Արթրոսկոպիան փոքր վիրահատական միջամտություն է, որի նպատակը հոդային խնդիրների ախտորոշումն է և բուժումը։
Ինչո՞ւ է նշանակվում արթրոսկոպիա
Բժիշկը նշանակում է արթրոսկոպիա այն դեպքերում, երբ ցանկանում է զննել ձեր ներհոդային տարածությունը և հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր հոդերի ներսում։ Միջամտության համար օգտագործվում է հատուկ գործիք` արթրոսկոպ: Այն բարակ խողովակ է, որի մի ծայրին միացված է օպտիկական տեսաձայնագրող սարք։ Արթրոսկոպը թույլ է տալիս ռեալ ժամանակի մեջ զննել և տեսաձայնագրել ներհոդային տարածությունը:
Արթրոսկոպիան կարող է նշանակվել որպես հոդային խանգարումների ախտորոշման լրացուցիչ միջոց։ Նման դեպքերում հետազոտվող հոդի շրջակայքում կատարվում է վիրահատական փոքր կտրվածք՝ բացվում է անցք դեպի հոդ, որի միջով էլ արթրոսկոպը զգուշությամբ ներմուծվում է ներհոդային տարածություն:
Ավելի հաճախ արթրոսկոպիան նշանակվում է հետևյալ հոդերի հետազոտության համար՝
- ծնկան հոդ
- արմնկային հոդ
- կոնքազդրային հոդ
- սրունք-թաթային հոդ
- ուսահոդ
- դաստակի հոդեր։
Վերջին տարիներին արթրոսկոպիան հաջողությամբ օգտագործվում է նաև բուժական նպատակով՝ որպես ներհոդային վիրահատության ժամանակակից մեթոդ:
Ինչպե՞ս նախապատրաստվել արթրոսկոպիային
Զրուցեք բժշկի հետ ձեր հիվանդության ախտորոշման և բուժման մեջ արթրոսկոպիայի օգուտների և վտանգների մասին։ Մինչև բուժման նպատակով արթրոսկոպիային ձեր համաձայնությունը տալը, հարցրեք բժշկին, թե արդյոք ձեր պարագայում կարող է մեկ այլ մեթոդ ավելի արդյունավետ լինել, քան արթրոսկոպիան, ինչպիսիք են՝
- քաշի կարգավորում
- ցավազրկում
- հակաբորբոքային դեղեր
- ֆիզիոթերապիա, օրինակ՝ բուժական վարժանքներ:
Մինչև բուն արթրոսկոպիան բժշկը կհետազոտի ձեր հոդը և գուցե նշանակի այլ պատկերային հետազոտություններ, օրինակ՝ ռենտգենոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), ինչպես նաև նաև՝ արյան կամ այլ թեստեր:
Արթրոսկոպիայից առաջ ձեզ կարող են առաջարկել նաև որոշ դեղերի ընդունման դադարեցում կամ նշանակեն նոր դեղեր:
Ինչպե՞ս է ընթանում արթրոսկոպիան
Ախտորոշիչ արթրոսկոպիան համարվում է փոքր վիրահատական միջամտություն, որից հետո կարող եք նույն օրը տուն վերադառնալ: Ձեր ընդհանուր առողջական վիճակից կամ հոդային հիվանդության բնույթից կախված, ձեզ կարող են առաջարկել տեղային կամ ընդհանուր անզգայացում:
Վիրաբույժը (կամ վնասվածքաբանը) ձեր հետազոտվող հոդի շրջանում կկատարի փոքր կտրվածք, կբացի փոքր անցք, որի միջոցով արթրոսկոպը կներմուծի ախտահարված հոդի մեջ:
Եթե բժիշկը ցանկանում է իրականացնել նաև որոշ բուժական միջամտություններ (արթրոսկոպիկ վիրահատություն), կարող է նաև հոդի շրջանում կատարել մեկ կամ մի քանի լրացուցիչ կտրվածքներ։ Արթրոսկոպիկ վիրահատության տեսակներից է, օրինակ, ծնկան հոդի պատռված կապանների վերականգնումը և պլաստիկան:
Արթրոսկոպիկ վիրահատությունները սովորաբար տևում են 30 րոպեից մինչև 2 ժամ, իսկ ախտորոշիչ արթրոսկոպիան՝ ավելի կարճ:
Վիրահատությունից հետո կտրվածքը փակվում է ստերիլ վիրակապով:
Ի՞նչ ակնկալել արթրոսկոպիայից հետո
Դուք կարող եք ունենալ միջամտության ենթարկված հոդի և շրջակա հյուսվածքների որոշակի ցավոտություն և այտուց։ Նման դեպքերում ձեզ կարող են առաջարկել սովորական ցավազրկողներ:
Բժիշկը ձեզ նաև կարող է խորհուրդ տալ՝
- միջամտության ենթարկված հոդի բարձր դիրք՝ հոդի այտուցը մեղմացնելու համար
- սառցեպարկ՝ ցավը և հոդի այտուցը մեղմացնելու համար
- այլ օժանդակող միջոցներ։
Ձեր բժիշկը հավանաբար նաև կզգուշացնի, որ արթրոսկոպիայից հետո մի քանի օր խուսափեք ֆիզիկական գործերից: Զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ:
Անվտա՞նգ է արդյոք արթրոսկոպիան
Ցանկացած տեսակի բշժշկական միջամտություն ունի իր ընդհանուր և առանձնահատուկ ռիսկերը։ Արթրոսկոպիկ միջամտության հնարավոր բարդություններից են՝
- վարակ
- արյան մակարդուկներ (թրոմբ)
- ներհոդային արյունահոսություն
- նյարդի վնասում կամ թմրածության զգացում
- ձգձգվող ցավեր:
Անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե արթրոսկոպիայից հետո ձեզ մոտ առաջացել է՝
- ջերմություն
- սուր ցավեր
- վերքի հարակից մաշկի զգալի կարմրություն և այտուց
- կայուն թմրածություն
- վիրահատական անցքերից տհաճ հոտով հեղուկի կամ թարախի արտահոսք:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024