Առողջական խնդիրներ

Լակտոզային (կաթնաշաքարային) անտանելիություն

Լակտոզային (կաթնաշաքարային) անտանելիություն

Time Read 3 րոպե

Լակտոզային անտանելիությունը կաթի և կաթից պատրաստված սննդամթերքների գլխավոր ածխաջուր համարվող կաթնաշաքարի (լակոտոզ) նկատմամբ օրգանիզմի անտանելիությունն է:

Լակտոզային անտանելիությունը կաթի նկատմամբ ալերգիկ ռեակցիան չէ, և ի տարբերություն երկրորդի, խիստ հազվադեպ է բերում ծանր ախտանիշների և սովորաբար ընթանում է աղիքային գանգատներով:

Ի՞նչ է լակտոզային անտանելիությունը

Լակտոզ և լակտազ

Լակտոզը կամ կաթնաշաքարը կաթի և կաթնամթերքների հիմնական շաքարն է: Այն կազմված է երկու պարզ շաքարից՝ գլյուկոզ և գալակտոզ: Լակտոզն ավելի քաղցր է, քան սախարոզը: Լակտոզն օգնում է բարակ աղիներում կալցիումի ու անօրգանական ֆոսֆորի ներծծման և աղիքային բակտերիաների կողմից B խմբի որոշ վիտամինների արտադրության գործընթացներին:

Լակտազը կամ աղիքային լակտազը ֆերմենտ է, որը մարդկանց աղիներում ապահովում է լակտոզի քայքայումը և յուրացումը՝ ներծծումը արյան հուն:

Լակտազի անբավարարություն

Լակտոզային անտանելիությունը զարգանում է, երբ աղիներում չի արտադրում բավարար քանակով լատկազ ֆերմենտ, որը պետք է տրոհեր լակտոզը և ապահովեր դրա յուրացումը:

Չյուրացված լակտոզը մնում է աղիներում, տեղափոխվում հաստ աղիներ, որտեղ քայքայվում է բակտերիաների կողմից՝ դրանց սեփական ֆերմենտներով: Արդյունքում առաջանում են մեծ քանակով աղիքային գազեր, որոնք էլ առաջացնում են աղիքային գանգատներ և ախտանիշներ:

Լակտոզային անտանելիության պատճառները

Բազմաթիվ մարդիկ ծնվում են լակտոզի քայքայման անունակությամբ (այսինքն՝ լակտազային անբավարարությամբ), սակայն կան այլ գործոններ ևս, որոնք կարող են կյանքի ընթացքում առաջացնել լակտոզային անտանելիություն: Օրինակներից են՝

  • բարակ աղիների վնասում կամ ախտահարում (վիրահատություն, ցելիակա, Կրոնի հիվանդություն)
  • գաստրոէնտերիտը կարող է 1-2 շաբաթվա ընթացքում առաջացնել աղիքային լակտազի ընկճում, որն էլ ժամանակավորապես բերի կաթնամթերքների անտանելիության
  • տարիք, երբ մեծահասակների մոտ թուլանում է նույն ֆերմենտի արտադրությունը՝ բերելով կաթնամթերքների մարսողության հետ կապված խնդիրների:

Լակտոզային անտանելիության ախտանիշները

Լակտոզային անտանելիության ախտանիշներից են՝

Ախտանիշները սովորաբար սկսվում են կաթնաշաքար (լակտոզ) պարունակող մթերքներ ուտելուց կամ խմելուց 30 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում:

Լակտոզային անտանելիության ախտորոշումը և բուժումը

Եթե դուք կարծում եք, որ դուք կամ ձեզ հարազատ մեկն ունեք լակտոզային անտանելիություն, կարևոր է, որ այցելեք բժշկին՝ ախտորոշման և պատշաճ բուժման համար: Բժշկին խիստ օգնում է ձեր անամնեզը և ձեր գանգատների և կաթնամթերքի օգտագործման հետ հստակ կապվածության նկարագրությունը (և հակառակը՝ այս սննդամթերքների օգտագործումը դադարեցնելիս գանգատների անհետացումը): Հազվադեպ, բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ:

Լակտոզային անտանելիության հիմնական բուժումը սննդակարգում կաթնաշաքարի (լակտոզ) քանակի սահմանափակումն է: Սա նշանակում է օգտագործվող կաթնամթերքների քանակի նվազեցում՝ կաթ, յոգուրտ, պաղպաղակ, փափուկ պանիրներ, կարագ և այլն: Եթե դուք լակտոզ-անհանդուրժող եք և ունեք նաև գրգռված աղու համախտանիշ, ապա բժիշկը ձեզ կառաջարկի ցածր FODMAP սննդակարգ:

Թեթև լակտոզային անտանելիությամբ մարդկանց մեծ մասը կարող է շարունակել ստանալ օրական մինչև 250 մլ կաթ կամ կաթնամթերքներ, սակայն՝ ոչ թե միանգամից, այլ օրվա ընթացքում:

Այլ օգտակար խորհուրդներ

  • Կաթը խմեք այլ մթերքների հետ միասին, այլ ոչ թե դատարկ ստամոքսին:
  • Կաթն օգտագործեք ամբողջ օրվա ընթացքում՝ քիչ քանակներով, այլ ոչ թե միանգամից:
  • Կաթի նկատմամբ անտանելիությունը կարելի է մեղմացնել՝ սկսելով օգտագործել կաթի փոքր քանակներ և աստիճանաբար բարձրացնելով օրական քանակը:
  • Սովորական յուղայնության կաթը պարունակում է ավելի քիչ լակտոզ, քան ցածր յուղայնության կամ ճարպազերծված կաթը:
  • Սովորաբար յոգուրտն ավելի հեշտությամբ է մարսվում, քան կաթը: Պանիրը նույնպես ավելի քիչ քանակությամբ լակտոզ է պարունակում, քան թարմ կաթը:
  • Զրուցեք բժշկի հետ կաթի յուրացումը հեշտացնող կաթիլների ընդունման նպատակահարմարության մասին:

Կաթի նկատմամբ ալերգիա

Լակտոզային անտանելիությունը տարբերվում է կաթի նկատմամբ ալերգիայից, որն օրգանիզմի իմունային ռեակցիան է՝ ուղղված ընդունված կաթի կամ կաթնամթերքների նկատմամբ: Ալերգիկ ռեակցիան կարող է առաջացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են մաշկի քորը, ցանավորուը, շրթունքների այտուցվածությունը կամ դժվարաշնչությունը: Սուր կամ ծանր ալերգիկ ռեակցիան պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն:

Իմացե՛ք ավելին կովի կաթի նկատմամբ ալերգիայի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-06-2020 վերանայվել է՝ 07-05-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: