Skip to main content

Կատվախոտ (վալերիանա) - Բուսական հավելումներ

Ընդհանուր նկարագրություն

​Բազմաթիվ հետազոտության արդյունքներ վկայում են, որ կատվախոտը՝ կատվախոտազգիների ընտանիքի ​բազմամյա և յուրահատուկ հոտով ​խոտաբույսը, կարող է կրճատել քուն մտնելու ժաանակը և օգնել, որ ավելի լավ քնեք:

Կատվախոտազգիների տարբեր տեսակներից մանրակրկիտ կերպով հետազոտվել է միայն «Կատվախոտ դեղատու» (Valeriana officinalis) տեսակի արմատները, սակայն ոչ բոլոր հետազոտություններն են պարզել վերջինիս արդյունավետությունը, և կան նաև հրապարակումներ, որոնք նախազգուշացնում են որոշ հնարավոր վտանգների մասին:

Կատվախոտ դեղատուի կոճղարմատում և արմատներում հայտնաբերվում է 0,5-2 % բնորոշ «վալերիանայի» հոտով եթերայուղ, որը պարունակում է բազմաթիվ օրգանական և ոչ օրգանական միացություններ, այդ թվում՝ վալերիանա-բորնեոլայի եթեր, իզովալերիանաթթու, բորնեոլ, միտրենոլ, կամֆեն, պինեն, տերպինեոլ, լիմոնեն, սեսկվիտերպեններ, սպիրտ, մրջնաթթու, քացախաթթու, կարագաթթու, խնձորաթթու, ստեարինաթթու, պալմիտինաթթու, ալկալոիդներ (վալերին և խատինին), գլիկոզիդ վալերիդ, դաբաղանյութեր, շաքար, քիմիական տարրերից` կալիում, կալցիում և մագնեզիում, օսլա, խեժ և այլն:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Կատվախոտի արմատը կարող է օգտագործվել քնի խանգարումների, այդ թվում՝ անքնության ժամանակ: Որոշ բուսական կամ սննդային հավելումներում կարող են հայտնաբերվել հնարավոր վնասակար հավելանյութեր: Ուստի ձեր բժշկի կամ դեղագործի հետ միասին ստուգեք, թե ձեր նախատեսած դեղաձևն ինչպիսի նման նյութեր է պարունակում:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Կատվախոտի օգտագործումից հետո կարող են առաջացանալ՝

  • գլխացավ
  • անհանգստություն
  • ստամոքսի խանգարում (դիսպեպսիա)
  • գլխապտույտ
  • հոգնածության զգացում:

Եթե այս երևույթներից մեկնումեկը կայուն շարունակվում կամ վատթարանում է, առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին կամ դեղագործին: Նույն կերպ վարվեք, եթե ձեզ մոտ ի հայտ են գալիս կատվախոտի ավելի հազվադեպ հանդիպող, սակայն ավելի լուրջ կողմնակի ազդեցություններ՝

  • կայուն սրտխառնոց և (կամ) փսխում
  • ստամոքսի շրջանի կամ որովայնի ցավեր
  • աչքերի կամ մաշկի դեղնություն և (կամ) մեզի մգացում
  • խիստ արտահայտված հոգնածության զգացում
  • ծանր ալերգիկ ռեակցիաներ (խիստ հազվադեպ)
  • ուժեղ գլխապտույտ
  • սուր շնչառական խանգարումներ:

Փոխազդեցություններ

  • Մինչև կատվախոտ ընդունելը տեղեկացրեք ձեր բժշկին կամ դեղագործին, եթե ունեք ալերգիա այս արտադրանքի նկատմամբ կամ որևէ այլ ալերգիկ խանգարում: Հիշեք, որ կատվախոտի թուրմը կարող է պարունակել տարբեր ոչ ակտիվ նյութեր, որոնք նույնպես կարող են դառնալ ալերգեններ (ալերգիա առաջացնողներ):
  • Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք լյարդի լուրջ ախտահարումով ընթացող հիվանդություններ:
  • Հիշեք, որ կատվախոտի հեղուկ դեղաձևերը կարող են պարունակել շաքար և (կամ) ալկոհոլ: Ուստի, ուշադիր եղեք, եթե ունեք դիաբետ (շաքարախտ), քրոնիկ ալկոհոլիզմ կամ լյարդային հիվանդություններ (օրինակ՝ ցիռոզ):
  • Հիշեք, որ կատվախոտը կարող է առաջացնել քնկոտություն և հաշի առեք այս ազդեցությունը, եթե պատրաստվում եք ավտոմեքենա վարել կամ կատարել զգոնություն պահանջող աշխատանք կամ գործ:
  • Կատվախոտ օգտագործելիս խուսափեք ալկոհոլային խմիչքներից և քնաբեր դեղերից:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

Կատվախոտը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք կատվախոտի ակտիվ ազդող նյութերը կարողանո՞ւմ են մուտք գործել մայրական կաթի մեջ:

Երկու իրավիճակներում էլ խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ մինչև կատվախոտ ընդունելը:

Դեղաչափեր

Կատվախոտի թուրմն օգտագործվում է բերանային (օրալ)՝ խմելու միջոցով, սովորաբար անկողին մտնելուց 30 րոպեից 2 ժամ առաջ կամ այնպես, ինչպես նշանակել է բժիշկը: Ուշադիր ծանոթացեք դեղատուփի տեղեկատվական թերթիկին: Եթե ձեր ընթերցածի վերաբերյալ ունեք որոշակի հարցեր կամ կասկածներ, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ:

Բուսական այս արտադրանքը խորհուրդ չի տրվում օգտագործել 4 շաբաթից ավելի երկար: Հնարավոր կողմնակի ազդեցությունների ռիսկը կրճատելու համար, եթե վալերիանա խմում եք երկար ժամանակ, մի փորձեք կտրուկ ընդհատել այն, այլ՝ աստիճանաբար նվազեցրեք դեղաչափը 1-2 շաբաթվա ընթացքում, որից հետո նոր միայն լրիվ դադարեցնել ընդունումը: Եթե հիվանդությունը շարունակվում կամ վատթարանում է կամ եթե կարծում եք, որ ունեք լուրջ առողջական խնդիր, ապա առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին:

Մինչև անքնության դեմ կատվախոտի թուրմ խմելը, խորհեք այս հարցերի շուրջ:

  • Դեղը կարող է չլինել խնդրի պատասխանը. սկսեք ձեր կենսակերպն առողջացնելուց և առողջ քնի սովորույթներն ամրապնդելուց: Խուսափեք երեկոյան ժամերին կոֆեին օգտագործելուց, օրվա ընթացքում եղեք ֆիզիկապես ակտիվ, ժամանակ գտեք և մաքուր օդին զբոսնեք: Փորձեք ինքնուրույն կամ հոգեթերապևտի օգնությամբ լուծել հոգեկան այն խնդիրները, որոնք խաթարում են ձեր նորմալ քունը: Մշակեք և պահպանեք օրակարգ և անկողին մտեք մոտավորապես նույն ժամին՝ առանց սմարտֆոնի:
  • Ապրանքների գովազդը կարող է շեղել ճիշտ տեղեկատվությունից. փորձեք գտնել միայն ապացուցված տվյալներ և հանրահայտ մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցներ:
  • Դոզավորումն անորոշ է. Կատվախոտն իր առավելագույն արդյունավետությունը դրսևորում է, երբ պարբերաբար օգտագործվում է շուրջ 2 շաբաթվա ընթացքում: Այնուամենայնիվ, հստակ բուժական դեղաչափերի վերաբերյալ ապացուցված տվյալներ չկան և իրականում այնքան էլ պարզ չէ, թե ինչ դեղաչափով և ինչ տևողությամբ է պետք այս միջոցն օգտագործել:
  • Կարող են ի հայտ գալ կողմնակի ազդեցություններ. թեև կատվախոտը համարվում է բավականին անվտանգ միջոց, սակայն զերծ չէ կողմնակի ազդեցություններից, օրինակ՝ գլխացավ, գլխապտույտ, ստամոքսի խանգարում կամ քնկոտություն: Այն անվտանգ չէ, եթե հղի կամ կրծքով կերակրող մայր եք: Կատվախոտը չի ուսումնասիրվել մինչև 3 տարեկան երեխաների համար: Վերջապես, այս միջոցը կարող է վտանգավոր լինել, եթե ունեք լյարդի ծանր ախտահարում, օգտագործել եք նաև ալկոհոլ և ցանկանում եք ավտոմեքենա վարել:
  • Հնարավոր են փոխազդեցություններ այլ դեղերի հետ. կատվախոտը կարող է ուժեղացնել այլ քնաբեր դեղերի և ալկոհոլի, բենզոդիազեպինների և թմրաբեր դեղերի քնաբեր ազդեցությունը:
  • Բուսական հավելումները չեն ենթարկվում դեղերին ներկայացվող որակի և վերահսկման պահանջներին. շատ անգամ դժվար է հասկանալ, թե բուսական հավելումներից որն է օգտակար և որը՝ վտանգավոր: Նույնը վերաբերվում է կատվախոտին: Հիշեք, որ բուսական ծագումը չի կարող անվտանգության երաշխիք լինել:
  • Խոսեք ձեր բժշկի հետ. պետք չէ ընդունել բուսական կամ սննդային որևէ հավելում՝ առանց ձեր բժշկին այդ մասին տեղեկացնելու: Կատվախոտն ունի նախազգուշացումներ, կողմնակի ազդեցություններ, այլ նյութերի հետ փոխազդեցություններ և, վերջապես, օգտագործման նպատակահարմարություն, օգուտներ և վնասներ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Կատվախոտի սպիրտային թուրմ՝ 100 մլ կամ այլ տարողությամբ:

Պահպանում

Հետևեք տեղեկատվական թերթիկում նշված պահպանման հրահանգներին: Բոլոր դեղերը, այդ թվում՝ բուսական ծագման, պահեք երեխաներից և տնային կենդանիներից հեռու և անհասնելի տեղերում:

Ամփոփում

Կատվախոտի եթերներն օգտագործվում են որպես հանգստացնող (սեդատիվ) բուսական միջոց: Այնուամենայնիվ, այն զերծ չէ հնարավոր կողմնակի ազդեցություններից, հատկապես երկարաժամկետ կամ այլ դեղամիջոցների հետ օգտագործելիս:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 06-11-2023