Շաքարը չի բարձրացնում կենսաուժը և կարող է խորացնել հոգնածության զգացումը
05-04-2019
Հարակից նյութեր

Հետազոտողները պարզել են, որ շաքարի օգտագործումը չի բարելավում մարդկանց աշխատունակությունը, այլ հակառակը, կարող է ուժեղացնել ընդհանուր հոգնածության զգացումը:
Նման եզրահանգման են եկել Բեռլինի Համբոլդի համալսարանի գիտնականները՝ վերլուծելով շուրջ 1300 չափահասներ ընգրկող 31 հրապարակված հետազոտությունների արդյունքները:
Նրանց նպատակն է եղել տրամադրության տարբեր ոլորտների, ներառյալ՝ զայրույթի, զգոնության, ընկճվածության և ընդհանուր հոգնածության զգացումների վրա շաքարի ընդհանուր ազդեցությունը հետազոտելը:
Հետազոտողները քննության են վերցրել նաև այն հանգամանքը, թե ինչպիսի գործոններ, օրինակ՝ շաքարի քանակը և տեսակը, կարող են ազդել մարդկանց տրամադրության վրա և արդյոք մարդկանց հոգեկան կամ ֆիզիկական գործունեությունն այդ գործոններից կախված կարող են փոփոխվել:
Հետազոտության արդյունքները վկայել են այն մասին, որ՝
- անկախ օգտագործված քանակից, շաքարը մարդու տրամադրության վրա էական որևէ ազդեցություն չի թողնում.
- շաքար օգտագործելուց հետո մարդիկ դառնում են ավելի թույլ և ավելի պակաս զգոն, քան նրանք, ովքեր շաքար չեն օգտագործել.
- ոչ հազվադեպ հնչող այն կարծիքը կամ գովազդվող այն միտքը, թե իբր շաքարի չափավոր մեծ քանակների օգտագործումը կարող է բարձրացնել մարդու կենսաուժը և «ներքին էներգիան», ընդամենը միֆ են և իրականության հետ որևէ կապ չունեն:
Այս հետազոտության արդյունքները, փաստորեն, ժխտում են շաքարով հարուստ «էներգետիկ» ըմպելիքների բարերար ազդեցությունը մարդկանց տրամադրության բարելավման և աշխատունակության վրա:
Առաջարկում ենք նաև ընթերցել այն մասին, թե ինչպե՞ս կարելի է կրճատել սննդի հետ ընդունվող շաքարի քանակը և ի՞նչ առողջական բարերար ազդեցություն ունի այն: