Երբ հղի վիճակում քիչ անհանգստացած և լարված եք, սա նորմալ է, սակայն որոշ մարդկանց համար տագնապի զգացումը կարող է դառնալ իրական խնդիր և պահանջել մասնագիտական օգնություն:
Անտենատալ (հղիության ընթացքում) տագնապը տարածված երևույթ է և կարող է ազդել նաև տղամարդկանց վրա: Կան տագնապի հաղթահարման տարբեր միջոցներ, ուստի օգտակար կլինի իմանալ, թե ինչն է ձեզ մոտ առաջացնում այս զգացումը և ինչպես վերահսկել դրա նշանները:
Ի՞նչ է հղիության (անտենատալ) տագնապը
Տագնապն ավելին է, քան ինչ-որ հատուկ իրավիճակի վերաբերյալ անհանգստության զգացումը: Այն զարգանում է, երբ տագնապած և լարված լինելու զգացումները չեն անհետանում, չեն կարող հեշտությամբ կառավարվել և կարող են ի հայտ գալ առանց որևէ լուրջ պատճառի: Ավելցուկային անհանգստությունը և տագնապի լարվածությունը կարող են սկսել լուրջ բացասական ազդեցություն թողնել ձեր կյանքի վրա:
Տագնապն ամբողջ աշխարհում հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է, և ձեզ մոտ այս վիճակի զարգացումն ավելի հավանական է դառնում, երբ դուք հղի եք: Սակայն այն հաճախ աչքաթող է արվում, իսկ որպես ախտանիշների պատճառ «մեղքը գցում են» հորմոնային տեղաշարժերի, կնոջ ծայրաստիճան կազմակերպված լինելու վրա կամ պարզապես դիտարկում են որպես հղի լինելու «կողմնակի ազդեցություն»:
Երբ հղիության (անտենատալ) տագնապը սկսում է խանգարել ձեր առօրյա գործերին, փոխհարաբերություններին և սովորական շփումներին, ապա խոսք է գնում տագնապային խանգարման մասին, որը պահանջում է վաղ բուժում:
Իմացե՛ք ավելին տագնապային խանգարման մասին:
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ունեմ հղիության շրջանի տագնապ
Դուք կարող եք ունենալ անտենատալ (հղիության շրջանի) տագնապ, եթե՝
- ժամանակի մեծ մասը զգում եք անհանգստություն, լարվածություն կամ սահմանային վիճակ
- ունեք վերադարձող կամ կրկնվող մտքեր, որոնք ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս
- ունեք խուճապի նոպաներ
- ունեք մշտապես լարված վիճակում գտնվող մկաններ
- դժվարանում եք հանգսիտ վիճակում մնալ
- ունեք քնելու խնդիրներ:
Այս ախտանիշները կարող են զարգանալ աստիճանաբար կամ ի հայտ գալ հանկարծակի և բուռն: Չբուժվելու դեպքում տագնապի ախտանիշները և հասցրած վնասը կարող է ժամանակի ընթացքում խորանալ:
Ինչո՞վ են միմյանցից տարբերվում հղիության շրջանի տագնապը և դեպրեսիան
Անտենատալ (հղիության շրջանի) տագնապ ունեցող կանանց կեսն ունի նաև անտենատալ դեպրեսիա:
Հղիության դեպրեսիան դրսևորվում է տրամադրության անկումով, հոգեկան թմրածության, անօգնական լինելու և հուսալքվածության զգացումներով, ինքնավստահության կորստով, հուզական կամ դյուրագրգիռ վիճակով, նորմալ քնելու կամ սնվելու անկարողությամբ, ուշադրության շեղումով, նախկինում սիրելի գործերից կամ մարդկանցից հետաքրքրության կորստով:
Գոյություն ունեն ինչպես տագնապի, այնպես էլ դեպրեսիայի բուժման անվտանգ մեթոդներ, այդ թվում՝ հղիության ընթացքում: Շատ դեպքերում տագնապային խանգարումը և դեպրեսիան առաջանում են միասին:
Ինչպե՞ս է բուժվում հղիության շրջանի տագնապային խանգարումը
Տագնապային խանգարումը բուժվում է հոգեբանական բուժման մեթոդներով (փսիխոթերապիա), այդ թվում՝ ռելաքսացիա, կոգնիտիվ վարքաբանական թերապիա կամ գիտակցվածություն: Ձեզ կարող են նաև խորհուրդ տալ փոփոխելու ձեր ապրելակերպը՝ ուղղված սթրեսի կրճատմանը, ավելի շատ զբաղվելու ֆիզիկական վարժանքներով և դարձնելու ձեր սնունդն ավելի առողջ:
Ավելի ծանր դեպքերում ձեր բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ: Նա կբացատրի, թե որ դեղերը կարելի է ընդունել հղիության ընթացքում:
Հիշեք, որ հղիության ընթացքում տագնապը տարածված երևույթ է և այս առումով ամոթ զգալու որևէ առիթ չկա, սակայն, չբուժվելու դեպքում ձեր վիճակը կարող է ծանրանալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024