Գրեթե բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում չափահաս մարդկանց կեսից ավելին ունի մարմնի ավելորդ զանգված կամ գեր է։
Այս երկու իրավիճակները, հատկապես գիրությունը (ճարպակալում) կարող են հանգեցնել լուրջ առողջական հետևանքների։
Մարմնի քաշի նորմալ կամ շեղված վիճակը գնահատող ամենահանրահայտ երկու մեթոդներն են մարմնի զանգվածի գործակիցը (ՄԶԳ, անգլերեն՝ BMI) և իրանի շրջանագիծը։
Իրանի շրջանագիծը համարվում է մարմնի ճարպի, մասնավորապես, ճարպի ներքին պաշարների, հետևաբար՝ մարմնի քաշի հետ կապված հիվանդությունների հավանականության գնահատման օգտակար ցուցանիշ։
Բժիշկները հաճախ ՄԶԳ-ն և իրանի շրջանագիծը օգտագործում են միասին, որ գնահատեն, թե արդյոք անձն ունի ավելորդ քաշ կամ գիրություն և միաժամանակ պատկերացում կազմեն նրա մոտ որոշակի քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկերի մասին։
Ի՞նչ է մարմնի զանգվածի գործակիցը
ՄԶԳ-ն հաշվարկվում է` որպես ելակետ վերցնելով չափահաս մարդու մարմնի զանգվածը և հասակը։ Ըստ ՄԶԳ-ի դուք պատկանում եք հետևյալ չորս խմբերից մեկնումեկին՝
- մարմնի պակասորդային քաշ
- մարմնի նորմալ (առողջ) քաշ
- մարմնի ավելորդ քաշ
- գիրություն։
ՄԶԳ-ն թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել մարմնի ճարպերի տեսակարար մասնաբաժնի մասին, ինչն իր հերթին հանդիսանում է քաշով պայմանավորված հիվանդությունների ռիսկի գործոն։
Չափահաս մարդկանց մոտ ՄԶԳ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ մարմնի զանգվածը բաժանելով հասակի քառակուսու վրա.
ՄԶԳ = Մարմնի զանգված (կգ) /Հասակ (մ)2
Օգտվե՛ք Մեդեքսի ՄԶԳ հաշվիչից և վայրկյանների ընթացքում իմացեք ձեր այս կարևոր ցուցանիշը։
Եթե ինքներդ եք հաշվարկում ձեր ՄԶԳ-ն, համոզվեք, որ մարմնի զանգվածը ներկայացված է կիլոգրամներով, իսկ հասակը՝ մետրերով։ Նկատի ունեցեք, որ այս բանաձևը ճիշտ է չափահաս մարդկանց որոշ խմբերի համար, իսկ երեխաների համար պետք է օգտվել այլ բանաձևից:
Ձեր մարմնի քաշի դասը իմանալու համար տեսեք, թե ՄԶԳ-ի ստորև խմբերից որին է համապատասխանում ձեր հաշվարկած ցուցանիշը՝
- Մինչև 18,5՝ պակասորդային քաշ
- 18,5–24,9՝ առողջ քաշ
- 25,0–29,9՝ ավելորդ քաշ
- 30,0–34,9՝ I աստիճանի գիրություն
- 35,0–39,9՝ II աստիճանի գիրություն
- 40,0 (և բարձր)՝ III աստիճանի գիրություն։
ՄԶԳ սահմանափակումները
Որոշ խմբերի համար ՄԶԳ դառնում է նվազ ճշգրիտ և քիչ օգտակար, քանի որ այս ցուցանիշը մարմնի ընդհանուր զանգվածի մեջ ճարպերի և մկանների մասնաբաժինների միջև տարբերակում չի դնում։ ՄԶԳ-ը նվազ օգտակար է հետևյալ խմբերի համար՝
- էթնիկ որոշ խմբեր, այդ թվում՝ խաղաղօվկիանոսյան բնիկներ, հարավասիական բնիկներ, չինացիներ և ճապոնացիեներ
- բոդիբիլդերներ և մարմնի քաշ «կուտակողներ» (օրինակ՝ սումո ըմբշամարտիկներ)
- մկանեղ մարզիկներ
- հղի կանայք
- մեծ տարիքով չափահասներ
- ֆիզիկական հաշմանդամությամբ անձինք
- սնուցման հիվանդություններով անձինք
- մինչև 18 տարեկաններ
- չափազանց գեր մարդիկ։
Ինչո՞ւ չափել իրանի շրջանագիծը
Ապացուցված է, որ մարմնի միջին շրջաններում կուտակվող հավելյալ ճարպերը ավելի մեծ առողջական վտանգ են ներկայացնում, քան երբ առավել ներկայացված են կոնքերում և ազդրերում։ Այլ կերպ ասած, գիրության տեսակներից առավել վտանգավոր է «որովայնային» գիրությունը։ Լինելով որովայնի օրգանները ճնշող ներքին ճարպի կուտակման ավելի հաջող գնահատիչ, իրանի շրջանագիծը համարվում է սրտանոթային հիվանդությունների, իսկ կանանց մոտ՝ 2-րդ տիպի դիաբետի և մետաբոլիկ համախտանիշի ռիսկերի ավելի ճշգրիտ գնահատիչ։
Ինչպե՞ս չափել իրանի շրջանագիծը
Ռիսկի աստիճանի ճիշտ գնահատման նախապայմանն այն է, որ իրանի շրջանագիծը չափվի առավելագույնս ճիշտ։
- Չափիչ ժապավենը անմիջապես հպեք ձեր մաշկին կամ, ծայրահեղ դեպքում, բարակ ներքնաշորի մակերեսին։
- Իրանը չափելու ճիշտ մակարդակը ամենաստորին կողի և կոնքոսկրի գագաթի միջնակետն է։ Սա մոտավորապես համապատասխանում է պորտի մակարդակից քիչ ներքև մակարդակին։
- Չափումը կատարեք նորմալ (ոչ խոր) արտաշնչելուց հետո։
- Համոզվեք, որ ժապավենը ողջ երկարությամբ կիպ հպված է մաշկին, սակայն չի սեղմել և ներհրվել ենթամաշկի մեջ։
Իրանի շրջանագիծը և հիվանդությունների ռիսկը
Ստորև ներկայացված են հիվանդությունների բարձրացած ռիսկը մատնանշող իրանի շրջանագծի թույլատրելի վերին սահմանները:
Եթե կին եք՝
- ձեր ռիսկը բարձրանում է սկսած 80 սմ-ից
- ձեր ռիսկը բարձր է սկսած 88 սմ-ից։
Եթե տղամարդ եք՝
- ձեր ռիսկը բարձրանում է սկսած 94 սմ-ից
- ձեր ռիսկը բարձր է սկսած 102 սմ-ից։
Իրանի շրջանագծի սահմանափակումները
Իրանի շրջանագիծը նվազ ճշգրիտ է որոշ իրավիճակներում՝ հղիներ, որովայնի մեծացմամբ ընթացող հիվանդություններ (օրինակ՝ ասցիտ), էթնիկ որոշ խմբեր, մանուկներ և երեխաներ։
Ի՞նչ են նշանակում ավելորդ քաշը և գիրությունը
Մարմնի ավելորդ քաշը և գիրությունը մարմնի նորման գերազանցող զանգվածը նկարագրող վիճակներ են, որոնք, այլ պատճառների հետ միասին, կարող են զարգանալ օրգանիզմի (սննդի միջոցով) ընդունած էներգիայի ավելցուկի և օրգանիզմի ծախսած էներգիայի անբավարարության (ֆիզիկական թերակտիվության) պայմաններում։
Որոշ դեղեր և հիվանդություններ նույնպես կարող են բարձրացնել մարմնի զանգվածը։
Մարմնի ավելորդ քաշի կամ գիրության առողջական ռիսկերը
Մարմնի ավելորդ քաշը կամ գիրությունը կարող են ուղղակիորեն նպաստել լուրջ առողջական խնդիրների զարգացմանը, այդ թվում՝
- 2-րդ տիպի շաքարային դիաբետ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- սրտանոթային հիվանդություններ
- քնի ապնոէ
- օստեոարթրիտ։
Այս հիվանդությունների մեծ մասը կարելի է կանխարգելել՝ պարզապես պահպանելով նորմալ մարմնի քաշը և ապրելակերպը դարձնելով առողջ։ Վերջինս ներառում է ճիշտ հավասարակշռված սննդակարգը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը։
Կարևոր է այն, որ մարմնի քաշի նույնիսկ փոքր չափով կրճատումը բերում է առողջական օգտակար արդյունքների, որոնցից են սրտային հիվանդություններով և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկերի կրճատումը։
Ինչպե՞ս առողջ նիհարել
Մարմնի քաշը նվազեցնելու լավագույն տարբերակն առողջ ապրելակերպն է, երբ առողջ սննդակարգը զուգորդում է ֆիզիկական ակտիվության բարձրացման հետ։
Ոչ հազվադեպ մարմնի քաշի կարգավորումը պահանջում է հոգեբանական աջակցություն, քանի որ շատերի համար «առողջ» կշռին հասնելը իրատեսական չէ։ Նույնիսկ անհաջող փորձերի դեպքում պետք է նկատի ունենալ, որ ավելորդ կիլոգրամներից յուրաքանչյուրի կորուստը արդեն իսկ բերում է առողջական դրական տեղաշարժերի։
Նման դեպքերում ձեր նպատակը պետք է լինի վարքային փոփոխության և առողջության բարելավման, այլ ոչ թե կորցրած կիլոգրամների վրա կենտրոնանալը։
Որոշ դեպքերում, երբ նիհարելու փորձերը մշտապես մատնվում են անհաջողության և առկա են այլ ռիսկի գործոններ, առաջին պլան կարող է գալ ավելի ինտենսիվ մոտեցումների կիրառումը, ինչպիսիք են խիստ ցածր էներգիայով սննդակարգը, որոշ դեղերի ընդունումը կամ բարիատրիկ վիրաբուժությունը։
Ինչպե՞ս կարող եմ նվազեցնել մարմնի քաշի հետ կապված հիվանդությունների ռիսկը
Իրանի շրջանագիծը և ՄԶԳ-ը ռիսկերի կարևոր ցուցանիշներ են, սակայն կան այլ գործոններ նույնպես, որոնք նպաստում են քրոնիկ հիվանդությունների զարգացմանը։
Դրանց կողքին, կան առողջությունը բարելավելու մի շարք ճանապարհներ, օրինակ՝
- մի՛ ծխեք
- զբաղվեք կանոնավոր ֆիզիկական վարժանքներով
- անցեք առողջ սննդակարգի
- կրճատեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը
- կրճատեք և վերահսկեք այլ ռիսկի գործոններիը, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը և բարձր խոլեստերինը
- կրճատեք սթրեսը
- կարգավորեք ձեր քունը։
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 02-06-2024