Առողջական խնդիրներ
Արյունահոսող լնդեր և արյունահոսություն ատամներից

2 րոպե
Ձեր բերանից, լեզվից, շրթունքներից կամ ատամնաբներից արյունահոսությունը կարող է առաջանալ լնդերի հիվանդությունների պատճառով, ատամների բուժման, ատամնաբուժական միջամտություններից կամ ատամները վնասելուց հետո։
Արյունահոսող լնդեր
Եթե ձեր լնդերն արնահոսում են ատամները խոզանակով մաքրելուց հետո, դա կարող է վկայել ձեզ մոտ լնդային հիվանդության առկայության մասին։ Նման դեպքերում դուք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեք ձեր բերանի խոռոչի, մասնավորապես, ատամների ու լնդերի խնամքին։
Լնդային արյունահոսություն նկատելիս այս խորհուրդները կարող են օգտակար լինել։
- Մաքրեք ձեր ատամներն օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ անկողին մտնելուց անմիջապես առաջ։
- Կանոնավոր կերպով օգտագործեք ատամմաքրիչ։ Ձեր ատամնաբուժը խորհուրդ կտա, թե որ տեսակի մաքրիչը կարող է ձեր դեպքում լինել գերադասելի։
- Եթե ձեր լնդերը բորբոքված են, օգտագործեք ավելի փափուկ ատամի խոզանակ։
- Դեղատներում ազատ վաճառվում են բերանի ողողման հակաբակտերիալ հեղուկներ կամ լուծույթներ։ Խորհրդակցեք ձեր ատամնաբույժի հետ այս մասին, քանի որ որոշ դեղեր կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ։
- Եթե դուք կարծում եք, որ ունեք լնդային հիվանդություն (գինգիվիտ), շատ կարևոր է, որ դուք առանց ուշացնելու դիմեք ձեր ատամնաբույժին, քանի որ վաղ սկսված բուժումը կարող է օգնել ձեր ատամների պահպանմանը։
Արյունահոսություն ատամների բուժումից կամ վնասվածքից հետո
Եթե ատամների բուժումից, բերանի խոռոչի կամ ատամների վնասվածքից հետո ձեր ատամները սկսել են արյունահոսել, ապա այս խորհուրդները կարող են օգտակար լինել։
- Ողողեք ձեր բերանը սառը ջրով և փորձեք արյունահոսող շրջանը սեղմել մաքուր և մի քանի շերտ փաթաթած բինտե շերտերով կամ բամբակե խծուծով։
- Պահեք վերոնշյալ բինտե կամ բամբակե խծուծը մոտ 15 րոպե՝ առանց հեռացնելու, որից հետո ստուգեք, թե արդյոք արյունահոսությունը դադարե՞լ է։ Եթե ոչ, ապա փոխեք արյունականգ խծուծը և շարունակեք նորը սեղմած պահել արյունահոսող մակերեսին՝ մինչև ատամնաբույժին այցելելը։
- Սաստիկ ցավերի դեպքում կարող եք ընդունել ձեզ ծանոթ ցավազրկող դեղերից մեկնումեկը։
- Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև սնունդ ընդունելուց։
- Խուսափեք խիստ տաք հեղուկներ ընդունելուց։
- Եթե ծխող եք, ապա խուսափեք ծխախոտ օգտագործելուց, քանի որ վերջինս կարող է ավելի գրգռել ձեր բերանի խոռոչի լորձաթաղանթը՝ սաստկացնելով ցավերը կամ առատացնելով արյունահոսությունը։
Բոլոր դեպքերում, մի հետաձգեք ձեր ատամնաբույժին այցելելը։
Հոդվածը տեղադրվել է՝ 09-03-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: