Վերջերս անցկացված մի հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրելու, որ օքսիտոցին հորմոնը կարող է օգնել սնունդ ընդունելու վարքագծի վերահսկմանը:
Օքսիտոցինը հորմոն է, որը առանցքային դեր է խաղում սոցիալական շփումների, հավատի, անհանգստության ու տագնապի զգացումների, վերարտադրողականության, ծննդաբերության և նորածնին կրծքով կերակրման գործընթացներում: Այս ազդեցությունների շնորհիվ օքսիտոցինը երբեմն փոխաբերական իմաստով անվանում են «սիրո հորմոն»:
Այս հորմոնը կանանց մոտ բարձրացնում է արգանդի կծկողունակությունը ծննդաբերության ընթացքում և խթանում հետծննդյան շրջանում մայրական կաթի արտադրությունը:
Թեև օքսիտոցինի հետ կապված գիտական քննարկումները հիմնականում վերաբերվում են ծննդաբերության գործընթացին, սակայն արդեն հայտնի փաստ է, որ հորմոնը ազդում է նաև օրգանիզմի այլ գործառույթների վրա, ներառյալ՝ սնունդ ընդունելու նկատմամբ մարդու վերաբերմունքը և վարքը: Մասնավորապես, օքսիտոցինը թուլացնում է սննդի նկատմամբ գլխուղեղի «դրական» ազդակները, ինչն էլ իր հերթին կարող է ազդել սնման վարքագծի և նյութափոխանակության վրա:
Վերջերս անցկացված ներզատաբանական ENDO 2019 համաժողովում ներկայացվեց մի հետազոտություն, որը նկարագրում է, թե ինչպես օքսիտոցինը կարող է գեր մարդկանց մոտ օգնել բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելու ցանկության մեղմացմանը:
Այս համատեքստում օքիտոցինը կարող է դառնալ գիրության բուժման խոստումնալից դեղամիջոց, առավել ևս, որ նախկինում իրականացված հետազոտություններով այս հորմոնի քթային սփրեյը կարող է ճնշել սնունդ ընդունելու ցանկությունը և բարելավել սնման վարքը:
Գիրության ցուցանիշները շարունակում են աճել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկացնում է, որ 1975 թվականից սկսած աշխարհում գիրության տարածվածությունը գրեթե եռակի աճել է: 2016թ.-ին աշխարհում շուրջ 2 միլիարդ չափահաս անձի մոտ մարմնի քաշը եղել է ավելցուկային, իսկ 650 միլիոնի մոտ այն վերաճել է գիրության:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օգտվել մարմնի զանգվածի գործակցից (ՄԶԳ, BMI)՝ գնահատելու, թե որքանով է ձեր մարմնի քաշը համապատասխանում ձեր հասակին և արդյոք առկա է մարմնի կշռի ավելցուկ (կամ պակասորդ):
Մեր օնլայն գործիքների բաժնում կա մարմնի զանգվածի գործակցի պարզագույն հաշվիչ, որը թույլ կտա վայրկյանների ընթացքում հաշվարկել Ձեր ՄԶԳ-ն: Ընդունված է համարել, որ եթե՝
- ՄԶԳ-ն հավասար կամ մեծ է 25-ից, ապա առկա է ավելորդ քաշ
- ՄԶԳ-ն հավասար կամ մեծ է 30-ից, ապա առկա է գիրություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-04-2019
Վերջին վերանայում՝ 04-03-2023