Որովայնի շրջանի ցավը հայտնի է նաև որպես ստամոքսի ցավ կամ փորացավ։
Իր բնույթով որովայնի ցավը կարող է լինել ուժեղ՝ սուր կամ բութ։
Ի՞նչ է որովայնային ցավը
Որովայնային ցավը սովորաբար առաջանում է մարսողական որևէ խնդրի առկայության ժամանակ։ Միևնույն ժամանակ, ստամոքսի շրջանի հանկարծակի ցավ կարող է ի հայտ գալ որպես ստամոքսում գազերի կուտակման և փքվելու հետևանք։ Սա շատ տհաճ վիճակ է, որը, սական, կարող է արագ անհետանալ որոշ դեղեր ընդունելուց հետո։
Եթե ստամոքսի սուր նոպայաձև ցավերն ուղեկցվում են փորլուծութան հետ, պատճառն ամենայն հավանականությամբ գաստրոէնտերիտն է։ Սա նշանակում է, որ դուք ունենք ստամոքս-աղիքային խողովակի վիրուսային կամ բակտերիալ վարակ։
Եթե ստամոքսի ցավերը և փորլուծությունը բերում են ձեր ինքնազգացողության կտրուկ վատթարացման (օրինակ, առաջացնում են դող, սարսուռ և ջերմության բարձրացում), սա կարող է վկայել ավելի լուրջ վարակների մասին, ինչպիսին է սննդային թունավորումը։
Որովայնի շրջանի ցավը նաև կարող է առաջանալ որովայնի խոռոչում տեղակայված մարսողական օրգանների տարատեսակ քրոնիկ և հատկապես սուր հիվանդությունների ժամանակ, այդ թվում՝ ստամոքսի և աղիների, տասներկումատնյա աղու, մարսողական գեղձերից՝ լյարդ-լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի, արյունաստեղծ օրգան համարվող փայծաղի:
Այս հիվանդությունների մի մասն ունի սուր ընթացք և առանձնացվել է որպես սուր վիրաբուժական հիվանդություններ, քանի որ պահանջում է շտապ կամ անհետաձգելի վիրահատական միջամտություն:
Որովայնային ցավերով կարող է ուղեկցվել նաև ընտանեկան միջերկրածովյան տենդը (պարբերական հիվանդություն):
Ե՞րբ դիմել բժշկին
Առանց ուշացնելու դիմեք բուժօգնության, եթե՝
- ձեր ցավն ուժեղ է և գնալով սաստկանում է
- վերջերս մարմնի քաշի կորուստ եք ունեցել
- ունեք աղիքային արյունահոսութուն
- դժվարացել է ձեր կլման ակտը
- ունեք կրկնակի փսխումներ
- ունեք ջերմություն
- ձեր մաշկը ստացել է դեղնավուն երանգ
- ձեր որովայնին հպվելը կամ մեղմ սեղմելը առաջ է բերում ցավի ուժգնացում
- ձեր ստամոքսը խիստ փքված է։
Եթե ցավը տեղակայված է որովայնի կոնկրետ մի շրջանում և ունի տանջող բնույթ, դա կարող է վկայել վիրաբուժական սուր հիվանդության, օրինակ՝ ապենդիցիտի մասին։ Նման դեպքերում ձեզ պետք է շտապ դիմել մոտակա վիրաբուժական բաժանմունք։
Պետք է նաև հիշել, որ որոշ դեղեր (օրինակ՝ Ասպիրին և այլ հակաբորբոքայիններ) որպես կողմնակի ազդեցություն նույնպես կարող են առաջացնել ստամոքսի շրջանի ցավ։ Տեղեկացրեք ձեր բժշկին այս մասին, որ նա վերանայի ձեր նշանակումները։
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024