Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն արդեն անցել է 300 հազարը և հիվանդության տարածման արագություններն աճում են: ԱՀԿ ղեկավարը մտադիր է դիմել G20 առաջնորդներին և խնդրել նրանց վիրուսի դեմ պայքարում ջանքերի համակարգում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը սաստկանում են:
«Առաջին զեկուցված դեպքից մինչև առաջին 100,000-րդ դեպքը տևել է 67 օր: Երկրորդ 100,000-րդ դեպքը գրանցվել է արդեն 11 օր անց, իսկ երրորդ 100,000-րդ՝ 4 օր անց: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է վիրուսի տարածումն արագանում»:
Նա տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակից ելնելով այս շաբաթվա ընթացքում դիմելու է «Մեծ քսանյակի» ղեկավարներին: Դոկտոր Հեբրեյեսուսը նախատեսել է խնդրել այս տերությունների առաջնորդներին՝ միավորելու հիվանդության դեմ պայքարի առանձին երկրների ջանքերը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ուղղված բուժաշխատողների պաշտպանության միջոցների արտադրությանը:
ԱՀԿ ղեկավարի խոսքերով, աշխարհը հիվանդությունից պաշտպանվելուց պետք է շրջվի դեպի ակտիվ գործողություններ:
«Դուք չեք կարող ֆուտբոլային խաղը հաղթել միայն պաշտպանվելով. դուք պետք նաև հարձակվե՛ք... Տանը մնալու և այլ մարդկանցից հեռավորություն պահելու կոչերը կարևոր են այն բանի համար, որ դանդաղեցվի կորոնավիրուսի տարածումը և ժամանակ շահվի, սակայն դրանք միայն պաշտպանական միջոցներ են... Հաղթելու համար մենք պետք է ագրեսիվ և թիրախավորված մարտավարությամբ գրոհենք կորոնավիրուսի վրա՝ յուրաքանչյուր կասկածելի դեպքում իրականացնենք թեստավորում, յուրաքանչյուր հաստատված դեպքում միջոցներ ձեռնարկենք, հոգ տանենք հիվանդների համար, վերահսկենք շփում ունեցած մարդկանց և տեղափոխենք կարանտին»:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-03-2020
Վերջին վերանայում՝ 04-03-2023