Ընդհանուր նկարագրություն
Թեյի ծառի յուղը, որը նաև հայտնի է որպես մելալեուկայի յուղ, եթերային յուղ է, որը ստացվում է ավստրալիական թեյի ծառի տերևները գոլորշիով մշակելուց:
Տեղային օգտագործման դեպքում թեյի ծառի յուղը համարվում է հակաբակտերիալ ազդեցություն ունեցող: Այն սովորաբար օգտագործվում է ակնեի (պզուկներ), մարզիկի ոտնաթաթի (ոտնաթաթի էպիդերմոֆիթիա), ոջիլների, եղունգների սնկերի և միջատների խայթոցների բուժման համար:
Թեյի ծառի յուղը մատչելի է որպես յուղ կամ առկա է բազմաթիվ մաշկային ապրանքատեսակների, այդ թվում՝ օճառների և լոսյոնների մեջ: Այնուամենայնիվ, թեյի ծառի յուղը չի կարելի ընդունել բերանային (օրալ): Կուլ տալու դեպքում այն կարող է առաջացնել լուրջ ախտանիշներ։
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Որոշակի առողջական վիճակների համար թեյի ծառի յուղի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին:
- Ակնե (պզուկներ). հետազոտությունները ցույց են տալիս, որ թեյի ծառի յուղ պարունակող բուժիչ գելը կարող է արդյունավետ լինել պզուկները վերացնելու համար:
- Թեփ. չորս շաբաթ օգտագործվող թեյի ծառի յուղ պարունակող շամպունն արդյունավետ է գլխամաշկի թեփի բուժման համար:
- Մարզիկի ոտնաթաթ. հաստատված է, որ թեյի ծառի յուղ պարունակող նրբաքսուքը (կրեմ), որը կիրառվում է օրական երկու անգամ մեկ ամսվա ընթացքում, կարող է արդյունավետ կերպով թեթևացնել ոտնաթաթի էպիդերմոֆիթիայի ախտանիշները:
- Ոջլոտություն. լավանդայի յուղի հետ միասին օգտագործելիս թեյի ծառի յուղն արդյունավետ է ոջիլների անիծների բուժման համար:
- Եղունգների սնկախտ. հետազոտությունները չեն հաստատել, որ թեյի ծառի յուղը, որն օգտագործվում է իր մաքուր տեսքով կամ այլ հակասնկիկային բուժումների հետ համատեղ, արդյունավետ է ոտքերի եղունգների սնկախտի բուժման համար:
Արդյունքները կարող են տարբեր լինել, քանի որ չկան թեյի ծառի յուղ ստանալու կամ յուղ պարունակող արտադրանք ստեղծելու համար ստանդարտ մեթոդներ:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Մարդկանց մեծամասնությունը կարող է թեյի ծառի յուղ օգտագործել տեղային՝ առանց խնդիրների: Այնուամենայնիվ, թեյի ծառի յուղը կարող է առաջացնել՝
- մաշկի գրգռվածություն
- մաշկի ալերգիկ ցանավորում (դերմատիտ)
- քոր
- ծակծկոցներ
- այրոց
- եղջերացում
- կարմրություն
- չորություն։
Մի՛ օգտագործեք թեյի ծառի յուղ, եթե ունեք էկզեմա:
Կուլ տալիս թեյի ծառի յուղը թունավոր է և կարող է առաջացնել ծանր կողմնակի ազդեցություններ, օրինակ՝
- շփոթվածություն
- մկանային վերահսկողության կամ կամավոր շարժումների կորդինացիայի թուլացում (ատաքսիա)
- գիտակցության մակարդակի նվազեցում:
Մի հետազոտություն ցույց է տվել, որ լավանդայի յուղի և թեյի ծառի յուղի կրկնվող ազդեցությունը կարող է հանգեցնել տղաների մոտ կրծքագեղձի հյուսվածքի այտուցման (գինեկոմաստիա):
Փոխազդեցություններ
Թեյի ծառի յուղը հաճախ օգտագործվում է այլ դեղամիջոցների հետ միասին՝ մաշկի բակտերիալ կամ սնկիկային հիվանդությունները բուժելիս և ներկայումս դեղերի փոխազդեցության վերաբերյալ տվյալներ չկան:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Ամփոփում
Տեղային օգտագործման դեպքում թեյի ծառի յուղն ընդհանուր առմամբ անվտանգ է և կարող է օգտակար լինել ակնեի (պզուկներ) և մաշկի այլ մակերեսային վարակների բուժման համար:
Խուսափեք թեյի ծառի յուղի բերանային (օրալ) օգտագործումից, քանի որ կուլ տալիս այն դրսևորում է թունավոր ազդեցություն:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 27-01-2024