Անգիոգրաֆիան ախտորոշիչ հետազոտություն է, որի ժամանակ կոնտրաստային նյութը ներմուծվում է ձեր արյունատար անոթների մեջ, որ ռենտգենով դրանք դառնան տեսանելի։
Անգիոգրաֆիան կամ անոթագիրը օգնում է բժիշկներին հետազոտելու ձեր արյունատար անոթները՝ զարկերակներն ու երակները, և հայտնաբերելու անոթային ախտահարումներ ու շեղումներ, արյան մակարդուկներ (թրոմբ) կամ ձեր անոթների հետ կապված այլ խնդիրներ։
Օրինակ, սրտային անգիոգրաֆիան (կորոնարոգրաֆիա կամ անգիոկարդիոգրաֆիա) թույլ է տալիս հետազոտել սրտամկանը սնուցող անոթները՝ պսակային զարկերակները։ Նույն կերպ, անգիոգրաֆիան կիրառվում է գլխուղեղի, երիկամների, ստորին և վերին վերջույթների և մարմնի այլ շրջանների անոթների հետազոտության համար։
Մինչև հետազոտվելը
Եթե պատրաստվում եք անցնել որևէ տեսակի անգիոգրաֆիա, մինչև բուն հետազոտությունը ձեզ կնշանակեն մի շարք այլ ախտորոշիչ հետազոտություններ, ինչպիսիք են էլեկրտասրտագրությունը (ԷՍԳ), արյան թեստերը կամ ռենտգեն հետազոտություն։
Որոշ դեպքերում կարող եք ձեր բժշկից ցուցում ստանալ, որ հետազոտությանը ներկայանաք քաղցած: Այլ դեպքերում գուցե բժիշկը խնդրի, որ շատ ջուր խմած վիճակում այցելեք ախտորոշիչ կետրոն։ Եթե համոզված չեք ձեր նախապատրաստման մասին, ճշտեք այն ձեր կամ հետազոտող բժշկից։
Նաև նախատեսեք, որ ունենաք ուղեկցող մարդ, եթե հետազոտության օրը վերադառնալու եք տուն։
Ձեր բժիշկը կզրուցի ձեզ հետ և կքննարկի հետազոտության նպատակները և դրա հետ կապված հնարավոր ռիսկերը։ Անպայման տեղեկացնեք նրանց, եթե՝
- ընդունում եք որևէ դեղամիջոց
- ունեք կամ անցյալում ունեցել եք ալերգիայի որևէ տեսակ
- ունեք կամ անցյալում ունեցել եք երիկամային խնդիրներ (հատկապես՝ երիկամային անբավարարություն և դիաբետ) կամ այլ հիվանդություններ։
Ինչպե՞ս է իրականացվում անգիոգրաֆիան
Մինչև բուն հետազոտությունը սկսելը, ձեզ կներարկեն տեղային անզգայացնող դեղամիջոց ձեռքից կամ աճուկային շրջանում՝ ըստ անգիոգրաֆիայի տեսակի։ Ձեզ նաև կարող են տալ հանգստացնող կամ տագնապամարիչ դեղամիջոցներ, որոնք քիչ քնկոտություն կառաջացնեն։
Այնուհետև ձեր բժիշկը ձեր ձեռքից կամ աճուկային շրջանից արյունատար անոթի մեջ կտեղադրի ստերիլ բարակ խողովակ (կաթետր), որը զգուշությամբ առաջ կտա այնքան՝ մինչև հասնի հետազոտման ենթակա շրջանի անոթներ։
Հաջորդ փուլով ձեր բժիշկը կոնտրաստային նյութը (ներկանյութ) կներարկի տեղադրված կաթետրի մեջ և կանցկացնի հետազոտման ենթակա օրգանի կամ շրջանի ռենտգեն նկարահանումներ։ Հետազոտվող օրգանի անոթներում հայտնված կոնտրաստային նյութը ռենտգեն պատկերների վրա ցույց կտա արյունատար անոթների ձևը, եթե խցանումներ կան՝ դրանց տեղակայումը և ախտորոշիչ նշանակություն ունեցող այլ մանրամասներ։ Այս ընթացքում ձեզ կխնդրեն մնալ անշարժ դիրքում։ Ներարկված կոնտրաստ նյութը հետազոտությունից ժամեր անց ձեր օրգանիզմից կհեռանա մեզի միջոցով։
Կոնտրաստ նյութի ներարկման ժամանակ կարող եք զգալ կարճատև ջերմության զգացում։ Որոշ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ նաև սրտխառնոց, կրծքավանդակում տհաճ զգացողություններ և այլ նշաններ, որոնք սովորաբար արագ անհետանում են։ Բոլոր դեպքերում, անգիոգրաֆիայի ընթացքում ձեզ հետ կատարվող բոլոր երևույթների ու գանգատների մասին տեղեկացրեք ձեզ հետազոտող բժշկին։
Անգիոգրաֆիայից հետո կաթետրը կհեռացնեն, մաշկի ծակած տեղում կդնեն վիրակապ և կառաջարկեն մի քանի ժամ մնալ հանգիստ պառկած վիճակում։
Անգիոգրաֆիայի ռիսկերը և կողմնակի ազդեցությունները
Անգիոգրաֆիայի ժամանակ առկա է փոքր ռիսկ, որ կարող եք կոնտրաստային նյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիա դրսևորել։ Կա նաև արյունազեղման կամ արյունահոսության փոքր ռիսկ։ Զրուցեք այս թեմայի շուրջ ձեր և հետազոտող բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024