Skip to main content

Տամօքսիֆեն - Այլ կամ չդասակարգված դեղեր

Ընդհանուր նկարագրություն

Տամօքսիֆենը հակաէստրոգեն է, որը կանխում է էստրոգենի ազդեցությունը հյուսվածքների վրա:

Այս ազդեցության շնորհիվ Տամօքսիֆենը կարող է նշանակվել տղամարդկանց և կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և բուժման համար:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Soltamox

Ցուցումներ

  • Տամօքսիֆենը նշանակվում է տղամարդկանց և կանանց մոտ կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի բուժման համար, որը կրծքագեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակն է, վիրահատությունից և (կամ) ճառագայթումից հետո և կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի կանխարգելման համար այն կանանց մոտ, որոնց շրջանում զարգացման բարձր ռիսկ կա:
  • Տամօքսիֆենը նաև նշանակվում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ավելի քիչ տարածված տեսակի վիրահատությունից և ճառագայթումից հետո բուժման համար, որը կոչվում է ծորանային կարցինոմա in situ (DCIS) կամ ներծորանային կարցինոմա: Կանայք, ովքեր ունեցել են DCIS, ավելի ուշ կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի են ենթարկվում, և Տամօքսիֆենը կանխում է ինվազիվ քաղցկեղի զարգացումը կանանց գրեթե կեսի մոտ բուժման առաջին հինգ տարիների ընթացքում:
  • Երբեմն Տամօքսիֆեն նշանակվում է կանանց ձվազատումը (օվուլյացիա) խթանելու համար:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Տամօքսիֆենի հետ կապված առավել տարածված կողմնակի ազդեցություններից են՝

  • ջերմահորդանքներ
  • քաշի կորուստ
  • դաշտանային ցիկլերի շեղումներ կամ բացակայություն
  • հեշտոցային արտադրություն
  • հեշտոցային արյունահոսություն
  • գլխապտույտ
  • գլխացավ
  • փսխում
  • սրտխառնոց
  • հազ
  • հոգնածություն
  • հեղուկի պահում և այտուցներ
  • ոսկրային ցավ
  • կատարակտա
  • դեպրեսիա:

Լուրջ կողմնակի ազդեցությունները ներառում են հետևյալը:

  • Տամօքսիֆենը կապված է արյան մակարդուկների (թրոմբ) ձևավորման հետ, որոնք կարող են հանգեցնել խորանիստ երակային թրոմբոզի և թոքային էմբոլիայի:
  • Տամօքսիֆենը կարող է հանգեցնել լյարդային թեստերի շեղման, արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ), սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկների (թրոմբոցիտներ) նվազեցման: Վերջինս կարող է հանգեցնել արյունահոսության:

Փոխազդեցություններ

  • Տամօքսիֆենը մեծացնում է Վարֆարինի (Կումադին, Յանտովեն) արյան հակամակարդիչ ազդեցությունը և նվազեցնում է արյան մեջ Լետրոզոլի (Ֆեմարա) և Անաստրոզոլի (Արիմիդեքս) մակարդակը:
  • Ֆենոբարբիտալը և Ռիֆամպինը կարող են նվազեցնել արյան մեջ Տամօքսիֆենի մակարդակը՝ մեծացնելով դեղամիջոցի քայքայումը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Տամօքսիֆեն չի կարելի օգտագործել հղիության ընթացքում, քանի որ կարող է վնասել պտղին:
  • Հայտնի չէ, թե արդյոք Տամօքսիֆենն արտազատվում է կրծքի կաթում: Տամօքսիֆենը հանգեցնում է կաթի արտադրության կրճատմանը: Տամօքսիֆեն ընդունող կանայք չպետք է կրծքով կերակրեն:

Դեղաչափեր

  • Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման, ծորանային քաղցկեղի in situ և կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար դեղաչափը 10 մգ է օրական երկու անգամ կամ 20 մգ օրական մեկ անգամ՝ 5 տարվա ընթացքում:
  • Ձվազատման (օվուլյացիայի) խթանման դեղաչափը 5-40 մգ է օրական երկու անգամ՝ 4 օրվա ընթացքում:
  • Տամօքսիֆենը կարելի է ընդունել սննդի հետ։

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 10 և 20 մգ:
  • Լուծույթ՝ 10 մգ/5մլ:

Պահպանում

Տամօքսիֆենը պետք է պահվի սենյակային ջերմաստիճանում՝ 15-30° միջակայքում, չոր միջավայրում:

Ամփոփում

Տամօքսիֆենը հակաէստրոգենային դեղամիջոց է, որը նախատեսված է տղամարդկանց և կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և բուժման համար: Տամօքսիֆենը նաև նշանակվում է ձվազատումը (օվուլյացիա) խթանելու համար։ Կողմնակի ազդեցություններից են՝ գլխացավ, փսխում, սրտխառնոց, հազ, հոգնածություն, հեղուկի կուտակում և ոսկրային ցավ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024