Ընդհանուր նկարագրություն
Վիտամին D-ն սննդանյութ է, որն անհրաժեշտ է ձեր օրգանիզմին առողջ ոսկորների կառուցման և պահպանման համար:
Սա պայմանավորված է նրանով, որ ձեր օրգանիզմը կարող է ներծծել ոսկորների հիմնական բաղադրիչ հանդիսացող կալցիում միայն վիտամին D-ի առկայության պայմաններում: Վիտամին D-ն նաև ձեր օրգանիզմում կարգավորում է բազմաթիվ այլ բջջային գործառույթներ: Դրա հակաբորբոքային, հակաօքսիդանտային և նեյրոպաշտպանիչ հատկությունները աջակցում են իմունային համակարգի առողջ վիճակի ապահովմանը, մկանների աշխատանքին և գլխուղեղի բջիջների գործունեությանը:
Բնականում վիտամին D չի պարունակվում բազմաթիվ մթերքների մեջ, բայց դուք կարող եք այն ստանալ հարստացված կաթից, հարստացված հացահատիկից և յուղոտ ձկներից, ինչպիսիք են սաղմոնը, սկումբրիան և սարդինան: Ձեր օրգանիզմը նաև վիտամին D է արտադրում, երբ արևի ուղիղ ճառագայթները ձեր մաշկում առկա քիմիական նյութը վերածում են վիտամինի ակտիվ ձևի (կալցիֆերոլ):
Ձեր մաշկի կողմից արտադրած վիտամին D-ի քանակը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ օրվա ժամից, տարվա եղանակից, աշխարհագրական լայնությունից և մաշկի գունավորումից (պիգմենտացիա): Կախված նրանից, թե որտեղ եք ապրում և ձեր ապրելակերպից, վիտամին D-ի արտադրությունը կարող է նվազել կամ իսպառ բացակայել ձմռան ամիսներին: Արևապաշտպան քսուքը, թեև կարևոր է մաշկի քաղցկեղի կանխարգելման համար, կարող է նվազեցնել մաշկում վիտամին D-ի արտադրությունը:
Բազմաթիվ տարեց մարդիկ կանոնավոր կերպով չեն ենթարկվում արևի լույսի ազդեցությանը և դժվարություն ունեն՝ կապված սննդում առկա վիտամին D-ի ներծծման հետ: Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ բավարար քանակությամբ վիտամին D չեք ստանում, արյան պարզ թեստը կարող է ստուգել այս վիտամինի մակարդակը ձեր արյան մեջ:
Վիտամին D պարունակող մուլտիվիտամին ընդունելը կարող է օգնել ոսկորների առողջական վիճակի բարելավմանը: Վիտամին D-ի առաջարկվող օրական քանակը կազմում է 400 միջազգային միավոր (ՄՄ, IU)՝ մինչև 12 ամսական երեխաների համար, 600 ՄՄ՝ 1-ից 70 տարեկան մարդկանց համար և 800 ՄՄ՝ 70 տարեկանից բարձր մարդկանց համար:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Որոշակի վիճակների համար վիտամին D-ի օգտագործման վերաբերյալ հետազոտությունները վկայում են հետևյալի մասին։
- Քաղցկեղ. քաղցկեղի կանխարգելման համար վիտամին D-ի օգուտների վերաբերյալ տվյալները տարբեր են: Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու, թե արդյոք վիտամին D-ի հավելումը կարող է նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը:
- Ճանաչողական (կոգնիտիվ) առողջություն. հետազոտությունները ցույց են տալիս, որ արյան մեջ վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է ճանաչողական գործառույթի անկման հետ: Այնուամենայնիվ, ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ կոգնիտիվ առողջության համար վիտամին D-ի հավելումների օգուտները գնահատելու համար:
- Ժառանգական ոսկրային խանգարումներ. վիտամին D-ի հավելումները կարող են օգտագործվել, որ օգնեն որոշակի ժառանգական խանգարումների բուժմանը, որոնք առաջանում են վիտամին D-ի ներծծման կամ յուրացման ունակության խանգարումից, ինչպիսին է ընտանեկան հիպոֆոսֆատեմիան:
- Ցրված սկլերոզ. հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին D-ի երկարատև ընդունումը նվազեցնում է ցրված սկլերոզի ռիսկը:
- Օստեոմալացիա. վիտամին D-ի հավելումներն օգտագործվում են վիտամին D-ի սուր անբավարարությամբ չափահասների բուժման համար, ինչը հանգեցնում է ոսկրային միներալների պարունակության կորստի, ոսկրային ցավերի, մկանային թուլության և ոսկորների փափկեցման (օստեոմալացիա):
- Օստեոպորոզ. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր իրենց սննդակարգում ստանում են բավարար քանակությամբ վիտամին D և կալցիում, կարող են դանդաղեցնել ոսկրային միներալների կորուստը, օգնել օստեոպորոզի կանխարգելմանը և նվազեցնել ոսկրերի կոտրվածքները: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք ձեզ անհրաժեշտ են կալցիումի և վիտամին D-ի հավելումներ՝ օստեոպորոզը կանխարգելելու կամ բուժելու համար:
- Փսորիազ. վիտամին D-ի կամ տեղային մաշկային պատրաստուկի կիրառումը մաշկի վրա, որը պարունակում է վիտամին D (կալցիպոտրիեն), որոշ մարդկանց մոտ կարող է բուժել վահանիկային տիպի փսորիազը:
- Ռախիտ. այս հազվադեպ հանդիպող հիվանդությունը զարգանում է վիտամին D-ի խիստ պակաս ունեցող երեխաների մոտ։ Վիտամին D-ի հավելումը կարող է կանխել և բուժել խնդիրը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Ճիշտ դեղաչափերով ընդունված վիտամին D-ն ընդհանուր առմամբ համարվում է անվտանգ:
Այնուամենայնիվ, հավելումների տեսքով վիտամին D-ի չափից շատ ընդունումը կարող է վնասակար լինել: 9 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաները, մեծահասակները, հղի և կրծքով կերակրող կանայք, ովքեր ընդունում են օրական ավելի քան 4000 ՄՄ վիտամին D, կարող են ունենալ՝
- սրտխառնոց և փսխում
- վատ ախորժակ և քաշի կորուստ
- փորկապություն
- թուլություն
- շփոթվածություն և ապակողմնորոշում
- սրտի ռիթմի խնդիրներ (առիթմիաներ)
- երիկամների քարեր և երիկամների վնասում:
Փոխազդեցություններ
Հնարավոր փոխազդեցությունների օրինակները ներկայացված են ստորև:
- Ալյումին. վիտամին D-ի և ալյումին պարունակող ֆոսֆատ-կապող նյութերի ընդունումը, որոնք կարող են օգտագործվել երիկամային քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց արյան շիճուկում ֆոսֆատի բարձր մակարդակները բուժելու համար, երկարաժամկետ կարող է առաջացնել ալյումինի վնասակար մակարդակ երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ:
- Հակացնցումային միջոցներ (անտիկոնվուլսանտներ). Ֆենոբարբիտալ և Ֆենիտոին (Դիլանտին, Ֆենիտեկ) հակացնցումային միջոցները մեծացնում են վիտամին D-ի քայքայումը և նվազեցնում աղիներիով կալցիումի ներծծումը:
- Ատորվաստատին (Լիպիտոր). վիտամին D-ի ընդունումը կարող է ազդել ձեր օրգանիզմի կողմից խոլեստերինի այս դեղամիջոցի նյութափոխանակության վրա:
- Կալցիպոտրիեն (Դովոնեքս, Սորիլուքս). մի՛ ընդունեք վիտամին D փսորիազի այս դեղամիջոցի հետ միասին: Նման զուգակցումը կարող է մեծացնել արյան մեջ չափազանց շատ կալցիումի ռիսկը (հիպերկալցեմիա):
- Խոլեստիրամին (Պրեվալիտ). խոլեստերինն իջեցնող այս դեղամիջոցի հետ վիտամին D ընդունելը կարող է նվազեցնել ձեր մարսողական խողովակով վիտամին D-ի ներծծումը:
- Ցիտոքրոմ P-450 3A4 (CYP3A4) սուբստրատներ. զգուշորեն օգտագործեք վիտամին D, եթե օգտագործում եք դեղամիջոցներ, որոնք նյութափոխանակվում են այս ֆերմենտներով:
- Դիգոքսին (Լանոքսին). խուսափեք վիտամին D-ի բարձր դեղաչափեր ընդունելուց սրտային այս դեղամիջոցի հետ միասին: Վիտամին D-ի բարձր դեղաչափերը կարող են առաջացնել հիպերկալցեմիա, որը Դիգոքսինի հետ մեծացնում է մահացու սրտային խնդիրների զարգացման ռիսկը:
- Դիլթիազեմ (Կարդիզեմ, Տիազակ և այլն). խուսափեք արյան ճնշման այս դեղամիջոցի հետ վիտամին D-ի բարձր դեղաչափեր ընդունելուց: Վիտամին D-ի բարձր դեղաչափերը կարող են առաջացնել հիպերկալցեմիա, որն էլ իր հերթին կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը:
- Օրլիստատ (Քսենիկալ, Ալլի). մարմնի քաշը կորցնելու այս դեղամիջոցի ընդունումը կարող է նվազեցնել ձեր օրգանիզմում վիտամին D-ի ներծծումը:
- Թիազիդային միզամուղներ. արյան ճնշման այս դեղամիջոցների ընդունումը վիտամին D-ի հետ մեծացնում է արյան մեջ կալցիումի բարձր մակարդակների (հիպերկալցեմիայի) ռիսկը:
- Ստերոիդներ. ստերոիդային միջոցների ընդունումը, ինչպիսին է Պրեդնիզոնը, կարող է նվազեցնել կալցիումի ներծծումը և խաթարել ձեր օրգանիզմի կողմից վիտամին D-ի յուրացումը:
- Խթանիչ լուծողականներ. խթանիչ լուծողականների բարձր դեղաչափերի երկարատև օգտագործումը կարող է նվազեցնել վիտամին D-ի և կալցիումի ներծծումը:
- Վերապամիլ (Վերելան, Կալան Calan SR). արյան ճնշման այս դեղամիջոցի հետ վիտամին D-ի բարձր դեղաչափեր ընդունելը կարող է առաջացնել հիպերկալցեմիա և նաև կարող է նվազեցնել Վերապամիլի արդյունավետությունը:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Ամփոփում
Առանց վիտամին D-ի ձեր ոսկորները կարող են դառնալ փափուկ, բարակ և փխրուն: Անբավարար վիտամին D-ն նաև կապված է օստեոպորոզի հետ: Եթե արևի լույսից կամ սննդային աղբյուրներից բավար վիտամին D չեք ստանում, կարող եք ունենալ այս սննդանյութի հավելումների կարիք:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-01-2024
Վերջին վերանայում՝ 23-01-2024