Առողջական խնդիրներ
Խուսափող (տագնապային) անձնային խանգարում

3 րոպե
Խուսափող անձնային խանգարումը բնութագրվում է մարդկանց՝ իրենց մասին շրջապատողների բացասական գնահատականների նկատմամբ չափազանց զգայունությամբ, թերարժեքության զգացմամբ և ընդհանուր լարվածությամբ, որը բերում է և սոցիալական մեկուսացման մշտական ձգտման:
Խուսափող անձնային խանգարումը հայտնի է նաև որպես տագնապային անձնային խանգարում:
Խուսափող անձնային խանգարմամբ մարդիկ աչքի են ընկնում իրենց ամաչկոտությամբ և երկչոտությամբ: Նրանք կարող են խուսափել նույնիսկ այն մարդկանցից, ում հետ թաքուն ցանկանում են փոխհարաբերվել, քանի դեռ վստահ չեն երկարատև հարաբերությունների հնարավորության մեջ: Այս մարդիկ գերանհանգստություն են ապրում տարբեր սոցիալական իրավիճակներում սեփական անձին ուղղված քննադատության արժանանալու վախով, որը նրանց «լցնում է» ընդհանուր լարվածության անընդհատ զգացումներով և ծանր կանխազգացումներով:
Խուսափող անձնային խանգարման ախտանիշները
Խուսափող անձնային խանգարմամբ մարդիկ հաճախ՝
- զգում են խիստ թերարժեքություն
- անհանգստացած կամ վախեցած են մերժված լինելուց կամ ծաղրի ենթարկվելուց
- հեշտությամբ են վիրավորվում
- խուսափում են այլ մարդկանց հետ շփում պահանջող աշխատանքային իրավիճակներից, քանի որ վախենում են քննադատությունից, մերժված լինելուց կամ հավանության չարժանանալուց
- չեն ցանկանում հարաբերությունների մեջ մտնելու այլ մարդկանց հետ, քանի դեռ համոզված չեն, որ հավանության կարժանան կամ քանի դեռ վստահ չեն երկարատև հարաբերությունների հնարավորության մեջ
- հեռու են մնում ինտիմ հարաբերություններից, քանի որ վախենում են ամոթից կամ ծաղրի արժանանալուց
- անհանգստացած կամ վախեցած են քննադատվելուց կամ սոցիալական իրավիճակներում մերժվելուց
- խուսափում են անծանոթ մարդկանց հանդիպելուց՝ իրենց ոչ համարժեք զգալու կամ իրենց նկատմամբ բացասական վերաբերմունքի և գնահատականի վախից ելնելով
- իրենց տեսնում են որպես սոցիալապես ոչ համարժեք, անգրավիչ և ուրիշների համեմատ ցածր
- տարբեր սոցիալական իրավիճակներում (ելույթներ, խնջույքներ, շփում և այլն) իրենց պահում են գերզսպված, քանի որ վախենում են հիմար երևալուց, ուշադրություն գրավելուց, ենթադրյալ ոչ կոմպետենտությունից կամ ոչ պրոֆեսիոնալիզմից
- չափազանցեցնում են դժվարությունները կամ հավանական ռիսկերը, ուստի ամեն կերպ խուսափում են անձնական պատասխանատվություն վերցնելուց կամ ռիսկերը հաղթահարելուց:
Նման մարդկանց հատուկ է նաև կարծրատիպային կենսաոճը, որն արտահայատվում է անկախ իրավիճակից վարքագծերի անփոփոխությամբ:
Բազմաթիվ մարդիկ ունեն այս բնութագրիչներից որոշները, սակայն կարողանում են նորմալ կառավարել իրենց առօրյան, աշխատանքը և այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները: Հակառակ սրան, անձնային խանգարումներն ընթանում են մտածողության, վարքագծերի և հույզերի ծանր և կայուն խանգարումներով, որը բերում է տվյալ մարդու նույնիսկ առօրյա գործունեության ունակությունների խորը խանգարման։ Անձնային խանգարումներով մարդիկ չեն կարողանում փոխել իրենց վարքագծերը կամ հարմարվել տարբեր իրավիճակներին կամ ստեղծել շփումներ այլ մարդկանց հետ։
Ի՞նչն է խուսափող անձնային խանգարման պատճառը
Այս խանգարման պատճառը լիարժեք բացահայտված չէ: Խուսափող անձնային խանգարմամբ մարդկանց ընտանիքներում ավելի հաճախ է հանդիպում որևէ տեսակի անձնային խանգարում: Որոշակի դեր կարող է խաղալ նաև մանկական հասակում բռնության ենթարկվելը, տրավման կամ անտեսվելը: Սակայն այս խանգարումը կարող է ի հայտ գալ նաև նորմալ և երջանիկ ընտանիքում մեծացած մարդկանց մոտ:
Խուսափող անձնային խանգարման ախտորոշումը
Խուսափող անձնային խանգարումն ախտորոշվում է հոգեբույժի կամ կլինիկական հոգեբանի կողմից: Ախտորոշումը կարող է որոշակի ժամանակ պահանջել՝ մինչև մասնագետները մանրակրկիտ կերպով կծանոթանան տվյալ պացիենտին:
Խուսափող անձնային խանգարման բուժումը
Խուսափող անձնային խանգարման հիմնական բուժումը երկարատև հոգեբանական բուժումն է (հոգեթերապիա), օրինակ՝ հոգեդինամիկ և կոգնիտիվ-վարքաբանական թերապիաները: Հոգեթերապևտը կարող է կիրառել նաև միջանձնային բուժում:
Այս խանգարմամբ որոշ մարդիկ կարող են ունենալ այլ խնդիրներ ևս, օրինակ՝ տագնապ և դեպրեսիա, որոնք իրենց հերթին պահանջում են համապատասխան բուժումներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2020 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: