Առողջական խնդիրներ

Հակասոցիալական անձնային խանգարում (սոցիոպաթիա)

Հակասոցիալական անձնային խանգարում (սոցիոպաթիա)

Time Read 4 րոպե

Հակասոցիալական անձնային խանգարմամբ մարդիկ հակված են սոցիալական նորմերի անտեսմանը և օրենքների արհամարհմանը կամ այլ մարդկանց իրավունքների ոտնահարմանը:

Նրանք կարող են սուտ խոսել, իրենց պահել ագրեսիվ կամ դրսևորել ապօրինի վարքագծեր, օրինակ՝ գողություն, թմրամիջոցների օգտագործում և բռնարարքներ:

Հակասոցիալական անձնային խանգարմամբ մարդիկ շրջապատի կողմից հաճախ որակվում են որպես ամոթի կամ մեղքի, իրենց դրսևորած վարքի կամ գործողությունների համար զղջման զգացողություններից զուրկ անհատներ: Նրանց երբեմն անվանում են «սոցիոպաթներ» կամ «փսիխոպաթներ»:

Հակասոցիալական անձնային խանգարման ախտանիշները

Հակասոցիալական անձնային խանգարմամբ որոշ մարդիկ խելացի, հաջողությունների հասած և հմայիչ են, սակայն շահագործում են ուրիշներին իրենց անձնական շահի համար: Մյուսները չեն կարողանում պահպանել իրենց աշխատանքը կամ ընտանիքը և հայտնվում են կալանավայրերում կամ թմրամիջոցներից կամ ալկոհոլից կախվածության բուժման հաստատություններում: Ընդհանուր առմամբ, այս մարդիկ ի վիճակի չեն պահպանելու այլ մարդկանց հետ պատշաճ փոխհարաբերություններ:

Հակասոցիալական անձնային խանգարմամբ մարդիկ հակված են՝

  • անտեսելու կամ ոտնահարելու օրենքը և դրսևորելու օրինազանց կամ կարգազանց վարքագիծ
  • ստելու և խաբելու այլ մարդկանց
  • դրսևորելու իմպուլսիվ վարք և նախապես չպլանավորելու որևէ գործ
  • հաճախակի ներգրավվելու կռիվների ու վիճաբանությունների մեջ և դրսևորելու ագրեսիվ վարվելաձև
  • չհարգելու կամ անտեսելու իրենց սեփական և մյուսների անվտանգությունը
  • լինելու անպատասխանատու և ոչ վստահելի
  • չզղջալու և չանհանգստանալու, թե ում են վիրավորել, ում վստահությունը չարաշահել կամ ումից են գողություն կատարել:

Որոշ մարդիկ կարող են այս վարքագծերը դրսևորել եզակի դեպքերում և սովորել, թե ինչպես հաղթահարել նման վիճակը՝ առանց հակասոցիալական անձնային խանգարում ունենալու: Հակառակ սրան, անձնային խանգարումը բնորոշվում է մարդու մտածողության, վարքագծերի և հույզերի տևական շեղումներով, որոնք անհարմարություն են պատճառում ինչպես տվյալ անձին, այնպես էլ շրջապատի մարդկանց և բերում են անգամ առօրյա կյանքի և փոխհարաբերությունների խորը խանգարման: Հակասոցիալական անձնային խանգարմամբ մարդիկ դժվարությամբ են փոխում իրենց վարքագիծը կամ հարմարվում տարբեր իրավիճակներին: Նրանք ունեն ծայրահեղ մտքեր և վարքագծեր, որոնք ստիպում են նրանց գործել և կատարել հակասոցիալական արարքներ կամ գործողություններ՝ մասամբ կամ լիարժեք կորցնելով իրենց առօրյա կյանքի նկատմամբ վերահսկողությունը:

Հակասոցիալական անձնային խանգարումներով մարդկանց շրջանում բարձր է նաև զուգակցող այլ հոգեկան հիվանդությունների տարածվածությունը (օրինակ՝ տագնապային խանգարում կամ դեպրեսիա): Նրանք կարող են նաև չարաշահել ալկոհոլ կամ թմրամիջոցներ։

Հակասոցիալական անձնային խանգարման պատճառները

Այս հիվանդության պատճառը լիարժեք պարզաբանված չէ: Հակասոցիալական անձնային խանգարումներով որոշ մարդկանց ընտանիքներում ավելի հաճախ են գրանցվում անձնային խանգարումներ: Այլ մարդկանց ընտանիքում կարող է տեղ գտած լինել բռնությունը կամ քրեածին նիստուկացը: Մյուսները կարող են մանկական տարիքում բռնության կամ տրավմայի զոհ եղած լինել, ինչպես նաև մեծանալ անտարբերության կամ կարգուկանոնն արհամարհող ընտանիքներում: Այնուամենայնիվ, հակասոցիալական անձնային խանգարումներովորոշ մարդիկ կարող են լինել նորմալ և երջանիկ ընտանիքի անդամներ:

Ինչպե՞ս է հակասոցիալական անձնային խանգարումն ախտորոշվում

Հակասոցիալական անձնային խանգարումը կարող է ախտորոշվել միայն չափահաս մարդու, այլ ոչ թե երեխայի մոտ: Ախտորոշումը դրվում է հոգեբույժի կամ կլինիկական հոգեթեևապևտի կողմից, ով տվյալ մարդուն զննում և նրա հոգեկան վիճակը գնահատում է որոշակի ժամանակաշրջանի ընթացքում:

Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգչի համաձայն հակասոցիալական անձնային խանգարումը սովորաբար բնութագրվում է վարքի և սոցիալական նորմերի խիստ անհամապատասխանությամբ՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա՝

  • անտարբերություն ուրիշների զգացմունքների նկատմամբ
  • անպատասխանատվության կոպիտ և կայուն դիրքորոշում և արհամարհանք սոցիալական նորմերի և պարտականությունների նկատմամբ
  • փոխհարաբերություններ պահպանելու անընդունակություն
  • ֆրուստրացիան հաղթահարելու ցածր ընդունակություն, ինչպես նաև ագրեսիան՝ ներառյալ բռնությունը զսպելու ցածր շեմ
  • մեղքի զգացում ունենալու անընդունակություն, ինչպես նաև կյանքի փորձից դասեր քաղելու ունակության բացակայություն
  • ուրիշներին մեղադրելու և սեփական վարքը արդարացնելու արտահայտված հակում
  • որպես լրացուցիչ հատկանիշ՝ անընդհատ գրգռվածություն։

Ամերիկյան DSM-4-ի չափորոշիչներով հակասոցիալական անձնային խանգարումն ախտորոշվում է 18 տարեկանից սկսած՝ մի շարք հատկանիշների հիման վրա, որոնցից 4-ը բավարար է ախտորոշման համար՝

  • երկարատև «աշխատանքային վարքում» մնալու անընդունակություն
  • սոցիալական նորմերի, օրենքների նկատմամբ հարգանքի և պահպանման բացակայություն (ուրիշի սեփականության ոչնչացում, գողություններ, անօրինական բիզնես և այլն)
  • գրգռվածություն և ագրեսիվություն (հաճախակի կռիվներ՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ)
  • ֆինանսական պարտավորությունների անընդհատ չկատարում։
  • սեփական կյանքի պլանավորման բացակայություն (երբեմն միտում ունեն գնալու ինչ-որ տեղ՝ իրենք էլ չիմանալով որտեղ)
  • ստախոսություն և հաճախ իրենց մասին կեղծ տեղեկությունների հաղորդում
  • արհամարհական վերաբերմունք այլ մարդկանց՝ ներառյալ մոտիկների անվտանգության նկատմամբ։

Հակասոցիալական անձնային խանգարմամբ մարդիկ հաճախ ունեն ապօրինի թմրամիջոցների և ալկոհոլի չարաշահման հետ կապված խնդիրներ, տագնապի խանգարումներ կամ դեպրեսիա:

Հակասոցիալական անձնային խանգարմամբ չափահասների մոտ սովորաբար վարքագծային խանգարումներն ի հայտ են գալիս մինչև 15 տարեկան հասակը: Այդ նշաններից են՝

  • մարդկանց և կենդանիների նկատմամբ ագրեսիա
  • սեփականության վնասում
  • ստախոսություն և խաբելու հակում
  • գողություններ
  • կարգուկանոնի լուրջ խախտումներ:

Հակասոցիալական անձնային խանգարման բուժումը

Հակասոցիալական անձնային խանգարման բուժման հիմնական տարբերակը երկարատև հոգեբանական բուժումն է, որի արդյունավետության մասին տվյալները, սակայն, աղքատ են: Այս հիվանդության բուժման համար որևէ հատուկ դեղամիջոց գոյություն չունի, սակայն բժիշկը կարող է նշանակել որոշ դեղեր` ուղղված այս մարդկանց մոտ տագնապի, դեպրեսիայի կամ ագրեսիվության նշանների վերահսկմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2020 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով