Անևրիզմաներ
24-03-2020
4 րոպե

Անևրիզման արյունատար անոթնի տեղային (մի հատվածի) լայնացումն է՝ պատի փքման հետևանքով, որը հաճախ կարող է հայտնաբերել պատահականորեն, սակայն առաջացնել ծանր, անգամ՝ մահվան ելքով բարդություններ:
Ի՞նչ է անևրիզման
Անևրիզման զարկերակի կամ երակի պատի փքումն է, որը սովորաբար առաջանում է անոթի պատի թուլացման պատճառով:
Անևրիզմաների մեծ մասը կարող է լինել կամ տարիներ շարունակ համարվել անվնաս: Քանի դեռ անոթային այս փքվածությունը չի պատռվում, դրանց մեծ մասը որևէ լուրջ խնդիր չի առաջացնում:
Սակայն անևրիզմայի հետ կապված վտանգը անոթի թուլացած պատի պատռումն է, որը կարող է դառնալ խիստ վտանգավոր, քանի որ կարող է բերել արյունահոսության և անգամ մահվան պատճառ դառնալ:
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ առկա է անևրիզմա, այցելեք մոտակա անհետաձգելի բաժանմունք կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Անոթային արտափքումներ կարող են զարգանալ ամենուրեք, սակայն լուրջ հետևանքներով հղի երկու ամենագլխավոր տեսակներն են աորտայի և ուղեղային (ցերեբրալ) անևրիզմաները:
Աորտի անևրիզման զարգանում է աորտայի՝ մեր գլխավոր զարկերակի վրա, որն արյունը սրտից տեղափոխում է դեպի մարմնի մյուս բոլոր շրջաններ: Ուղեղային անևրիզման առաջանում է ուղեղի արյունատար անոթների վրա:
Անևրիզմաները կարող են առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ հանդիպում են չափահասների մոտ:
Որո՞նք են անևրիզմայի ախտանիշները
Անևրիզմայի ախտանիշները կախված են ինչպես տեղակայումից, այնպես էլ այն հանգամանքից, թե արդյոք դրանք արյունահոսում կամ պատռվե՞լ են:
Երբեմն անևրիզմայից կարող է հոսել քիչ քանակությամբ արյուն, որը կարող է առաջացնել՝
- հանկարծակի գլխացավ և սրտխառնոց, եթե առաջացել է գլխուղեղում
- հանկարծակի որովայնային կամ թիկունքի ցավեր, եթե առաջացել է որովայում:
Անևրիզման պատռվելիս կարող է ծանր, անգամ՝ մահացու ելք ունենալ: Երբ պատռվում է գլխուղեղային անևրիզման, առաջանում է հանկարծակի խիստ սաստիկ գլխացավ, սրտխառնոց և փսխում: Նման դեպքերում մարդը կարող է կորցնել գիտակցությունը:
Երբ պատռվում է աորտայի անևրիզման, ի հայտ է գալիս հանկարծակի ուժեղ ցավ մեջքի (գոտկատեղի) կամ որովայնի շրջանում, ինչպես նաև հանկարծահաս խիստ թուլություն: Ցավերին զուգահեռ կարող է զարգանալ նաև ուշաթափություն:
Երբեմն գլխուղեղի անևրիզմայի պատռումից կարող է զարգանալ ինսուլտ: Ինսուլտի հիմնական ախտանիշները կարող եք հիշել՝ օգտվելով անգլերեն «FAST» հապավումից:
- Face (դեմք). դեմքը մի կողմի վրա թեքված կամ կախ ընկած, ժպտալու կամ բերանը և աչքերը շարժելու անհնարինություն։
- Arms (ձեռքեր). մեկ կամ երկու ձեռքերը բարձրացնելու կամ բարձրացնելուց հետո նույն դիրքում պահելու անկարողություն (ձեռքերի թուլության և թմրածության պատճառով)։
- Speech (խոսք). աղավաղված և անհասկանալի խոսք, երբեմն՝ խոսելու կարողության կորուստ պահպանված գիտակցության պայմաններում։
- Time is critical (ժամանակը վճռորոշ է). առանց ուշացնելու զանգահարեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե առկա է այս ախտանիշներից որևէ մեկը։
Ի՞նչ պատճառներից են առաջանում անևրիզմաները
Անևրիզման կարող է լինել բնածին, երբ մարդիկ ծնվում են՝ արդեն իսկ ունենալով անևրիզմա: Նման դեպքերը սովորաբար ավելի հաճախ հանդիպում են որոշ ընտանիքներում:
Սակայն, ավելի հաճախ անևրիզման զարգանում է որպես զարկերակի կամ երակի պատի աստիճանական թուլացման արդյունք: Անոթի պատի թուլացումը և հյուծումն իր հերթին կարող է լինել բարձր զարկերակային ճնշման, արյան բարձր խոլեսթերինի կամ ծխելու հետևանք:
Կան նաև որոշ հիվանդություններ, որոնք կարծրացնում են զարկերակների պատը (աթերոսկլերոզ, պոլիկիստոզ երիկամային հիվանդություն, շարակցահյուվածային որոշ հիվանդություններ)` դրանով իսկ մեծացնելով անևրիզմայի առաջացման ռիսկը:
Հոգեխթանիչ թմրամիջոցների (օրինակ՝ կոկաին) չարաշահումը նույնպես կարող է բարձրացնել ուղեղային անևրիզմայի հավանականությունը:
Ինչպե՞ս է բուժվում անևրիզման
Եթե ձեզ մոտ հայտնաբերել են որևէ անևրիզմա, դուք պետք է կանոնավոր ստուգեք դրա չափը և վերահսկեք ձեր ընդհանուր առողջական վիճակը: Սովորաբար փոքր անևրիզմաներն ունեն պատռվելու խիստ փոքր հավանականություն:
Եթե անևրիզման մեծանում է, պատռվում է կամ ձեր բժիշկը կարծում է, որ ունի պատռվելու մեծ հավանականություն, ձեզ հավանաբար կուղեգրեն վիրահատական բուժման: Բուն վիրահատական միջամտության տեսակը և ծավալը կորոշի բժիշկ-վիրաբույժը:
Եթե անևրիզման ներուղեղային արյունահոսության պատճառ է դարձել, առաջանում է անհետաձգելի հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն:
Զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչպես կարելի է որոշակիորեն կանխարգելել ձեր հայտնաբերված անևրիզմայի պատռումը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ հրաժարվելու ծխելուց (եթե ծխում եք), կարգավորելու ձեր զարկերակային ճնշումը (եթե ունեք հիպերտենզիա), խուսափելու ծանր բեռ բարձրացնելուց կամ կրճատելու ալկոհոլի օգտագործումը:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021