Ցավ հետանցքի շրջանում
20-02-2021
2 րոպե

Հետանցքի շրջանի ցավը տարածված գանգատ է և ներառում է հետանցքի կամ ուղիղ աղիքի ներսում կամ շուրջը տեղակայված ցավերը կամ անհարմարավետության զգացումը (դիսկոմֆորտ):
Ի՞նչ է հետանցքային ցավը
Թեև հետանցքային (անալ) ցավերի աատճառների մեծ մասը բարորակ է, ցավն ինքնին կարող է լինել խիստ ուժգին, քանի որ այդ տեղամասում կան բազմաթիվ նյարդային վերջավորություններ:
Հետանցքի շրջանի ցավեր առաջացնող բազմաթիվ հիվանդություններ ընթանում են նաև ուղիղաղիքային արյունահոսությամբ, որն այնքան վտանգավոր չէ, որքան որ կարող է ընկալվել:
Հետանցքի շրջանի ցավերի պատճառները հեշտությամբ կարող են ախտորոշվել: Բուժումը սովորաբար ներառում է առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողները և տաք ջրային վաննաները:
Հետանցքային ցավի պատճառները
Հետանցքային ցավի պատճառները բազմաթիվ են: Դրանցից են՝
- հետանցքային քաղցկեղ
- հետանցքի ճաք (հետանցքային խողովակի լորձաթաղանթի փոքր պատռվածք)
- հետանցքի շրջանի քոր (pruritus ani)
- հետանցքային (անալ) սեռական հարաբերություն
- հետանցք-ուղիղաղիքային (անոռեկտալ) խուղակ (հետանցքի կամ ուղիղ աղիքի և հետանցքին հարակից մաշկի միջև ախտաբանական խողովակ)
- կակցիդինիա կամ կոկցիգոդինիա (պոչուկային ցավ)
- փորկապություն
- Կրոնի հիվանդություն (աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն)
- փորլուծություն, որն առաջացնում է հետանցքի գրգռում
- կղանքի պնդացում (երբ քրոնիկ փորկապության պատճառով ուղիղ աղիքում կուտակված կղանքը պնդանում կամ «քարանում» է)
- թութք (հետանցքի կամ ուղիղ աղիքի ներսում երակների այտուցվածություն և բորբոքում)
- թրոմբոզված թութք (թութքի բարդություն, երբ այտուցված երակներում առաջանում է արյան մակարդուկ)
- այսպես կոչված «Levator ani» համախտանիշ (հետանցքը շրջապատող մկանների կծկանք (սպազմ))
- շեքային աբսցես (հետանցքը շրջապատող խոր հյուսվածքներում թարախակույտ)
- շեքային հեմատոմա (երբեմն կոչվում է «արտաքին թութք» և իրենից ներկայացնում է շեքի հյուսվածքներում կուտակված արյուն՝ առաջացած երակի պատռվածքից)
- այսպես կոչված «proctalgia fugax» (ուղիղ աղիքի մկանների կծկանք (սպազմ))
- պրոկտիտ (ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում)
- ուղիղաղիքային միայնակ խոցային համախտանիշ (ուղիղ աղիքի պատի խոց)
- վնասվածք
- խոցային կոլիտ
- խոցային պրոկտիտ (աղիների քրոնիկ բորբոքային հիվանդության տեսակ):
Ե՞րբ այցելել բժշկին
Առանց հետաձգելու դիմեք բուժօգնության, եթե՝
- ի հայտ է եկել զգալի քանակով, առատ կամ չդադարող ուղիղաղիքային արյունահոսություն, հատկապես, եթե ուղեկցվում է գլխապտույտով և ուշաթափության նմանվող կտրուկ թուլությամբ
- հետանցքային ցավը խիստ սաստիկ է, ճառագայթվում է այլ շրջաններ կամ ուղեկցվում է բարձր ջերմությամբ, դողով, սարսուռով կամ հետանցքային արտադրությամբ:
Մյուս բոլոր դեպքերում այցելեք բժշկին, որպեսզի պարզվի ձեր գանգատի պատճառը և հնարավորինս շուտ սկսվի բուժումը:
Ինքնօգնության հմտություններ
Հետանցքային ցավի պատճառից կախված, կան որոշ միջոցներ, որոնք կարող են օգնել տնային պայմաններում ձեր գանգատների մեղմացմանը՝ մինչև կայցելեք ձեր բժշկին:
- Սննդակարգում ավելացրեք մրգերը, բանջարեղենները, հացահատիկային մթերքները, եղեղք ֆիզիկապես ակտիվ, անհրաժեշտության դեպքում ընդունեք կղանքը թուլացնող միջոցներ:
- Հետանցքի շրջանը դրեք տաք ջրով վաննա, որը թուլացնում է հետանցքային մկանների սպազմը և մեղմացնում թութքին կամ ճաքին ուղեկցող ցավերը (կարելի է կրկնել օրական մի քանի անգամ):
- Օգտագործեք առանց դեղատոմսի վաճառվող թութքի կամ հիդրոկորտիզոնային կրեմներ:
- Ուժեղ ցավերի դեպքում ընդունեք առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող դեղեր, օրինակ՝ Ացետամինոֆեն (Պարացետամոլ), Ասպիրին կամ Իբուպրոֆեն:
Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021