի ինհիբիտորներ. ՄԻԱՎ-ի դեմ այս դեղամիջոցներից որևէ մեկի հետ սրոհունդ ընդունումը կարող է նվազեցնել դեղամիջոցի ազդեցությունը:
- Օմեպրազոլ (Պրիլոսեկ). մի՛ ընդունեք սրոհունդ այս դեղամիջոցի հետ, որն օգտագործվում է մշտական այրոցքը բուժելու համար: Հավելումը կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը:
- Ֆենիտոին (Դիլանտին, Ֆենիտեկ). այս հակացնցումային միջոցի հետ սրոհունդի ընդունումը կարող է հանգեցնել ցնցումների վերահսկողության կորստի:
- Լուսազգայունությունը բարձրացնող դեղամիջոցներ. սրոհունդի ընդունումը այնպիսի դեղամիջոցի հետ, որը մեծացնում է զգայունությունը արևի լույսի նկատմամբ, կարող է մեծացնել ռեակցիայի ռիսկը:
- Պրոտեազի արգելակիչներ (ինհիբիտորներ). այս տեսակի հակավիրուսային դեղամիջոցի հետ սրոհունդի ընդունումը կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը:
- Տրիպտաններ. մի՛ ընդունեք սրոհունդ այս դեղամիջոցների հետ, որոնք օգտագործվում են միգրենի բուժման համար: Հավելումը կարող է մեծացնել ձեր օրգանիզմում սերոտոնինի բարձր մակարդակի կուտակման ռիսկը: Չափից շատ սերոտոնինը կարող է առաջացնել թեթևից մինչև ծանր կողմնակի ազդեցություններ:
- Վորիկոնազոլ. այս հակասնկային դեղամիջոցի հետ սրոհունդի ընդունումը կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը:
- Վարֆարին (Յանտովեն). արյան մակարդելիությունը նվազեցնելու համար ընդունված այս դեղամիջոցի հետ սրոհունդի ընդունումը կարող է նվազեցնել դեղամիջոցի ազդեցությունը:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
Չի թույլատրվում սրոհունդ օգտագործել հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում:
Ամփոփում
Սրոհունդը կարող է արդյունավետ լինել թեթև և միջին ծանրության դեպրեսիայի բուժման համար: Այնուամենայնիվ, հավելումը փոխազդում է բազմաթիվ դեղամիջոցների հետ և կարող է առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ: Սրոհունդ ընդունելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ, հատկապես, եթե այլ դեղամիջոցներ եք ընդունում:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-01-2024
Վերջին վերանայում՝ 28-01-2024