Գրադարան
Կովի կաթի նկատմամբ ալերգիկ ռեակցիա

2 րոպե
Կովի կաթի նկատմամբ ալերգիան երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող սննդային ալերգիկ ռեակցիաներից մեկն է:
Ըստ տարբեր հաշվարկների, կովի կաթի նկատմամբ ալերգիկ ռեակցիա կարող է առաջանալ սննդում կովի կաթ օգտագործող նախադպրոցական տարիքի երեխաների 1-2%-ի մոտ: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կովի կաթից ալերգիկ ռեակցիայի հաճախականությունը կտրուկ, մոտ 10 անգամ իջնում է՝ դառնալով 0.1%: Չափահասների մոտ կովի կաթից իսկական ալերգիկ ռեակցիա հանդիպում է խիստ հազվադեպ:
Կաթի նկատմամբ ալերգիայի առաջացումը բացատրվում է կաթում առկա սպիտակուցների նկատմամբ օրգանիզմի իմունային արձագանքով: Ընդ որում, կաթի սպիտակուցների նույնիսկ չնչին քանակությունը կարող է զարգացնել սուր ալերգիկ պատասխան:
Կաթի նկատմամբ ալերգիան հաճախ դրսևորվում է հետևյալ նշաններով՝
- ցան (եղնջացան)
- մաշկի այտուց
- ցավ որովայնում կամ փսխումներ
- փորլուծություն
- ծանր դեպքերում՝ շնչարգելություն:
Անաֆիլաքսիան ամենածանր ալերգիկ ռեակցիան է, որը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն: Անաֆիլաքսիան կարող է սկսվել դժվարացած և խռպոտած շնչառությամբ և լեզվի այտուցով:
Եթե կարծում եք, որ ինչ-որ մեկի մոտ սկսվում կամ ընթանում է գերսուր ալերգիկ ռեակցիա, առանց հետաձգելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Կովի կաթից ալերգիայի մասին կարելի է կասկածել, եթե վերոնշյալ գանգատները սկսվում են կաթը խմելուց րոպեներ անց: Հակառակ դեպքում, եթե գանգատների առաջացումը երկարաձգվում է, ախտորոշումն իր հերթին դառնում է ավելի դժվար:
Այն մարդիկ, ում մոտ կա լակտազ ֆերմենտի անբավարարություն, նույնպես կարող են կովի կաթ ընդունելուց հետո ունենալ որոշակի խնդիրներ, բայց սա ալերգիկ ռեակցիա չէ և պահանջում է հատուկ բուժում: Նման վիճակը կոչվում է «լակտոզային անտանելիություն», երբ կաթում առկա լակտոզը լակտազ ֆերմենտի պակասի պատճառով չի յուրացվում օրգանիզմից կողմից` առաջացնելով մի շարք գանգատներ և ախտանիշներ:
Իմացե՛ք ավելին լակտոզային անտանելիության մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2019 վերանայվել է՝ 27-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: