Ընդհանուր նկարագրություն
Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմը երկու սինթետիկ հակաբիոտիկների՝ Սուլֆամեթոքսազոլի և Տրիմեթոպրիմի զուգակցումն է, որն օժտված է բակտերիցիդ և հակամիկրոբային լայն սպեկտրի ազդեցությամբ:
Սուլֆամեթոքսազոլը հակաբակտերիալ սուլֆոնամիդ է՝ «սուլֆա» դեղ: Այն խախտում է բակտերաներում դիհիդրոֆոլաթթվի արտադրությունը, մինչդեռ Տրիմեթոպրիմը արգելակում է տետրահիդրոֆոլաթթվի արտադրությունը: Դիհիդրոֆոլաթթուն և տետրահիդրոֆոլաթթուն՝ երկուսն էլ ֆոլաթթվի ածանցյալներ են, որոնք բակտերիաները և մարդու բջիջներն օգտագործում են սպիտակուցներ արտադրելու համար: Համադրելով այս երկու դեղերը, խոչընդոտվում է բակտերաների սպիտակուցների արտադրության երկու կարևոր օղակները, և նման զուգակցումը դառնում է ավելի ակտիվ, քան յուրաքանչյուր բաղադրիչն առանձին վերցրած:
Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմը վիրուսային վարակների վրա չի ազդում:
Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմը «Բակտրիմ» բրենդային անվան ներքո հաստատվել է ամերիկյան FDA կազակերպության կողմից դեռևս 1973 թվականին:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Bactrim, Bactrim DS, Sulfatrim Pediatric
Ցուցումներ
Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմն օգտագործվում է կասկածելի բակտերիայով հարուցված վարակներ բուժելիս: Օրինակներից են՝
- միզուղիների վարակներ
- բակտերիաների պատճառով քրոնիկ բրոնխիտի սրացում
- միջին ականջի վարակներ (միջին օտիտ)
- փոխպատվաստված օրգան ստացած մարդկանց մոտ պնևմոկոկային բակտերիայով հարուցված վարակների կանխարգելում
- Pneumocystis carinii-ով հարուցված թոքաբորբ
- փափուկ շանկր (շանկրոիդ)
- ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ տոքսոպլազմային էնցեֆալիտի կանխարգելում:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝
- գլխապտույտ
- գլխացավ
- քնկոտություն
- փորլուծություն
- ախորժակի կորուստ
- սրտխառնոց
- փսխում
- մաշկային ցանավորում:
Այլ կողմնակի ազդեցություններից են՝
- լյարդի վնասում
- արյան սպիտակ բջիջների քանակի նվազում (լեյկոպենիա)
- արյան թիթեղիկների քանակի նվազում (թրոմբոցիտոպենիա)
- անեմիա (արյան կարմիր բջիջների քանակի նվազում):
Փոխազդեցություններ
- Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմը կարող է խթանել Վարֆարինի հակամարդիչ ազդեցությունը, որը հավանական է դարձնում արյունահոսության վտանգը:
- Սուլֆոնամիդները (օրինակ՝ Սուլֆամեթոքսազոլ) կարող են բարձրացնել Ցիկլոսպորինի նյութափոխանակությունը (քայքայում և հեռացում) և ավելացնել երիկամների վրա վերջինիս վնասող ազդեցությունը:
- Բոլոր սուլֆոնամիդները կարող են բյուրեղանալ մեզում, եթե վերջինս թթվային է: Մեթենամինը առաջացնում է մեզի թթվայնացում, ուստի չի կարելի օգտագործել սուլֆոնամիդների հետ միասին:
- Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմով բուժման ընթացքում կարող է բարձրանալ արյան մեջ Ֆենիտոինի մակարդակը: Սա կարող է բերել Ֆենիտոինով պայմանավորված կողմնակի ազդեցությունների ուժգնացման, օրինակ՝ գլխապտույտ և ուշադրության նվազում:
- Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմը նաև կարող է բարձրացնել արյան մեջ Դիգոքսինի մակարդակը, և հնարավոր է, որ խթանի վերջինիս թունավոր ազդեցությունները:
- Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմ ստացող մարդկանց մոտ ֆոլաթթվի նվազեցման պատճառով կարող է զարգանալ անեմիա, եթե առաջինը զուգակցվի հետևյալ դեղերի հետ՝
- Դիվալպրոեքս
- Վալպրոյաթթու
- Մեթոտրեքսատ
- Պիրիմեթամին
- Տրիամտերեն
- Տրիմետրեքսատ:
- Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմը ԱՓՖ արգելակիչների հետ զուգակցելիս կարող է առաջանալ արյան մեջ կալիումի մակարդակի բարձրացում:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
Սուլֆոնամիդները կարող են առաջացնել նորածնի արյան բիլիռուբինի անջատում սպիտակուցներից, որը կարող է հանգեցնել դեղնուկի և վտանգավոր վիճակի, որը կոչվում է նորածնի կերնիկտերուս: Այդ պատճառով Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմը ծննդաբերությանը մոտ (ուշ հղիության) հղի կանանց չի կարելի օգտագործել:
Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմը չի կարելի օգտագործել նաև կրծքով կերակրող մայրերին, քանի որ Սուլֆոմեթոքսազոլը կարող է կաթի միջոցով անցնել նորածնին և առաջացնել կերնիկտերուս:
Դեղաչափեր
- Միզուղիների վարակի բուժման համար չափահասներին խորհուրդ տրվող դեղաչափն է 400/80 մգ երկու հաբ կամ 800/160 մեկ հաբ, 12 ժամը մեկ, 10-14 օրվա ընթացքում:
- Քրոնիկ բրոնխիտի սրացումը բուժվում է նույն դեղաչափով՝ 14 օրվա ընթացքում:
- Սուլֆամեթոքսազոլ / Տրիմեթոպրիմը պետք է խմվի առնվազն մեկ լրիվ բաժակ ջրով, որ կանխարգելվի մեզում բյուրեղների ձևավորումը:
- Զարգացած երիկամային հիվանդությամբ անձանց համար կարող են պահանջվել ավելի ցածր դեղաչափեր:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 160 մգ Տրիմեթոպրիմ և 800 մգ Սուլֆամեթոքսազոլ:
- Հաբեր՝ 80 մգ Տրիմեթոպրիմ և 400 մգ Սուլֆամեթոքսազոլ:
Պահպանում
Հաբերը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում՝ 15 °C - 30°C:
Ամփոփում
Սուլֆամեթոքսազոլ/Տրիմեթոպրիմը նշանակվում է միզուղիների վարակների, միջին ականջի վարակների, շնչառական վարակների, թոքաբորբի, փափուկ շանկրի (շանկրոիդ) բուժման և ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ տոքսոպլազմային էնցեֆալիտի կանխարգելման համար: Մինչև օգտագործելը, պետք է ծանոթանալ կողմնակի ազդեցությունների, դեղաչափերի, դեղերի հետ փոխազդեցության, հղության և կրծքով կերակրելու ժամանակ անվտանգության միջոցների վերաբերյալ հրահանգներին:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 06-11-2023