Անաբոլիկ ստերոիդները սինթետիկ (մարդու կողմից ստեղծված) դեղեր են, որոնք նման են արական սեռական հորմոն համարվող տեստոստերոինին:
Ի՞նչ են անաբոլիկ ստերոիդները
Անաբոլիկ ստերոիդների ճիշտ անվանումն է անաբոլիկ անդրոգենային ստերոիդներ (անդրոգենայինը նշանակում է արական ծագման):
Անաբոլիկ ստերոիդներն օժտված են հետևյալ երկու հիմնական ազդեցություններով՝
- անաբոլիկ (նյութագոյացնող)՝ մեծացնում են սպիտակուցների քանակն օրգանիզմում, հատկապես՝ կմախքային մկաններում
- անդրոգենային (վիրիլիզացնող)՝ առաջացնում են տղամարդուն բնորոշ հատկանիշներ:
Անաբոլիկ ստերոիդներն արտադրվում են տարբեր դեղաձևերով՝ բերանային ընդունման (կուլ տալու) հաբեր, տեղային օծման գել, մաշկային կպչուն շերտ կամ միջմկանային ներարկման լուծույթ:
Տարբեր երկրներում անաբոլիկ ստերոիդները դասակարգվում են որպես կատարողական կամ մարմնակառուցվածքը բարելավող դեղեր կամ կենսախթանիչներ, քանի որ որոշ մարդկանց կողմից օգտագործվում են մարզական ցուցանիշները (կամ անհատական ռեկորդները) բարելավելու կամ արական տիպի մկանային զանգվածը և ուժային ցուցանիշները մեծացնելու, դիմացկունությունը և արտադրողականությունը խթանելու, ճարպի քանակի նվազեցնելու և ոսկրային հյուսվածքն ամրացնելու համար (օրինակ՝ բոդիբիլդինգով զբաղվողներ):
Պաշտոնապես, անաբոլիկ ստերոիդների կիրառումը սպորտում (որպես դոպինգ) արգելվում է միջազգային մարզական կազմակերպությունների կողմից։ Այն երկրներում, որտեղ անաբոլիկ ստերոիդների օգտագործումը օրենսդրորեն արգելվում է, սովորաբար կան սև շուկաներ, որտեղ դրանք վաճառվում են։
Անաբոլիկ ստերոիդները տարբերվում են կորտիկոստերոիդներից՝ դեղամիջոցներ, որոնք նշանակվում են բորբոքումով ընթացող տարբեր հիվանդությունների, օրինակ՝ արթրիտների (հոդաբորբ) կամ ասթմայի բուժման մեջ: Սակայն երկու տեսակներն էլ ստերոիդ դեղեր են:
Ինչո՞ւ են օգտագործվում անաբոլիկ ստերոիդները
Անաբոլիկ ստերոիդները կարող են նշանակվել բժշկի կողմից որպես հորմոնային խնդիրների բուժման միջոց: Օրինակ, բժիշկը կարող է նշանակել որևէ անաբոլիկ դեղամիջոց, որ՝
- բուժի տղաների մոտ սեռահասունացման դանդաղեցումը
- փոխարինի որոշ քրոնիկ հիվանդություններին ուղեկցող մկանային զանգվածի կորուստը (օրինակ՝ քաղցկեղ կամ ՁԻԱՀ)
- բուժի երկարատև անշարժությամբ պայմանավորված մկանային հետաճը
- բուժի կրծքագեղձի քաղցկեղի, օստեոպորոզի կամ ապլաստիկ անեմիաների որոշ տեսակներ:
Որոշ երիտասարդ տղամարդիկ և կանայք, ովքեր անհանգստացած են իրենց մարմնակառուցվածքով, երբեմն փորձում են օգտագործել անաբոլիկ ստերոիդներ, քանի որ այս դեղերը կարող են օգնել մարմնի ճարպի «լուծմանը»:
Որո՞նք են անաբոլիկ ստերոիդների կողմնակի ազդեցությունները
Անաբոլիկ ստերոիդների ոչ տեղին օգտագործման կամ չարաշահման կարճատև կողմնակի ազդեցություններից են՝
- ջրի պահում օրգանիզմում և աղիքային գազեր (մետեորիզմ)
- քնի խնդիրներ
- ներարկվելիս՝ նյարդերի վնասումներ
- գերգրգռվածություն, անկայուն տրամադրություն կամ ագրեսիա
- սեռական հակման փոփոխություններ
- մազաթափություն (արական տիպի ճաղատացում):
Ի լրումն, ոչ տեղին անաբոլիկ ստերոիդներ օգտագործող կան չարաշահող երիտասարդների մոտ կարող են զարգանալ՝
- սպիացող ակնե (ճարպագեղձերի խթանման պատճառով)
- կրծքավանդակին և ձեռքերին սպիական հետքեր
- խիստ ինտենսիվ վարժանքներից կամ մարզումներից առաջացող վնասվածքներ
- աճի հապաղում (աճառային հատվածների վաղաժամ ոսկրացման պատճառով)
- վաղաժամ սեռական հասունացում
- ոսկրերի և մաշկի վաղ «ծերացում» (տարիքային փոփոխություններ):
Կանանց մոտ անաբոլիկ ստերոիդները կարող են առաջացնել՝
- դեմքի մազակալում (հիրսուդիզմ)
- կրծքագեղձերի փոքրացում
- անկանոն դաշտանային ցիկլ
- ձայնի ցածրացում և կոպտացում:
Տղամարդկանց մոտ նաև կարող են զարգանալ՝
- բնական, օրգանիզմում առաջացող սեռական հորմոնների (տեստոստերոն) առաջացման ընկճում, որի պատճառով՝ ամորձիների հետաճ և սերմնահեղուկի ծավալի փոքրացում, ինչպես նաև սերմնահեղուկում սպերմատոզոիդների թվի կրճատում և անպտղություն
- կրծքագեղձերի մեծացում (գինեկոմաստիա)
- ակամա կայուն էրեկցիայի առաջացում:
Անաբոլիկ ստերոիդների երկարատև չարաշահման կողմնակի ազդեցություններից են՝
- կախվածության զարգացում, իսկ ընդունման դադարից՝ հանման համախտանիշ
- լյարդի ախտահարում, հիմնականում՝ ստերոիդայի հաբեր օգտագործելիս, երբ զարգանում է Peliosis hepatis
- երիկամների ախտահարում (օջախային գլոմերուլոսկլերոզ)
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ կամ մահ
- շագանակագեղձի մեծացում (ադենոմա), երիկամի կամ շագանակագեղձի քաղցկեղ
- դեպրեսիա և այլ հոգեկան շեղումներ, որոնք կապված են մեծ դեղաչափերի չարաշահման հետ:
Ապօրինի թրամիջոցների օգտագործման որևէ անվտանգ չափ գոյություն չունի: Սակայն, եթե դուք ընտրել եք օգտագործել անաբոլիկ ստերոիդներ, ապա կողմնակի ազդեցությունների ռիսկը կարող եք նվազեցնել հետևյալ ձևերով՝
- փորձեք նվազեցնել դեղաչափը կամ օգտագործման տևողությունը՝ ձեր օրգանիզմին տալով հանգիստ
- երբեք մի՛ ներարկեք անաբոլիկ ստերոիդները ձեր մարմնի նույն շրջանում
- նյարդերի վնասումից խուսափելու համար մի՛ ներարկեք դրանք ձեր բիցեպսներում, սրունքի կամ կրծքի մկաններում
- յուրաքանչյուր անգամ օգտագործեք նոր ներարկիչ ու ասեղ՝ կրճատելու ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի ու C-ի և այլ արյունածին վիրուսների ռիսկը և խուսափեք այլ մարդու կողմից օգտագործված ասեղներն ու ներարկիչները կրկնակի օգտագործելուց
- մի՛ զուգակցեք անաբոլիկ ստերոիդներն այլ դեղերի կամ նյութերի, օրինակ՝ կոֆեինի, ալկոհոլի կամ ամֆետամինների հետ:
Այլ հարցեր, որոնք կարող են ձեզ հետաքրքրել
Ինչպե՞ս են անաբոլիկ ստերոիդները մեծացնում մկանային զանգվածը
Անաբոլիկ ստերոիդները նմանվում են բնականոն հորմոններին և ունեն նույն տեստոստերոնի առանձնահատկություններն ու ազդեցությունները: Սա այս դեղերին թույլ է տալիս ակտիվացնել ձեր օրգանիզմի սպիտակուցները, որոնք հայտնի են որպես տեստոստերոնային ընկալիչներ (ռեցեպտորներ): Խթանելով այս ընկալիչները, ստերոիդ հորմոնները առաջացնում են մկանային հյուսվածքի արագ աճ: Միևնույն ժամանակ, այս նյութերը թուլացնում են մկանների վրա կատաբոլիկ հորմոնների (կորտիզոլ և այլն) ազդեցությունը, արագացնում ճարպի տրոհումը և այն փոխարինում մկանային բջիջներով: Այս և մյուս մեխանիզմներով անաբոլիկ ստեորիդները մեծացնում են մկանային զանգվածը և ուժը:
Արդյոք անաբոլիկ ստերոիդները բարձրացնո՞ւմ են սրտանոթային հիվանդությունների ռիսկը
Անաբոլիկ ստերոիդները վատ են ազդում ձեր սրտի վրա և կարող են խթանել արյունատար անոթներում ճարպային կուտակումների առաջացումը (աթերոսկլերոզ), իսկ վերջինս բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի ռիսկը: Հայտնի է նաև, որ ստերոիդները վնաս են հասցնում լյարդին և անչափահասների շրջանում դանդաղեցնում են ոսկրային աճը:
Կարո՞ղ են արդյոք ստերոիդներն անվնաս օգտագործվել
Ապօրինի թմրամիջոցների անվնաս օգտագործման մակարդակ գոյություն չունի, սակայն հնարավոր վտանգները կարող են նվազեցվել՝ օգտագործելով փոքր դեղաչափեր, մաքուր ասեղներ, ուղղակիորեն չներարկելով բազկի երկգլուխ (բիցեպս), սրունքի և կրծքի մկանների մեջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-03-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024