Skip to main content

Ցինկ - Սննդային հավելումներ

Ընդհանուր նկարագրություն

Ցինկը սննդանյութ է, որը հայտնաբերվում է ամբողջ օրգանիզմում և օգնում է ձեր իմունային համակարգի և նյութափոխանակության գործունեությանը, ինչպես նաև կարևոր է վերքերի բուժման և համի և հոտի զգացողության համար:

Բազմատեսակ սննդակարգի դեպքում ձեր օրգանիզմը սովորաբար ստանում է բավականաչափ ցինկ: Ցինկի սննդային աղբյուրներն են հավի միսը, կարմիր (անճարպ) միսը և նախաճաշի հարստացված փաթիլները:

Մարդիկ օգտագործում են բերանային (օրալ) ցինկ՝ մրսածության բուժման համար, սակայն այն կարող է նվազեցնել որոշ դեղամիջոցների արդյունավետությունը և առաջացնել կողմնակի ազդեցություններ:

Ցինկի առաջարկվող օրական քանակությունը կազմում է 8 միլիգրամ (մգ) կանանց համար և 11 մգ չափահաս տղամարդկանց համար:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Որոշակի առողջական խնդիրների դեպքում բերանային (օրալ) ցինկի վերաբերյալ հետազոտությունը վկայում է հետևյալի մասին:

  • Ցինկի անբավարարություն (դեֆիցիտ). ցինկի ցածր մակարդակ ունեցող մարդիկ, ըստ երևույթին, ամենամեծ օգուտն են քաղում ցինկի հավելումներից: Այս տեսակի դեֆիցիտը տարածված չէ Միացյալ Նահանգներում և այլ զարգացած երկրներում, որտեղ հարստացված ալյուրը և սննդամթերքները դարձել են սովորական երևույթ:
  • Մրսածություն. առկա տվյալները վկայում են, որ եթե ցինկի հաբեր կամ օշարակ ընդունվեն մրսածության ախտանիշների սկսվելուց հետո 24 ժամվա ընթացքում, հավելումը կարող է օգնել հիվանդության տևողության կրճատմանը: Այնուամենայնիվ, ներքթային ցինկի օգտագործումը կապված է հոտառության կորստի հետ, որոշ դեպքերում` երկարաժամկետ կամ մշտական:
  • Վերքերի ապաքինում. ցինկի բերանային (օրալ) հավելումները կարող են օգնել մաշկային խոցեր ունեցող այն մարդկանց, ովքեր ունեն ցինկի ցածր մակարդակ:
  • Փորլուծություն. ցինկի բերանային (օրալ) հավելումները կարող են նվազեցնել լուծի ախտանիշները ցինկի ցածր մակարդակ ունեցող երեխաների մոտ, օրինակ՝ թերսնուցման դեպքում: Չկան բավարար ապացույցներ՝ խորհուրդ տալու համար բերանային ցինկի օգտագործումը փորլուծություն ունեցող երեխաների համար, ովքեր ստանում են առողջ, բազմատեսակ սնունդ:
  • Տարիքային մակուլյար դեգեներացիա. հետազոտությունները ցույց են տալիս, որ բերանային (օրալ) ցինկը կարող է դանդաղեցնել աչքի այս հիվանդության ծանրացումը:

Տեղային օգտագործվող ցինկը հայտնի է որպես ցինկի օքսիդ: Ցինկի օքսիդի նրբաքսուքը (կրեմ), քսուքը կամ մածուկը կիրառվում է մաշկի վրա՝ կանխելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բարուրային ցանը և արևայրուքը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Բերանային (օրալ) ցինկը կարող է առաջացնել՝

  • ստամոքսի խանգարում
  • փորլուծություն
  • գլխացավ
  • սրտխառնոց
  • փսխում։

Երբ բերանային ցինկն օգտագործվում է երկարատև և բարձր դեղաչափերով, կարող է առաջացնել պղնձի անբավարարություն (դեֆիցիտ): Պղնձի ցածր մակարդակ ունեցող մարդիկ կարող են զգալ նյարդաբանական խնդիրներ, ինչպիսիք են ձեռքերում և ոտքերում թմրածությունը և թուլությունը:

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտները (NIH) ցինկի վերին սահմանային դեղաչափ սահմանում է օրական 40 մգ-ը՝ չափահասների համար և օրական 4 մգ-ը՝ մինչև 6 ամսական երեխաների համար:

Մի՛ օգտագործեք ներքթային ցինկ, որը կապված է հոտառության կորստի հետ:

Փոխազդեցություններ

  • Հակաբիոտիկներ. Խինոլոն կամ Տետրացիկլին հակաբիոտիկներ ընդունելիս բերանային (օրալ) ցինկ օգտագործելը կարող է թուլացնել բակտերիաների դեմ պայքարելու դրանց ունակությունը: Ցինկի ընդունումից երկու ժամ առաջ կամ չորսից վեց ժամ հետո հակաբիոտիկի ընդունումը կարող է նվազագույնի հասցնել այս ազդեցությունը:
  • Պենիցիլամին. բերանային (օրալ) ցինկի օգտագործումը ռևմատոիդ արթրիտի բուժման մեջ օգտագործվող Պենիցիլամինի հետ (Կուպրիմին, Դեպեն) կարող է նվազեցնել արթրիտի ախտանիշները թեթևացնող այս դեղամիջոցի ազդեցությունը: Ցինկի ընդունումը դեղամիջոցն ընդունելուց առնվազն երկու ժամ առաջ կամ հետո կարող է նվազագույնի հասցնել այս ազդեցությունը:
  • Թիազիդային միզամուղներ. արյան ճնշման այս դեղամիջոցները մեծացնում են մեզի հոտ հեռացվող ցինկի քանակը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Ամփոփում

Ցինկի բերանային (օրալ) հավելումները կարող են օգտակար լինել ցինկի ցածր մակարդակ ունեցող մարդկանց: Մրսածության ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո ցինկը նաև կարող է կրճատել հիվանդության տևողությունը: Այնուամենայնիվ, մի՛ օգտագործեք ներքթային ցինկ, որը կապված է հոտառության կորստի հետ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 02-12-2023
Վերջին վերանայում՝ 02-12-2023