Կոպի թրթռոցը կամ կոպակծկանքը վիճակ է, երբ ի հայտ է գալիս աչքի կոպի ակամա մկանային կծկանքներ կամ սպազմ։
Բժիշկներն այս երևույթը սահմանում են որպես բլեֆարոսպազմ։ Կոպը սկսում է թրթռալ, երբ վերջինիս մկանները սկսում են անվերահսկելի կերպով կծկվել (սպազմի ենթարկվել)։
Կոպի թրթռոցի դեպքերի մեծ մասն ունի թույլ դրսևորում և սովորաբար ինքնուրույն անհետանում է։
Կոպի թրթռոցի պատճառները
Բազմաթիվ գործոններ կարող են առաջացնել կոպի թրթռոց, այդ թվում՝ սթրես, հոգնածություն, պայծառ լույսի աղբյուր, աչքի կամ կոպի ներքին մակերևույթի գրգռում, ծխախոտի ծուխ, փոշոտ միջավայր, կոֆեինի (օրինակ՝ սուրճի) և ալկոհոլի չարաշահում։ Այսօրինակ թրթռոցները սովորաբար կարճատև են և ինքնուրույն մեղմանում կամ անհետանում են։
Կոպի թրթռոցը կարող է նաև երկարաձգվել ավելի քան մեկ շաբաթ կամ ուժգնանալ (օրինակ՝ աչքերը մի քանի վայրկյան կկոցելիս), որին կարող են նպաստել աչքի գրգռում առաջացնող մի շարք վիճակներ, այդ թվում՝
- չոր աչքեր
- աչքի մակերևույթի (եղջերաթաղանթի) վնասվածքներ
- բարձրացած լուսազգայունություն։
Անհանգստություն պատճառող կոպի թրթռոցի այլ պատճառներից են բլեֆարոսպազմը (աչքը շրջապատող մկանների շարժողական խանգարում) և կիսադիմային (հեմիֆացիալ) սպազմը (դիմային նյարդի գրգռումից պատճառված կծկանք)։
Խիստ հազվադեպ, կոպի լուրջ սպազմը կարող է առաջանալ որպես գլխուղեղի և նյարդերի որոշ հիվանդությունների նշան, օրինակ՝ Տուրետի համախտանիշ, Բելի կաթված կամ ցրված սկլերոզ։
Կոպի թրթռոցի բուժումները
Թեև կոպի թրթռոցի դեպքերի մեծ մասը մեղմ և կարճատև է, օգտակար կարող են լինել հետևյալ պարզ միջոցները՝
- կարգավորեք ձեր քունը՝ բարելավելով ինչպես տևողությունը, այնպես էլ որակը
- հաճախակի ձեր աչքերին հանգիստ տվեք
- խուսափեք վառ լույսերից, ինչպես նաև սմարտֆոնների ու համակարգիչների էկրանից
- օգտագործեք աչքերն օծող (խոնավացնող) կաթիլներ
- կառավարեք ձեր սթրեսը, այդ թվում՝ աշխատանքային լարվածությունը
- խուսափեք կոֆեինի օգտագործումից և մի՛ չարաշահեք ալկոհոլը։
Եթե թրթռացող կոպը դժվարացնում է ձեր աչքերը բաց պահելը, դիմեք ձեր բժշկին։ Կախված պատճառից, հարակնային մկանների մեջ A տեսակի բոտուլինային տոքսինի ներարկումները (օրինակ՝ Բոտոքս) կարող են մեղմացնել նույն մկանների սպազմը։
Ե՞րբ դիմել բժշկին
Թեև կոպի թրթռոցի դեպքերի մեծ մասը որևէ անհանգստություն չի պատճառում, կարևոր է այցելել ձեր բժշկին, եթե՝
- կապի թրթռոցը շարունակվում է ավելի քան 5 շաբաթ
- թրթռացող կոպը փակում է ձեր աչքը
- թրթռումը կամ սպազմը կոպից բացի տարածվում է նաև ձեր դեմքի վրա կամ մարմնի այլ շրջաններում
- դուք ունեք կախ ընկած կոպ
- ձեր աչքերը կարմրած են, այտուցված կամ առկա է արտադրություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 19-03-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024