Առողջական խնդիրներ
Արյան մակարդուկներ (թրոմբ)

4 րոպե
Բազմաթիվ մարդկանց երակներում առաջանում են արյան մակարդուկներ (թրոմբ), որոնք մեծ մասը նրանց կարող է երկար ժամանակ որևէ անհանգստություն չպատճառել:
Սակայն կա որոշակի ռիսկ, որ «անվնաս» մակարդուկները կարող են արյան հոսքի հետ տեղափոխվել մեկ այլ շրջան և վնաս պատճառել ձեր սրտին, թոքերին կամ գլխուղեղին: Նման վիճակը կարող է դառնալ կյանքին սպառնացող, ուստի կարևոր է, որ դուք իմանաք, թե ինչպես կարելի է հասկանալ արյան մակարդուկի առկայության մասին:
Ի՞նչ են արյան մակարդուկները
Սրյսն մակարդուկները կամ թրոմբները արյունատար անոթի լուսանցքում պնդացած՝ մակարդված արյունն է: Սա կարող է առաջանել՝
- երբ արյունը սկսել է մակարդվել ավելի հեշտությամբ (օրինակ, երբ դուք ունեք որևէ հիվանդություն, որը բարձրացնում է արյան մակարդելիությունը)
- երբ արյունատար անոթի, օրինակ՝ երակի պատը ենթարկվել է որոշակի փոփոխությունների (օրինակ, երբ դուք երկար ժամանակ նստած դիրքում եք)
- երբ փոփոխվել է արյունատար անոթով արյան հոսքը:
Արյան մակարդուկները կարող են ձևավորվել ձեր մարմնի ցանկացած շրջանի երակներում, այդ թվում՝ մաշկի տակ ընկած փոքր երակներ կամ ավելի խորն ընկած խոշոր երակներ: Արյան մակարդուկը բժիշկներն անվանում են «երակային թրոմբոէմբոլիա»:
Ձեր արյունը բնականում մակարդվում է՝ թույլ չտալով, որ դուք արնահոսեք, եթե ստացել եք որևէ վնասվածք: Սակայն արյան մակարդումը դառնում է խնդիր, երբ խոչընդոտում է արյան նորմալ հոսքը:
Չբուժվելու դեպքում մակարդուկները կարող են բերել ծանր, այդ թվում՝ մահվան ելքով հետևանքների: Դրանք կարող են առաջացնել ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ կամ թոքային էմբոլիա (թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ԹԶԹԷ): Եթե կարծում եք, որ կարող եք ունենալ արյան մակարդուկ, ապա առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին:
Ովքե՞ր են արյան մակարդուկների առումով ավելի ռիսկային
Սովորաբար արյան մակարդուկն առաջանում է տարբեր գործոնների համատեղ ազդեցությամբ: Ձեզ մոտ մակարդուկի առաջացումը կարող է դառնալ ավելի հավանական, եթե՝
- դուք երկար ժամանակ չեք քայլել կամ տեղաշարժվել (օրինակ՝ երկարատև ինքնաթիռային ուղևորություն)
- դուք որոշ ժամանակ անցկացնում եք անշարժ վիճակում, քանի որ ենթարկվել եք մեծ վիրահատության
- դուք տևական անշարժ վիճակում եք (օրինակ՝ ոտքի կոտրվածք կամ այլ ծանր տրավմա)
- դուք նախկինում ունեցել եք արյան մակարդուկ
- դուք ունեք որևէ արյան հիվանդություն կամ առողջական այլ խնդիր, որն արյան մակարդումը դարձնում է ավելի հավանական
- դուք ունեք քաղցկեղ
- դուք ունեք մարմնի ավելցուկային կշիռ
- դուք հղի եք
- ձեր տարիքը 65-ից բարձր է
- ձեր ընտանիքը «հակված է» արյան մակարդուկների առաջացմանը
- դուք ծխող եք
- դուք ընդունում եք որոշակի տեսակի ծննդաբերությունը վերահսկող հաբեր:
Արյան մակարդուկների տեսակները և դրանց ախտանիշները
Խորանիստ երակի թրոմբոզ (ԽԵԹ). ԽԵԹ-ը զարգանում է, երբ արյան մակարդուկն առաջանում է ձեր մարմնի խորանիստ երակներում: Ավելի հաճախ այդպիսի մակարդուկներն առաջանում են ստորին վերջույթների խորն ընկած երակներում, սակայն կարող են ի հայտ գալ նաև այլ շրջաններում: ԽԵԹ-ի ամենատարածված ախտանիշն ախտահարված շրջանի ցավն է և այտուցվածությունը, որը սովորաբար տեղակայվում է ազդրի կամ սրունքի հետին մակերեսին: Սակայն, որոշ դեպքերում կարող է և որևէ գանգատ չլինել:
Մակարդուկ գլխուղեղում. գլխուղեղի անոթներում արյան մակարդուկի առկայությունը բերում է իշեմիկ ինսուլտի: Ինսուլտի նշաններից են դեմքի մի կեսի, ձեռքի կամ ոտքի թուլությունը կամ կախ ընկնելը, խոսքի աղավաղումը և անհասկանալի դառնալը, զրուցակցին հասկանալու դժվարացումը, գլխապտույտը, տեսողության խանգարումները, ուժեղ գլխացավը, կլման դժվարացումը և այլն: Նման դեպքերում պետք է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն:
Մակարդուկ սրտում. սրտամկանի անոթներում (պսակաձև զարկերակներ) արյան մակարդուկը բերում է սրտամկանի ինֆարկտի զարգացման, որի նշաններից են կրծքավանդակի շրջանի սեղմող կամ ճնշող ցավերը, օդի պակասի զգացումը և հևոցը, ընդհանուր թուլությունը և «աչքերի դեմը սևանալը», սրտխառնոցը, սառը քրտնարտադրությունը, տագնապի զգացումը և այլն: Նման դեպքերում ևս պետք է առանց ուշացնելու զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն:
Մակարդուկ թոքերում. եթե արյան մակարդուկը արյան հունով հասնում է ձեր թոքեր, ապա զարգանում է թոքային էմբոլիա (ԹԶԹԷ). ԹԶԹԷ ախտանիշներից են շնչահեղձությունը, կրծքավանդակի ուժեղ ցավերը, արյան հետքերով հազը, քրտարտադրությունը, հաճախասրտությունը և այլն: Թոքերի մեծ անոթների էմբոլիան կարող է ավարտվել մահով, ուստի, ինչպես նախորդ դեպքերում, այս վիճակը կասկածելիս անհրաժեշտ է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն:
Մակարդուկ վերջույթներում. ոտքերի կամ ձեռքերի մակերեսային երակներում արյան մակարդուկները կարող են առաջացնել ախտահարված շրջանի այտուցվածություն, կարմրություն և տեղային տաքության զգացողություն: Ավելի հաճախ մակարդուկն առաջանում և գանգատները զարգանում են միայն մեկ ձեռքի կամ ոտքի սահմաններում:
Մակարդուկ միջընդերքի անոթներում. այս վիճակը բերում է որովայնային ուժեղ ցավերի, շոկի և աղիքային անանցանելիության:
Արյան մակարդուկների ախտորոշումը
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ օրգանիզմի որևէ շրջանում առաջացել է արյան մակարդուկ, ապա խիստ կարևոր է, որ անհապաղ դիմեք ձեր բժշկին: Բժիշկը ձեզ հետ զրուցելուց և ձեզ զննելուց հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ, օրինակ՝ սոնոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա (CT), որպեսզի հայտնաբերի ենթադրյալ մակարդուկը և պարզի վերջինիս հստակ տեղակայումը: Բժիշկը կարող է նաև առաջարկել արյան մակարդելիությունը գնահատող մի շարք լաբորատոր հետազոտություններ:
Արյան մակարդուկների բուժումը
Արյան մակարդուկների բուժման հիմնական մոտեցումը դեղերի միջոցով ձեր արյունն ավելի «ջրիկ» դարձնելն է: Նման դեպքերում նշանակում են հակամակարդիչներ, օրինակ՝ Վարֆարին, որը թույլ չի տալիս, որ ձևավորված մակարդուկը մեծանա կամ առաջանան նոր մակարդուկներ: Որպես կանոն, հակամակարդիչները պետք է ընդունել մի քանի ամիս, և այս ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար այցելել բժշկին:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է նշանակել մակարդուկը տրոհող կամ «լուծող»՝ թրոմբոլիտի դեղեր:
ԽԵԹ-ի ժամանակ ձեզ կարող են առաջարկել սեղմող զուգագուլպայի կրում, որը կարող է օգնել առկա գանգատների մեղմացմանը և ստորին վերջույթի արյունահոսքի բարելավմանը:
Եթե ձեզ մոտ ախտորոշել են սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ կամ թոքային էմբոլիա, ապա բուժումը կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում, ընդ որում, առաջին մի քանի օրը՝ անհետաձգելի բուժօգնության կամ վերակենդանացման բաժանմունքում:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-04-2020 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: