Ընդհանուր նկարագրություն
Վարֆարինը բերանային (օրալ) հակամակարդիչ է, որն արգելակում է արյան մակարդումը:
Այն կանխարգելում է արյան մակարդուկի (թրոմբի) ձևավորումը՝ ընկճելով լյարդի կողմից այնպիսի գործոնների արտադրությունը, որոնք նպաստում են թրոմբառաջացմանը՝ արյան մակարդման II, VII, IX և X գործոններ, ինչպես նաև հակամակարդիչ C (պրոտեին C) և S (պրոտեին S) սպիտակուցներ: Լյարդում այս գործոնների արտադրությունը կախված է վիտամին K-ի համարժեք քանակներից: Վարֆարինը կրճատում է մակարդելիության գործոնների արտադրությունը, քանի որ հակազդում է վիտամին K-ին (հանդես է գալիս որպես վիտամին K-ի ներհակորդ կամ անտագոնիստ):
Արյան մակարդուկները կարող են առաջանալ ստորին վերջույթների երակներում (խորանիստ երակների թրոմբոզ), հաճախ՝ երկար ժամանակ մարդու անշարժ վիճակում գտնվելու ժամանակաշրջանում: Մակարդուկներն այստեղից կարող են պոկվել և արյան հոսքով հասնել թոքեր՝ առաջացնելով թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա (ԹԶԹԷ), որը կյանքին սպառնացող վիճակ է:
Արյան մակարդուկներ կարող են առաջանալ նաև սրտի խոռոչներում, որի համար նպաստավոր գործոն է հանդիսանում շողացող առիթմիան կամ սրտի փականային ախտահարումները: Այս դեպքում ևս մակարդուկները կարող են պոկվել և խցանել գլխուղեղի արյունատար անոթները՝ առաջացնելով էմբոլիկ (իշեմիկ կամ «ոչ արյունահոսային») ինսուլտ, որը կարող է առաջացնել վերջույթների կաթված (պարալիչ):
Վարֆարինի հակամակարդիչ ազդեցությունը նաև կարևոր է արդեն առաջացած մակարդուկի պայմաններում, քանի որ կանխարգելում է դրա մեծացումը կամ նոր մակարդուկների ձևավորումը, որի շնրոհիվ փոքրանում է մակարդուկների էմբոլիզացան դեպի այլ կենսականորեն կարևոր օրգաններ, ինչպիսիք են թոքերը և գլխուղեղը:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Վարֆարինը հաստատել է դեռևս 1954թ. հունիսին, որից հետո տարբեր բրենդային անվանումների ներքո ստացել է լայն կիրառում ողջ աշխարհով:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Coumadin, Jantoven
Ցուցումներ
- Վարֆարինն օգտագործվում է խորանիստ երակների թրոմբոզով հիվանդների բուժման մեջ, որ երկարացվի արյան մակարդման ժամանակը և կրճատվի ԹԶԹԷ-ի զարգացման ռիսկը:
- ԹԶԹԷ-ով մարդիկ կարող են ստանալ Վարֆարին նոր էմբոլիաների առաջացման ռիսկը նվազեցնելու համար:
- Վարֆարինը նաև կարող է նշանակվել շողացող առիթմիայով կամ սրտի փականային արատներով մարդկանց՝ որպես իշեմիկ ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի ռիսկերը նվազեցնող դեղամիջոց:
- Վարֆարինը նշանակվում է պսակաձև զարկերակների կաթետերիզացիայի միջամտության և ստենտավորման դեպքում՝ մակարդուկով խցանումը կանխարգելելու համար:
- Վարֆարինը նաև կարող է օգտակար լինել որոշ օրթոպեդիական վիրահատություններից հետո արյան մակարդուկների առաջացումը կանխարգելելու համար:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Վարֆարինի երկու կարևոր կողմնակի ազդեցություններն են՝
- արյունահոսություն
- մաշկի նեկրոզ (գանգրենա):
Արյունահոսություն կարող է տեղի ունենալ ցանկացած օրգանում կամ հյուսվածքում: Օրինակ՝
- գլխուղեղի շրջակայքում արյունահոսությունը կարող է առաջացնել սուր գլխացավերով և կաթվածով (պարալիչ) ընթացող հեմոռագիկ (արյունահոսող) ինսուլտ
- ներհոդային արյունահոսությունները կարող են առաջացնել հոդերի ցավ և այտուցվածություն (հեմարթրոզ)
- ստամոքսային կամ աղիքային արյունահոսությունները կարող են առաջացնել ընդհանուր թուլություն, գլխապտույտ, ուշագնացության զգացում և ուշագնացություն, արյունային կամ սուրճի նստվածքի տեսքով փսխում, կղանքի սևացում և այլն
- երիկամներում արյունահոսությունը կարող է ուղեկցվել գոտկային շրջանի ցավերով և սուր արյունամիզությամբ (հեմատուրիա):
Վարֆարինի այլ կողմնակի ազդեցություններից են՝
- մանուշակագույն, ցավոտ ոտքի մատներ
- մաշկային ցան
- մազաթափություն
- փորլուծություն
- դեղնուկ (աչքերի և մաշկի դեղնություն)
- աղիների փքվածություն (մետեորիզմ):
Վարֆարինի գերդոզավորման նշաններից են՝
- լնդային արյունահոսություներ
- արյունազեղումներ
- քթային արյունահոսություններ
- դաշտանի առատացում և (կամ) երկարաձգում (մենոռագիա)
- կտրած վերքերից արյունահոսության երկարացում:
Փոխազդեցություններ
- Ինչպես դեղատոմսով դուրս գրվող, այնպես էլ առանց դեղատոմսի վաճառվող բազմաթիվ դեղեր կարող են ազդել Վարֆարինի հակամակարդիչ ազդեցության վրա կամ բարձրացնել արյունահոսության ռիսկը: Վարֆարին ընդունող մարդիկ պետք է պարբերաբար խորհրդակցեն իրենց բժիշկների հետ մինչև փորձեն ինքնուրույն որևէ նոր դեղամիջոց օգտագործել:
- Վարֆարին ընդունող մարդկանց նաև խորհուրդ է տրվում կրել «տեղեկատվական ապարանջան» (браслет), որն այլ բժիշկներին կտեղեկացնի նրանց կողմից հակամակարդիչ ընդունելու փաստի մասին:
- Վարֆարինի հետ փոխազդող որոշ դեղերի օրինակներից են՝
- Վարֆարինի քայքայումը թուլացնող, հետևաբար՝ ազդեցությունն ուժեղացնող դեղերից են՝ Ամիոդարոն, Տրիմեթոպրիմ/Սուլֆամեթոքսազոլ, Ֆլուկոնազոլ, Ինտրակոնազոլ, Ֆլուվաստատին, Ֆլուվոքսամին, Մետրոնիդազոլ, Միկոնազոլ, Վորիկոնազոլ, Զաֆիրկաստ, Ցիպրոֆլոքսացին, Ցիմետիդին, Ատորվաստատին, Կլարիթրոմիցին, Ֆլուոքսետին, Ինդինավիր, Ռիտոնավիր և այլն
- Վարֆարինի քայքայումն ուժեղացնող, հետևաբար՝ ազդեցությունը թուլացնող դեղերից են՝ Կարբամազեպին, Ռիֆամպին, Բոսենտան, Պրենդիզոն և այլն
- Արյունահոսության վտանգը կարող են բարձրացնել նաև՝
- այլ հակամակարդիչ դեղերը, օրինակ՝ Հեպարին, Արգատրոբան, Դաբիգատրան և այլն
- հակաագրեգանտները՝ Ասպիրին և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ-ներ), օրինակ՝ Իբուպորֆեն, Նապրոքսեն, Կլոպիդոգրել և Պրոսուգրել
- սերոտոնինի հետզավթման արգելակիչները, օրինակ՝ Ֆլուօքսետին և Պարօքսետին:
- Սխտորը և գինկգոն նույնպես կարող են բարձրացնել արյունահոսության ռիսկը, քանի որ ինքնուրույն կարող են առաջացնել արյունահոսություն:
- Վիտամին K-ով հարուստ սննդամթերքները (օրինակ՝ կանաչատերև բանջարեղենները) կարող են թուլացնել Վարֆարինի ազդեցությունը: Այնուամենայնիվ, սննդի միջոցով վիտամին K-ի անհրաժեշտ պահանջվող քանակներ ստանալը կարևոր է Վարֆարինի ազդեցության տատանումներից խուսափելու համար:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղի կանայք կամ այն կանայք, ովքեր ցանկանում են հղիանալ, պետք է խուսափեն Վարֆարինից, քանի որ զեկուցվել են բնածին արատների և սաղմնային (ֆետալ) արյունահոսության դեպքեր:
- Առկա տվյալների համաձայն Վարֆարինը չի արտազատվում կրծքի կաթի մեջ:
Դեղաչափեր
- Վարֆարինը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց սննդի:
- Վարֆարինի նյութափոխանակությունըն ընթանում և դեղն ապաակտիվանում է լյարդում, որից հետո արտազատվում է երիկամներով, ուստի լյարդի և երիկամների գործունեության խանգարումներով մարդկանց համար Վարֆարինի ստանդարտ դեղաչափը պետք է նվազեցնել:
- Վարֆարինի ազդեցությունը գնահատելու և դեղաչափը հարմարեցնելու համար անհրաժեշտ է հաճախակի կատարել արյան թեստ, մասնավորապես՝ ՄՆԳ թեստ (ռուսերեն՝ МНО, անգլերեն՝ INR):
- Կան Վարֆարինի նշանակման տարբեր նպատակների համար որոշված թիրախային ՄՆԳ (INR) միջակայքերը:
- Բուժումը սովորաբար սկսվում է օրական մեկ անգամ 2-ից մինչև 5 մգ դեղաչափով, որից հետո դեղաչափը հարմարեցվում է՝ ելնելով ՄՆԳ (INR) թեստի արդյունքներից:
- Վարֆարինի պահպանողական (երկարատև օգտագործման) դեղաչափը կազմում է օրական 2-ից մինչև 10 մգ:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 1, 2, 2.5, 3, 4, 5, 6, 5, 7.5 և 10 մգ:
- Ներարկման համար փոշի՝ 5 մգ/ֆլակոն:
Պահպանում
Վարֆարինը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (15-30° C), փակ, ոչ լուսաթափանց տարայում:
Ամփոփում
Վարֆարինը հակամակարդիչ դեղամիջոց է, որն ընկճում է արյան մակարդելիությունը, հետևաբար՝ կանխարգելում արյան մակարդուկների առաջացումը: Այն նշանակվում է խորանիստ երակների թրոմբոզով, թոքային էմբոլիայի զարգացման բարձր ռիսկով, ինչպես նաև շողացող առիթմիայով մարդկանց, որ կրճատվի իշեմիկ ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի ռիսկը:
Վարֆարինի տարածված կողմնակի ազդեցություններից են՝ մաշկային ցան, մազաթափություն, փորլուծություն, դեղնուկ և աղիների փքվածություն (մետեորիզմ):
Մինչև այս դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ այլ դեղամիջոցների հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման մասին:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 06-06-2023