Աղիների փքվածությունը կամ փորափքանքն այն տհաճ վիճակն է, երբ ձեր որովայնը թվում է փքված և լցված:
Աղիների փքվածության բժշկական անվանումն է մետեորիզմ, իսկ հայերենում համեմատաբար վերջերս հայտնվել է փորափքանք անվանումը:
Աղիների փքվածությունը հաճախ հանդիպող վիճակ է: Այն սովորաբար ի հայտ է գալիս որպես ինչ-որ տեսակի սնունդ ընդունելու հետևանք: Նման դեպքերում որովայնի փքվածությունն ինքնուրույն վերանում է: Սակայն, եթե ձեր աղիների փքվածությունը առաջանում է հաճախակի, ավելի հավանական է, որ այդ վիճակի հիմքում ընկած է մեկ այլ հիվանդություն:
Ի՞նչ է աղիների փքվածությունը
Աղիների փքվածությունն այն խիստ տհաճ և անհարմարավետություն (դիսկոմֆորտ) առաջացնող զգացողությունն է, երբ կարծես ձեր որովայնը շուտով կպայթի: Աղիների փքված վիճակը կարող է ուղեկցվել որովայնային կծկանքային (սպաստիկ) ցավերով, աղիքային գրգռոցով, գղտոցով, փորլուծությամբ, փորկապությամբ և չափից դուրս շատացած աղիքային գազերով կամ դրանց իսպառ բացակայությամբ:
Այս վիճակը զարգանում է, երբ ձեր ստամոքս-աղիքային խողովակն արտափքվում է, օրինակ, երբ ձեր աղիները գերլցվում են հեղուկով, պինդ զանգվածով կամ գազերով: Աղիքները նաև կարող են փքվել, երբ սնունդը շատ դանդաղ է անցնում ձեր աղիներով` մեծացնելով սննդի խմորման և գազերի առաջացման ծավալները: Երբ թուլացած է ստամոքսից բարակ աղիների սննդախյուսի անցումը, կոչվում է գաստրոպարեզ:
Աղիների փքվածության պատճառները
Սովորաբար աղիների փքվածությունը պատճառվում է ձեր սննդակարգի փոփոխությամբ, օրինակ, երբ ուտում եք մեծ քանակով «հարուստ» սննդամթերք: Կա նաև վարկած այն մասին, որ ձեզ համար «անսովոր» սննդամթերքը փոփոխում է ձեր աղիքների բակտերաների կազմը՝ հանգեցնելով դրանց կողմից գազերի ուժեղացած արտադրության և աղիների փքվածության:
Մեծ քանակով աղի սննդամթերքներ և դժվարամարս ածխաջրերի ստանալն իր հերթին կարող է բերել փքվածության զգացման: Այլ օրինակներ են արագ սնվելիս օդ կուլ տալը կամ մեծ ծավալներով գազալցված ըմպելիքներ խմելը:
Կանոնավոր կերպով ի հայտ եկող աղիների փքվածությունը կարող է պատճառվել առողջական այլ խնդիրներից, այդ թվում՝
- փորկապություն
- ցելիակա
- սննդային անտանելիություն կամ անհանդուրժողականություն, սովորաբար՝ պատճառված գլուտեինից, ցորենից կամ կաթից (լակտոզի անհանդուրժողականություն)
- գրգռված աղու համախտանիշ
- կանանց կողմից ընդունվող հորմոններ, այդ թվում՝ մինչև դաշտանը կամ դաշտանադադարի ընթացքում օգտագործվող
- որոշ դեղեր
- քաշի ավելացում
- սթրես:
Աղիների փքվածության բուժումը
Աղիների փքվածությունն ինքնուրույն վերանում է սննդակարգը համապատասխանելուց հետո: Օրինակ, կարելի է կրճատել աղի մթերքների, դժվարամարս ածխաջրատների (շաքարների) և գազալցված ըմպելիքների օգտագործումը: Որոշ մարդկանց կարող է օգնել որոշ սննդամթերքներից հրաժարվելը՝ սոխ կամ սխտոր, ցորեն, տարեկան, լոբազգիներ, կաթնամթերքներ կամ պինդ մրգեր (օրինակ՝ խնձոր):
Եթե աղիների փքվածության պատճառը փորկապությունն է, դուք կարող եք ձեր սննդակարգում ավելացնել բջջանքով (բջջանյութով) հարուստ մթերքները, խմվող հեղուկների ծավալը, ինչպես նաև բարձրացնել ձեր ֆիզիկական ակտիվությունը: Հազվադեպ, որոշ մարդկանց փորկապությունը բուժելու համար կարող են օգտակար դառնալ լուծողականները:
Եթե ձեր աղիների փքվածության պատճառը ցելիական է կամ գրգռված աղու համախտանիշը, ձեզ հավանաբար կօգնի խիստ սննդակարգը։ Օրինակ, վերջին դեպքում կարող եք կրճատել կաթնամթերքը, ցորենը կամ մյուս հատիկավորները, որոշ մրգեր և բանջարեղեններ: Զրուցեք ձեր բժշկի կամ դիետոլոգի հետ, որ ընտրեք ձեր վիճակին համապատասխանող լավագույն սննդակարգ:
Եթե որոշ սննդամթերքների նկատմամբ ունեք անտանելիություն, ճիշտ կլինի բացառման եղանակով գտնել և ձեր հետագա սննդակարգից դուրս թողնել այն սննդատեսակները, որոնց մարսելը ձեզ համար խնդրահարույց է:
Որոշ մարդկանց մոտ աղիքային փքվածությունը կարող է մեղմանալ լակտոբացիլ և բիֆիդոբակտեր պարունակող պրոբիոտիկների օգնությամբ, որոնք կրճատում են աղիքային գազերի առաջացումը:
Աղիների փքվածության կանխարգելումը
Ձեր մարսողական համակարգը լավ գործելու համար պետք է առողջացնել ձեր սննդակարգը։ Օրինակ, դուք կարող եք ընդունել օրական առնվազն 30 գրամ բջջանք, սահմանափակել վերամշակված կամ ճարպոտ մթերքները, շատ ջուր խմել և խստորեն հետևել բժշկի կողմից ձեզ նշանակած բուժմանը:
Մի՛ օգտագործեք չափից շատ սնունդ և փորձեք սնունդն ընդունել առանց շտապելու և առանց ծամելու ընթացքում խոսելու: Սնվեք կանոնավոր և բաց մի՛ թողեք հերթական կերակուրը:
Կանոնավոր վարժանքները նույնպես կարևոր են ձեր աղիների նորմալ գործունեության համար, քանի որ ամրապնդում են ձեր որովայնի մկանները և խթանում ձեր աղիներով սննդի անցումը։ Ֆիզիկական վարժանքները նաև օգնում են մարսողական համակարգի նյարդերի վրա ազդող և աղիներով սննդի անցումը թուլացնող սթրեսի մեղմացմանը և հաղթահարմանը:
Ծխելը խիստ բացասական ազդեցություն է թողնում մարսողության վրա, ուստի շուտափույթ ազատվեք ծխախոտից, եթե ծխող եք, և մի՛ թույլ տվեք, որ ձեզ մոտ ծխեն:
Ե՞րբ դիմել բժշկին
Շատ հազվադեպ, աղիների փքվածությունը կարող է վկայել որևէ լուրջ հիվանդության առկայության մասին: Եթե ձեզ մոտ այս վիճակը վերոնշյալ մեթոդներով չի մեղմանում կամ վերանում, դիմեք ձեր բժշկին: Բժշկին դիմեք նաև այն դեպքերում, երբ ձեզ մոտ կա՝
- փորլուծություն
- մշտական կամ ուժեղ որովայնային ցավ
- արյուն կղանքում
- կղանքի գույնի կամ աղիների գործունեության հաճախականության շեղումներ
- անբացատրելի քաշի կորուստ
- ախորժակի կորուստ կամ արագ հագենալու (լցվելու) զգացողություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024