Դեղեր և հավելումներ
Վերապամիլ

Ընդհանուր նկարագրություն
Վերապամիլը հանդիսանում է կալցիումի անցուղիների պաշարիչների դասի տիպիկ ներկայացուցիչ, որն արգելակում է կալցիումի մուտքը սրտամկանը սնուցող պսակային և օրգանիզմի այլ զարկերակների մկանաբջիջներ:
Կալցիումը մասնակցում է մկանների կծկմանը, ուստի, պաշարելով կալցիումի մուտքը դեպի մկանաբջիջներ, Վերապամիլը և այս խմբի մյուս դեղերը թուլացնում են զարկերակները շրջապատող մկանաթելերը, որի շնորհիվ այդ անոթները լայնանում են՝ իրենց մեջ տեղավորելով ավելի շատ արյուն: Այսպիսով, Վերապամիլը դառնում է սրտամկանը սնուցող պսակային զարկերակների կծկանքով (սպազմ) պայմանավորված հետկրծոսկային ցավերի՝ կրծքահեղձուկի (ստենոկարդիա) կանխարգելման և բուժման համար արդյունավետ դեղամիջոց:
Մարմնի այլ շրջաններում զարկերակների մկանների թուլացումը բերում է արյան ճնշման նվազեցման, որն իր հերթին սրտի կողմից արյան մղումը դեպի այդ անոթներ դարձնում է ավելի դյուրին և նվազում է թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջը նաև այս մեխանիզմով:
Վերապամիլն ամերիկյան FDA կազմակերպության կողմից գրանցվել է 1982 թվականի մարտին:
Բրենդային անվանումներ՝ Calan, Verelan, Verelan PM, Isoptin, Isoptin SR
Օրինակներ
Կալցիումական ուղիների արգելակիչների այլ ներկայացուցիչներից են՝
Ցուցումներ
Վերապամիլը նշանակվում է իշեմիկ բնույթի սրտային ցավերի (կրծքային հեղձուկ կամ ստենոկարդիա), բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և հաճախասրտությամբ ուղեկցվող սրտի ռիթմի խանգարումների (օրինակ՝ շողացող առիթմիա) կանխարգելման և բուժման մեջ: Թեև ոչ պաշտոնական հաստատմամբ, սակայն Վերապամիլը նաև օգտագործվում է միգրենային գլխացավերի կանխարգելման համար:
Կողմնակի ազդեցություններ
Վերապամիլի տարածված կողմնակի ազդեցություններից են՝
- գլխապտույտ
- ընդհանուր թուլություն և հոգնածություն
- սրտի ռիթմի կտրուկ դանդաղեցմանը կամ ցածր ճնշմանն ուղեկցող ուշաթափություն:
Այլ կողմնակի ազդեցություններից են՝
- ստորին վերջույթների այտուցվածություն
- մաշկացան
- գլխացավ
- սրտխառնոց
- փորկապություն:
Վերապամիլը կարող է նաև առաջացնել լյարդային թեստերի շեղումներ, որը սովորաբար դեղի օգտագործումը դադարեցնելիս ինքնուրույն անհետանում է:
Վերապամիլը կարող է նաև կրճատել սրտի ռիթմը, խիստ հազվադեպ՝ նաև կտրուկ նվազեցնել արյան ճնշումը (զարկերակային հիպոտենզիա):
Վերապամիլը կարող է նաև օժանդակել սրտային անբավարարության դրսևորմանը, հատկապես սրտամկանի թույլ գործունեությամբ հիվանդների մոտ:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Վերապամիլի և որևէ բետա պաշարիչի (սրտի ռիթմը կրճատող մեկ այլ դեղերի խումբ) միաժամանակյա օգտագործումը կարող է առաջացնել սրտի ռիթմի ծանր և վտանգավոր կրճատում:
- Վերապամիլը կարող է բարձրացնել արյան մեջ որոշ դեղերի մակարդակները, այդ թվում՝ Դիգօքսին, Թեոֆիլին, Ցիկլոսպորին և Կարբամազեպին: Ուստի, այս դեղերի թունավոր ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել դրանց մակարդակները:
- Վերապամիլը կարող է որոշ պացիենտների մոտ նվազեցնել արյան Լիթիումի մակարդակը: Անհայտ պատճառներով միաժամանակ Լիթիում և Վերապամիլ ստացող որոշ պացիենտների մոտ կարող է գրանցվել Լիթիումի կողմնակի ազդեցությունների ուժգնացում՝ առանց արյան մեջ վերջինիս մակարդակի բարձրացման:
- Վերապամիլի հետ միաժամանակ ստատինների օգտագործումը (օրինակ՝ Սիմվաստատին կամ Լովաստատին) կարող է բարձրացնել միոպաթիայի (ռաբդոմիոլիզ) հավանականությունը, քանի որ Վերապամիլը նվազեցնում է լյարդում ստատինների տրոհումը: Վերապամիլ ստացող պացիենտներին Սիմվաստատինը պետք է նշանակվի ոչ ավելի քան 10 մգ/օր, իսկ Լովաստատինը՝ ոչ ավելի քան 40 մգ/օր դեղաչափով: Կարող է առաջանալ նաև ստատինների (օրինակ՝ Ատորվաստատին) մեկնարկային և պահպանողական դեղաչափերի նվազեցման կարի, քանի որ Վերապամիլը նաև կարող է բարձրացնել արյան պլազմայում այս դեղերի մակարդակը:
- Ռիֆամպինը և Ֆենոբարբիտալը բարձրացնում են Վերապամիլի հեռացման արագությունը՝ թուլացնելով վերջինիս ազդեցությունը:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիության ընթացքում Վերապամիլի ընդունման անվտանգության վերաբերյալ տվյալներ չկան: Դեղն անցնում է ընկերքով և թափանցում սաղմի օրգանիզմ:
- Կրծքով կերակրող մայրերի կողմից Վերապամիլի ընդունման անվտանգության վերաբերյալ տվյալներ չկան: Վերապամիլն արտազատվում է կրծքի կաթի մեջ:
Դեղաչափեր
Վերապամիլը կարող է ընդունվել սննդի հետ միասին:
- Կրծքային հեղձուկ (անհապաղ ազդեցության դեղաձևեր)՝ 80-160 մգ օրական 3 անգամ:
- Կրծքային հեղձուկ (երկարատև ազդեցության դեղաձևեր)՝ 180-540 մգ՝ գիշերային քնից առաջ:
- Հիպերտենզիա (անհապաղ ազդեցության դեղաձևեր)՝ 80-320 մգ օրական 2 անգամ:
- ՀիպերտենզիաՀիպերտենզիա (երկարատև ազդեցության դեղաձևեր)՝ 120-480 մգ՝ օրական 1 կամ 2 անգամ:
- Միգրեն՝ 160-320 մգ օրական 3-4 անգամ:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Անհապաղ ազդեցությության հաբեր՝ 40, 80 և 120 մգ:
- Պահպանողական ազդեցության պատիճներ՝ 120, 180, 240 և 360 մգ:
- Երկարատև ազդեցության հաբեր՝ 100, 120, 180, 200, 240 և 300 մգ:
- Ներարկման սրվակներ՝ 2,5 մգ/մլ:
Պահպանում
- Վերապամիլը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում (15-30°C), կիպ փակած անլուսաթափանց տուփում:
Ամփոփում
Վերապամիլը դեղ է, որը նշանակվում է կրծքահեղձուկային սրտային ցավերի, բարձր արյան ճնշման և սրտի ռիթմի հաճախացումների, օրինակ՝ շողացող առիթմիայի կանխարգելման և բուժման համար: Թեև միգրենի բուժման համար ցուցումը հաստատված չէ, սակայն օգտագործվում է նաև միգրենային գլխացավերի կանխարգելման համար:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-08-2020 վերանայվել է՝ 10-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: