Հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է վնաս պատաճառել ձեր չծնված երեխային:
Կա՞ արդյոք հղիության ընթացքում օգտագործված ալկոհոլի անվտանգ չափ
Անկախ այն հանգամանքից, թե դուք նախատեսում եք հղիանալ, արդեն հղի եք կամ կրծքով կերակրող մայր եք, ալկոհոլից ամբողջովին հրաժարվելը ձեր չծնված երեխայի համար ամենաանվտանգ որոշումն է: Ընդ որում, րքան շատ ալկոհոլ օգտագործեք, այդքան ավելի կմեծանա երեխային պատճառվող վտանգը: Ալկոհոլի օգտագործման քանակը և հաճախականությունն ուղղակիորեն կապված են ֆատալ ալկոհոլային սպեկտրի խանգարման (ՖԱՍԽ) զարգացման ռիսկի հետ:
Որևէ հետազոտություն չկա այն մասին, որը վկայում է, որ նույնիսկ առիթից առիթ ալկոհոլ օգտագործելը կարող է փոքր վնաս պատճառել: Մասնագետները կարծում են, որ հղիության ընթացքում ալկոհոլի անվնաս քանակ գոյություն չունի: Ուստի, եթե հղի եք, հրաժարվեք ալկոհոլից, և դա կլինի ամենաանվտանգ տարբերակը:
Ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել ալկոհոլը չծնված երեխայի վրա
Երբ ալկոհոլ եք խմում, այն ձեր արյան հունից ընկերքի միջոցով անցնում է ձեր չծնված երեխային: Պտղի օրգանիզմում ալկոհոլը կարող է ազդել երեխայի գլխուղեղի, ողնուղեղի և մյուս օրգանների զարգացման վրա:
Հղիության առաջին եռամսյակն այն ժամանակաշրջանն է, երբ երեխայի օրգանները սկսում են շատ արագ աճել ու զարգանալ, ուստի սա նաև երեխային վնաս հասցնելու ամենաբարձր ռիսկի շրջանն է: Բոլոր դեպքերում, հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործելու որևէ «անվնաս» շրջան գոյություն չունի:
Հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է մեծացնել վիժման, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության և ՖԱՍԽ զարգացման վտանգը: Վերջինս հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործելուց պատճառված երեխայի մոտ ֆիզիկական, կոգնիտիվ, զարգացման և հուզական խնդիրների խումբ է:
Ի՞նչ անել, եթե ես ալկոհոլ եմ օգտագործել մինչև հղիության մասին իմանալը
Հնարավոր է, որ դուք ալկոհոլ օգտագործած լինեք ձեր հղիության առաջին մի քանի շաբաթվա ընթացքում, երբ չեք իմացել, որ հղի եք: Եթե խոսքն ալկոհոլի փոքր քանակների մասին է, ապա, հավանաբար, ռիսկն էլ փոքր կլինի: Ինչ եղել է, այլևս անհնար է փոխել: Սակայն, այն պահից սկսած, երբ տեղեկացել եք ձեր հղիության մասին, այլևս դադարեցրեք ալկոհոլ օգտագործելը՝ մինչև կրծքով կերակրման ավարտը:
Եթե, այնուամենայնիվ, մինչև հղիության հայտնաբերելը դուք մեծ քանակով ալկոհոլ եք օգտագործել, տեղեկացրեք ձեր մտահոգությունների մասին ձեր բժշկին:
Ի՞նչ անել, եթե նախատեսում եմ հղիանալ
Եթե նախատեսում եք հղիանալ, ապա ոգելից խմիչքներից լիարժեք հրաժարվելը լավագույն տարբերակն է: Սա ինչպես ձեզ, այնպես էլ երեխային տալիս է առողջ հղիության և ծննդաբերության լավագույն հնարավորությունը:
Հղիության ընթացքում ալկոհոլից խուսափելու հմտություններ
Սոցիալական տարբեր իրավիճակներում ալկոհոլից հրաժարվելը կարող է բավականին դժվար գործ լինել, հատկապես հղիության վաղ շրջանում, երբ ձեր ընկերները, բարեկամները կամ աշխատանքային գործընկերները տեղյակ չեն ձեր հղի լինելու մասին: Դուք կարող եք նաև ճնշված զգալ, որ չեք կարող ձեզ պահել այնպես, ինչպես նախկինում կամ այնպես, ինչպես մյուսները, օրինակ՝ ստիպված եք հրաժարվել ալկոհոլի նույնիսկ փոքր քանակ օգտագործելուց:
Հղիությունը կյանքի բնական փուլ է և պետք չէ, որ այն թուլացնի ձեր սոցիական ակտիվությունն ու կապերը: Սակայն, եթե դուք մի միջավայրում եք, որտեղ նույնիսկ ամենասպասված առիթով ալկոհոլ են օգտագործում, կարող եք որպես այլընտրանք ընտրել ոչ ալկոհոլային առողջ ըմպելիքները: Սեղանի մասնակիցների զարմանքին կամ հարցերին տուրք չտալուն կարող են օգնել այսօրինակ բացատրությունը՝
- «ոչ, շնորհակալություն, ես այսօր չեմ ցանկանում ալկոհոլ խմել»
- «ոչ, շնորհակալություն, ես մեքենայով եմ»
- «այսօր ես կարևոր հանդիպում (գործեր, համակարգչային աշխատանք, քննարկում) ունեմ, այնպես որ՝ ոչ, շնորհակալություն»
- «ես կարծես թե ինձ լավ չեմ զգում, այնպես որ թույլ տվեք հրաժարվել, կներեք»:
Եթե ձեր ընտանիքում ընդունված է երեկոյան ժամերին ալկոհոլ օգտագործել, մտածեք դրան փոխարինող առողջ այլընտրանքներ, օրինակ՝ ցնցուղ ընդունել, այգում զբոսնել կամ գիրք ընթերցել:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024