Skip to main content

Սիլդենաֆիլ (Վիագրա) - Էրեկտիկ դիսֆունկցիայի դեղեր

Ընդհանուր նկարագրություն

Սիլդենաֆիլը կամ Վիագրան տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ օգտագործվող դեղ է։

Սիլդենաֆիլը շատերին հայտնի է ինտերնետային գովազդից՝ որպես էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման թիվ մեկ դեղամիջոց։ Սակայն, իրականում Վիագրան չի վերացնում էրեկցիայի խանգարման բուն պատճառը։ Այն միայն թույլ է տալիս, որ տղամարդը կարողանա սեռական հարաբերություն ունենալ։

Վիագրան ազդում է՝ թուլացնելով առնանդամի արյունատար անոթները և մեծացնելով արյան ներհոսը դեպի առնանդամ՝ զարգացնելով էրեկցիա։ Եթե նախատեսում եք օգտագործել Վիագրա, պետք է այս դեղամիջոցն ընդունեք նախատեսված սեռական հարաբերությունից մոտ մեկ ժամ առաջ։

Վիագրան ձեր էրեկիցայի վրա ազդում է այն ընդունելուց հետո մինչև չորս ժամվա ընթացքում։ Սա բնավ չի նշանակում, որ Վիագրան խմելուց հետո ձեր էրեկցիան տևելու է չորս ժամ։

Վիագրան սովորաբար ինքնուրույն էրեկցիա չի առաջացնում, ուստի սեռական գրգռման անհրաժեշտություն այսպես թե այնպես լինում է։ Նկատի ունեցեք նաև, որ Վիագրան չի բուժում էրեկտիլ դիսֆունկցիան, չի ուժեղացնում ձեր սեռական ցանկությունները, չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից կամ չի հանդիսանում բեղմնականխման միջոց։

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Viagra

Ցուցումներ

Վիագրան օգտագործվում է տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ։

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Վիագրան զերծ չէ կողմնակի ազդեցություններից։ Դրանցից ավելի հաճախ հանդիպում են՝

  • գլխացավ
  • մաշկի կարմրություն
  • այրոցք
  • տեսողության խանգարումներ
  • քթի փակվածություն կամ քթահոսություն
  • գոտկային ցավեր
  • մկանային ցավեր
  • սրտխառնոց
  • գլխապտույտ։

Եթե նախատեսել եք Վիագրա օգտագործել, զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ։

Խիստ հազվադեպ Վիագրան կարող է առաջացնել ցավոտ կամ երկարաձգված էրեկցիա։ Եթե սա տեղի է ունենում կամ ձեզ մոտ էրեկցիան շարունակվում է ավելի քան 4 ժամ, դուք պետք է շտապ այցելեք մոտակա հիվանդանոց։ Երկարաձգված էրեկցիան կարող է վտանգ ներկայացնել։

Վիագրան անվտանգ չէ որոշ հիվանդություններ ունեցող տղամարդկանց համար։ Այս դեղը խորհուրդ չի տրվում հատկապես սրտային հիվանդություններով, ինսուլտով կամ աչքի որոշ հիվանդություններով (պիգմենտային ռետինիտ) տղամարդկանց։

Փոխազդեցություններ

Վիագրան կարող է փոխազդել այլ, այդ թվում՝ նիտրատների և արյան բարձր ճնշման դեղերի հետ։ Ուստի նման դեղեր ընդունող տղամարդկանց ևս Վիագրան հակացուցված է։

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Դեղաչափեր

Եթե օգտագործում եք Վիագրա, հիշեք նաև, որ՝

  • դուք չեք կարող 24 ժամվա ընթացքում ընդունել Վիագրայի ավելի քան 1 հաբ
  • դուք չեք կարող միաժամանակ ընդունել էրեկցիան խթանող այլ դեղամիջոցներ։

Դեղաձևեր և պահպանում

Դուք կարող եք հանդիպել Վիագրայի վաճառքի առցանց կայքեր կամ ձեր էլեկտրոնային փոստով ստանալ Վիագրայի վաճառքի տարբեր առաջարկություններ։ Մենք հորդորում ենք հրաժարվել նման եղանակներով Վիագրա գնելուց, քանի որ ոչ մեկ չի կարող վստահ լինել նման միջոցներով ձեռ բերված դեղամիջոցների բաղադրության կամ որակի վրա։ Եթե ցանկանում եք գնել Վիագրա, խորհրդակցեք ձեր բժշկի հետ և գնեք այն միայն վստահելի դեղատներից։

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 05-06-2023